Մատչելիության հղումներ

Իշխանությունը հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակը փակուղային չի համարում, ընդդիմությունում այլ կարծիքի են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 1-ը ապրիլի, 2026թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 1-ը ապրիլի, 2026թ.

Չնայած Փաշինյան-Պուտին երեկվա հեռախոսազրույցից հետո կողմերը չհաղորդեցին որևէ արդյունքի մասին, ավելին՝ Մոսկվան պնդեց, որ Երևանը պետք է հանրաքվե անցկացնի որոշելու՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ուղով է գնում, կառավարող կուսակցության ղեկավար մարմնի անդամ, նախարար Դավիթ Խուդաթյանը իրավիճակը փակուղային չի համարում:

«Սրանք հարցեր են, որոնք կքննարկվեն, և լիահույս եմ, որ էդ հարցերը կլուծվեն», - ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Ընտրություններից հետո առաջին հեռախոսազրույցում, որ հայկական կողմի նախաձեռնությամբ էր, վարչապետը ռուս գործընկերոջն ասել էր, թե հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական միության կարգավորումներին՝ Պուտինին խնդրելով միջոցներ ձեռնարկել խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մինչդեռ Մոսկվան միայն հաղորդեց, որ Ռուսաստանի ղեկավարը վերահաստատել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե ժողովրդական քվեարկությանը բանը կհասնի, միայն երբ Երևանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնի:

«Վարչապետի պատասխանը ամբողջական էր, սպառիչ և այլ հարցեր չի առաջացնում: Հիմա էլ վստահ եմ, որ հարցերի զգալի մասը առաջիկայում կլուծվեն, կկարգավորվեն, որովհետև եթե նախընտրական շրջանը հաշվի առնենք, պիտի ասենք, որ որոշ գործընկերներ՝ հիմնականում ընդդիմադիր դաշտից, շատ ավելի վատատեսական սցենարների մասին էին գուժում՝ ներառյալ Հայաստանի տնտեսության փլուզում, ներառյալ Ռուսաստանի հետ հնարավոր բոլոր հարաբերությունների խզում, բայց էսօր տեսնում ենք, որ այլ իրավիճակ է», - հայտարարեց Խուդաթյանը՝ հավելելով. - «Իհարկե կան աշխատանքային հարցեր, որոնք քննարկման առիթ պիտի լինեն էս հարցերը»:

Ընդդիմադիրներն էլ, իրենց հերթին, հիշեցնում են վարչապետի խոսքերը քարոզչության օրերին, թե ընտրություններից հետո լուծելու է այս հարցը;

«Հերոսաբար հայտարարում էր, որ իր առաջ անլուծելի խնդիր չկա, ինքը ԵԱՏՄ թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական խորհրդի անդամ է, հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ, բոլոր հարցերը կարգավորելու է, բայց մենք տեսնում ենք, որ որևէ առաջխաղացում չկա, ավելին ասեմ՝ այդ զանգի օրը Ռուսաստանը արգելեց նաև Հայաստանից կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան», - նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Մեկուկես տարի առաջ խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, ինչից հետո իշխանությունները գործնական քայլեր չեն արել՝ հայտարարելով, թե Երևանն այնքան մոտ կլինի Բրյուսելին, որքան այնտեղ կցանկանան: Ռուսաստանը դիրքորոշումը կտրուկ կոշտացրեց միայն այս տարի՝ հենց քարոզարշավի օրերին նախ տնտեսական սահմանափակումներ մտցնելով հայկական արտադրանքի համար, ապա նաև պահանջելով հանրաքվե անցկացնել: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության պատգամավորը ռուսների գործողությունների տրամաբանությունը տեսնում է:

«Մեկը գալիս է տուն, կնոջն ասում է՝ «գիտե՞ս, ես ուզում եմ գնալ հարևանուհու մոտ, բայց քանի հարևանուհին ինձ չի ասել «այո», կլինի՞ դու ինձ կերակրես և թողես, որ ես քո հետ ապրեմ»: Ժողովրդական խոսք կա, ասում է՝ «ծովը չտեսած՝ ինչի՞ ես բոբիկանում»: Առանց նախնական աշխատանքների, առանց տնտեսական, քաղաքական նախապատրաստական աշխատանքների, քաջնազարական հայտարարությունները բերեցին հանգեցրեցին այս իրավիճակին», - ասաց Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետարանում իշխանության կոալիցիոն գործընկեր, արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ այցը Եկատերինբուրգ և հանդիպումը փոխվարչապետ Միշուստինի հետ, ինչպես նաև երեկվա հեռախոսազանգը, արդյունք չեն տալիս: Ըստ Սարգսյանի՝ ժամանակն է, որ Երևանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու հակաօդային պաշտպանության միասնական համակարգից, փոխարենը՝ վերսկսի Եվրամիության հետ Ազատ առևտրի և Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները, որոնք Սերժ Սարգսյանի օրոք ընդհատվեցին, երբ Երևանը Եվրասիականին անդամակցելու դիմում ներկայացրեց:

Արամ Սարգսյանը, սակայն, մեկ ամիս առաջ շատ ավելի լավատես էր. - «Հունիսի 8-ին ամեն ինչ ընկնելու է իր տեղը, ամեն ինչ, պետությունը շարունակելու է իր նույն հունով գնալ, այ էդ արգելքները ու արգելանքները ամբողջությամբ հանվելու են, ռուսական իշխանությունները շնորհավորելու են հաղթած Հայաստանի Հանրապետության վարչապետին, նորից խոսելու են հայ-ռուսական ժողովուրդների բարեկամության մասով, պարզելու են, որ «Ռոսգոսսելխոզնադզոր»-ը այ էն մյուս բաներում արդեն մաքրված է գտել հայկական ապրանքները: Ես սրանում կասկած չունեմ»:

Մինչև օրս Ռուսաստանի նախագահը չի շնորհավորել վարչապետ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ: Քարոզարշավի նախօրյակին Կրեմլում ընդունելով Հայաստանի ղեկավարին՝ Պուտինը բարձրաձայնել էր ռուսամետ ուժերի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին, հետագայում նաև համեմատություններ էր անցկացրել Ուկրաինայի և Հայաստանի միջև, թե այդ ճգնաժամն էլ սկսվեց Կիևի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունից: Հայաստանցի շատ փորձագետներ սա որակում էին նախընտրական շանտաժ պրոռուսական ուժերի օգտին:

Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո Պուտինն այսօր նաև Իլհամ Ալիևի հետ է կապ հաստատել, ըստ Մոսկվայի՝ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ թեմաներ: Հատուկ հայտարարությամբ այսօր Երևանին տնտեսական ճգնաժամի նախազգուշացումներ է ուղղել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը՝ սպառնալով, որ Եվրասիական միությունը չի փրկի երևանյան «սուզվող» նավը Եվրամիության ճանապարհին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG