Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Starlink-ի սահմանափակումները և լինել «պատմության ճիշտ կողմում»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձ է հղում, 11-ը հոկտեմբերի,  2026թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձ է հղում, 11-ը հոկտեմբերի, 2026թ.

Ամերիկյան Starlink ընկերության արբանյակային ինտերնետ ծառայությունը դեռ չափազանց դանդաղ է գործում և ազդում է ռուսական հարձակումները կանխելու Ուկրաինայի կարողության վրա, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք հույս ունենք, որ այս սահմանափակումները կվերացվեն։ Ձմռանից առաջ Ուկրաինայում մարդկային կյանքերի և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունն ուղղակիորեն կախված է դրանից», - նշել է նա։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Starlink արբանյակային կապի ռազմական տարբերակի՝ Starshield-ի արագությանը, որի հետ նախկինում ևս խնդիր էր եղել: Այս ծառայությունը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Starlink ընկերությանը: Ծառայությունն Ուկրաինային մատուցում է ԱՄՆ կառավարությունը:

Զելենսկին հայտնել է, որ խնդրել է ուկրաինացի համապատասխան պաշտոնյաներին «հնարավորինս սերտորեն համագործակցել» ԱՄՆ կառավարության և Մասկի ընկերության հետ՝ խնդիրն արագ շտկելու համար: «Կարևոր է պատմության ճիշտ կողմում լինել», - ասել է նա։

Ուկրաինան Starlink-ի սովորական ծառայությունն օգտագործում է մարտադաշտում կապի համար, մինչդեռ Starshield-ն օգտագործվում է Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր որսալու համար։

Արագության սահմանափակումների խնդիրն առաջին անգամ բարձրացվել է հոկտեմբերին։ Այդ ժամանակ Իլոն Մասկն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասական հայտարարություններ արեցին։

Մասկը նշել էր, որ ԱՄՆ կառավարությունն է պատասխանատու, քանի որ Starshield-ը վերահսկվում է նրանց կողմից, սակայն Թրամփը հերքել էր իր մասնակցությունը կապի արագության սահմանափակմանը՝ նշելով, թե ինքը Մասկին կարգադրել է վերականգնել այն: Դրանից մեկ շաբաթ անց կապը վերականգնվեց:

Կապի խնդիրները համընկան Զելենսկիի և Թրամփի միջև լարված դիվանագիտական առճակատման հետ՝ կապված Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարվածների հետ։

Թրամփը նշել էր, որ ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական զինուժի հարվածների հետևանքով բարձրացել են նավթամթերքի և դիզելի համաշխարհային գները։ Ուկրաինան թիրախավորում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները, որպեսզի ռուսական ռազմական մեքենային զրկի իր եկամտի հիմնական աղբյուրից:

Զելենսկին երեկ հայտարարել է, որ Ուկրաինան դժվարանում է որսալ իր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորող ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը, քանի որ «առաջնագծի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված տարածքներում Starshield տերմինալների շահագործման արագության սահմանափակումները դեռ գործում են»։

«Մեր որսացող անօդաչու թռչող սարքերը կորցնում են կապն իրենց օպերատորների հետ 160 կմ/ժ արագությամբ շարժվելիս և պարզապես չեն կարողանում հասնել ռուսական ռեակտիվ «Շահեդներին»», - գրել է նա:

Ուրբաթ էլ Զելենսկին հայտարարել էր, որ երկուշաբթի օրվանից ցանցում մտցվել է մոտ 160 կմ/ժ արագության սահմանափակում, բայց միայն Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում և ոչ թե ամբողջ Ուկրաինայում։

​
XS
SM
MD
LG