Մատչելիության հղումներ

«Ոչ թե ճգնաժամ է, այլ հնարավորություն». Փաշինյանն անդրադարձավ ռուսական շուկայի սահմանափակումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր Կառավարության նիստում անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման սահմանափակումներին, պնդեց, թե ստեղծված իրավիճակն իրականում հայ արտադրողների համար նոր հնարավորություն է բացում, ինչը կօգնի զարգանալ ու բարձրացնել հայկական արտադրանքի որակը:

«ԵԱՏՄ-ի և ռուսական շուկայի հետ կապված վիճակը շատերը ճգնաժամ են համարում, ես համարում եմ հնարավորություն: Սա ճգնաժամ չի, սա հնարավորություն է, պատուհան է, որը ինքներս ենք բացել մեր առաջ: Բռնակները յուղել ենք և հանգիստ բացել ենք դուռը, պատուհանը և օդափոխությունը պետք է հանգիստ կազմակերպենք նորմալ», - հայտարարեց վարչապետը:

«Ավարտվել է էն դարաշրջանը, երբ որ մենք չունենք այլընտրանք: Մենք ամեն տեղ և անընդհատ պետք է ունենանք այլընտրանք: Եվ ինչքան շատ, էնքան լավ: Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի որոշում կայացնելու», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների լայնածավալ փուլը սկսեց այս տարվա ապրիլի վերջից՝ հետագայում ընդլայնելով այն մայիս-հունիս ամիսներին։ Սահմանափակումներ կամ արգելքներ կիրառվեցին հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական ապրանքների՝ մրգերի, բանջարեղենի և հատապտուղների, օրերս էլ՝ կաթնամթերքի ներմուծման նկատմամբ:

XS
SM
MD
LG