Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին, Ազովի նավթագործարանում հրդեհ է

Ղրիմի կամուրջը
Ղրիմի կամուրջը

Ուկրաինական զինուժը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ղրիմի կամրջին: Լուրը հաստատել է նաև Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

Նրա փոխանցմամբ՝ երթևեկությունը սահմանափակված կլինի մինչև կեսօր, և Կերչում տեղակայվել է աշխատանքային խումբ:

Հարձակման մասին մինչ այդ հաղորդել էին նաև տելեգրամյան ալիքները՝ հղում անելով տեղի բնակիչներին:

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են նաև Ռոստովի մարզի վրա: Հարձակման հետևանքով Ազովում վիրավորվել է երեք մարդ, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։

Նրա խոսքով՝ Ազովի չորս արդյունաբերական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։ Միլլերովսկի շրջանում՝ Ռոգալիկ գյուղում, անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է երեք մասնավոր տուն, գազատարը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։

Սլյուսարը չի նշել, թե արտադրական որ օբյեկտներում է հրդեհը բռնկվել, հաղորդում է Current Time-ը: Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է Ազովի նավթավերամշակման գործարանում:

Astra-ն էլ նշում է, որ հրդեհը տեղի է ունեցել Ազովի շրջանում, որտեղ նավթավերամշակման երկու գործարան կա: Դրանք գտնվում են միմյանց համեմատաբար մոտ, ինչը անհնար է դարձնում որոշել, թե որ մեկում է հրդեհ բռնկվել:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվային մոտեցող 191 անօդաչու թռչող սարք են խոցել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Տվերի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Ռյազանի, Օրյոլի, Վորոնեժի, Վլադիմիրի, Սմոլենսկի, Նիժնի Նովգորոդի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, Մոսկվայի մարզի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրայով ուկրաինական 1336 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

​
XS
SM
MD
LG