Որևէ բանակցությունից առաջ Ուկրաինայում պետք է հրադադար լինի, Ռուսաստանն էլ զիջումների գնա. Կալլաս

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը  ժամանում է ԵՄ կենտրոնակայան, 16-ը հոկտեմբերի, 2026թ. Բրյուսել, Բելգիա
ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը ժամանում է ԵՄ կենտրոնակայան, 16-ը հոկտեմբերի, 2026թ. Բրյուսել, Բելգիա

Ուկրաինայում խաղաղության շուրջ որևէ լուրջ բանակցություններ սկսելուց առաջ նախ պետք է հրադադար հաստատվի, իսկ Ռուսաստանն էլ զիջումների գնա, հայտարարել է Եվրոպական Միության արտգործնախարար Կայա Կալլասը՝ Բրյուսելում այսօր ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ, որի օրակարգում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերն են:

«Մեզ անհրաժեշտ է տեսնել հրադադար, որպեսզի իսկապես բանակցություններ սկսենք ցանկացած այլ հարցի շուրջ։ Մենք դա հիմա չենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն իսկապես սրում է իրավիճակը՝ հարձակվելով ենթակառուցվածքների վրա՝ երկաթուղիներ, կամուրջներ, էներգետիկ ենթակառուցվածքներ, որպեսզի հնարավորինս շատ տառապանք պատճառի քաղաքացիական բնակչությանը և ստիպի ուկրաինացիներին հանձնվել, նախքան այս դաժան ձմռան սկսվելը»,- ասել է նա։

Կենտրոնանալ բովանդակության վրա

Կալլասն ընդգծել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա խաղաղության ցանկացած հնարավոր համաձայնագրի բովանդակության վրա և արձագանքի Ռուսաստանի «առավելապաշտական պահանջներին»։ Նրա խոսքով՝ 2021 թվականին Ռուսաստանը պատերազմի հստակ պատրվակ ուներ, երբ ներկայացնում էր իրենց պահանջների ցանկը։

«Հիմա նրանք ներկայացնում են նույն պահանջները և դրանք լրացնում նորերով, ուստի սա նաև պատերազմը շարունակելու հստակ պատրվակ է։ Այսպիսով, մենք կքննարկենք հարցի էությունը արտաքին գործերի նախարարների հետ։ Օրինակ, մենք առաջարկեցինք պահանջների առավելագույն փաթեթը՝ արդյունավետորեն արձագանքելու այն պահանջների առավելագույն փաթեթին, որոնք Ռուսաստանը շարունակում է առաջ քաշել»,- նշել է նա։

Եվրոպացի պաշտոնյան նաև ասել է, որ պետք է շատ հստակ լինել, որ թե Ռուսաստանն է ագրեսորը, քանզի Ռուսաստանն է սկսել պատերազմը, իսկ Ուկրաինան այստեղ զոհն է: «Մենք պետք է նրանցից [Ռուսաստանից – խմբ.] զիջումներ կորզենք, որպեսզի կարողանանք արդար և երկարատև խաղաղություն ունենալ Ուկրաինայում, ինչպես նաև Եվրոպայում»,- հավելել է նա։

Անցած շաբաթ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ուկրաինան եռակողմն բանակցություններ վարեցին Աբու Դաբիում: Թեև Եվրոպայի ներկայացուցիչները մեկնել էին Աբու Դաբի, սակայն բանակցություններին ուղիղ չեն մասնակցել: Այս բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեք Քուշները առանձին հանդիպեցին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հետ, ինչից հետո հայտարարեցին, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են, որ Եվրոպան ևս մասնակցի բանակցային գործընթացին:

Անցյալ շաբաթ Իռլանդիայում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները համաձայնել էին, որ Ուկրաինայի շուրջ ցանկացած խաղաղ բանակցություններին մասնակցող եվրոպական պատվիրակությունը կներառի հինգ խոշորագույն տերությունների՝ ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչներ։

Պատժամիջոցները համաձայնեցրել են

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն ասել է, որ ԵՄ արտգործնախարարները համաձայնել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ կապված 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

«Պատժամիջոցները տարածվում են նաև Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա։ Սահմանափակումների ցանկում ընդգրկվել է նաև ռուսական Wildberries առցանց առևտրային հարթակի գլխավոր տնօրեն Տատյանա Կիմը», - ասել է նա։

Իռլանդիայի արտգործնախարար Հելեն ՄաքԷնթին արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել էր, Ռուսաստանն ակնհայտորեն չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է հարձակումները քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմյոր Ստեներգարդն էլ ասել է, թե ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղությամբ։ Նրա խոսքով՝ լավ է, որ Եվրոպան վերջապես համաձայնության է եկել բանակցությունների շուրջ։ «Բայց գուցե հիմա մենք կարող ենք կենտրոնանալ իսկապես կարևորի վրա՝ Ուկրաինային աջակցությունն ամրապնդելու և Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու վրա»,- ասել է նա։

Starlink-ը կրկին խափանումներով է աշխատում

Մինչ ԵՄ արտգործնախարարները Բրյուսելում քննարկում են Ուկրաինայի հարցը, Ուկրաինայի նախագահը երեկ հայտարարել է, որ ամերիկյան Starlink ընկերության արբանյակային ինտերնետ ծառայությունը դեռ չափազանց դանդաղ է գործում և ազդում է ռուսական հարձակումները կանխելու Ուկրաինայի կարողության վրա:

«Մենք հույս ունենք, որ այս սահմանափակումները կվերացվեն։ Ձմռանից առաջ Ուկրաինայում մարդկային կյանքերի և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունն ուղղակիորեն կախված է դրանից», - նշել է Վլադիմիր Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ խնդրել է ուկրաինացի համապատասխան պաշտոնյաներին «հնարավորինս սերտորեն համագործակցել» ԱՄՆ կառավարության և Մասկի ընկերության հետ՝ խնդիրն արագ շտկելու համար: «Կարևոր է պատմության ճիշտ կողմում լինել», - ասել է նա։

Փոխադարձ հարվածները շարունակվում են

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Վիննիցայի շրջաններին: Հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ուկրաինան իր հերթին հարվածել է Ղրիմի կամրջին, նաև արդյունաբերական օբյեկտների Ազովում, այդ թվում՝ նավթագործարանի, որտեղ հրդեհ է բռնկվել:


​
XS
SM
MD
LG