Մատչելիության հղումներ

«Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել». Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին

Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած եռօրյա այցից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։ Նախարարի փոխանցմամբ՝ երկուստեք շահավետ այս գործարքն ընդլայնելու շուրջ հայկական և իրանական կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել, մնացած հարցերի լուծումն արդեն առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբերի տիրույթում է։

«Երկուստեք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- «Ազատությանն» ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Անցած շաբաթվա վերջին Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից հետո Իրանի նավթի նախարարը տեղեկացրեց, որ Թեհրանը Երևանին առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը։ Դավիթ Խուդաթյանը, մինչդեռ, այսօր չցանկացավ նշել՝ Թեհրանը, թե՞ Երևանն է առաջարկել մեծացնել իրանական գազի արտահանման ծավալները, միայն ընդգծեց, թե հետաքրքրությունը երկուստեք է.

«Ե՛վ մեր առկա խողովակաշարի հնարավորությունը, և՛ նաև 400 կիլովատ հզորությամբ գծի կառուցման հնարավորությունը մեզ թույլ է տալիս առնվազն գործարքի ծավալները կրկնապատկել դեռևս ավելի մեծ ծավալով, քան կրկնապատկումն է, բայց մինիմում կրկնապատկել հնարավոր է։ Այսինքն՝ կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետություն երկու անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը երկու անգամ ավելի շատ գազ ստանալ, չնայած գազատարի թողունակությունն այս պահին ավելի շատ է, քան կրկնակին է»,- շեշտում է նախարարը։

Գրեթե 20 տարի առաջ կառուցված Իրան-Հայաստան գազատարը տարեկան ավելի քան երկու միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու կարողություն ունի, սակայն այն տարիներ շարունակ օգտագործում է իր կարողության չնչին տոկոսը։ Անցած տարի Իրանից Հայաստան է արտահանվել ընդամենը 480 խորանարդ մետր գազ։ Հայաստանը տարիներ շարունակ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում Իրանից ստացած գազը վերածում է էլեկտրաէներգիայի և փոխանցում Թեհրանին, այսինքն՝ հայաստանցի սպառողներին այդ գազը չի հասնում։ Ինչպես նախարարն է նշում՝ փոխշահավետ այս գործարքի ծավալները մեծացնելու, ավելի շատ գազ ստանալու ու ավելի մեծ քանակությամբ հոսանք Իրան արտահանելու համար, սակայն անհրաժեշտ է, որ վերջապես ավարտին հասցվի Իրան-Հայաստան բարձրավոլտ կայանի կառուցումը, որը գրեթե 10 տարի է չի ավարտվում։ Նախարարն այսօր հույս հայտնեց, որ երկարատև ձգձգումներից հետո մինչև տարվա վերջ աշխատանքներն ավարտին կհասցվեն։

«Նոր՝ 400 կիլովատ հզորությամբ գծի կառուցման արդյունքում, որը մենք պլանավորում ենք արդեն այս տարվա վերջին ավարտել, առնվազն այդպիսի հավաստիացումներ ունենք և՛ կապալառու ընկերության կողմից, և՛ Իրանի մեր պաշտոնյա գործընկերների կողմից, որ իրենք հետևողականորեն կլինեն այս գիծը ժամանակին, այսինքն՝ տարեվերջին ավարտելու ուղղությամբ, որովհետև ժամանակային գրաֆիկից նախորդ տարիներին բավական շեղումներ արդեն ունեցել ենք։ Ինչի արդյունքում, այո, քննարկել ենք այն հնարավորությունը, որ Հայաստանը ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանի Իրանի Իսլամական Հանրապետություն, փոխարենը ավելի մեծ ծավալով գազ ստանա նաև Հայաստանի Հանրապետությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Թեհրանի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու և գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մասին Իրանից հնչող հայտարարությունները հաջորդեցին Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի թանկացման մասին զգուշացումներին։ Անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն էր զգուշացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մոսկվան գազը Երևանին վաճառում է1000 խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն արժե շուրջ 600 դոլար։ Արդյոք Հայաստանը Իրանից ավելի մեծ քանակով գազ ներկրելու ծրագրեր է մշակում նաև Ռուսաստանի հնարավոր գազային պատժամիջոցները մեղմելու համար։ Մոսկվան օր օրի մեծացնում է Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Տարածքային կառավարման նախարարը, որ նաև իշխող ՔՊ վարչության անդամ է, վստահեցնում է, թե որևէ փոխկապակցվածություն չկա.

«Սա այլ երկրի, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապ չունեցող որոշում է տնտեսական, շահավետ գործունեություն է, որը երկուստեք հետաքրքրություն ունենք ընդլայնելու»։

Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը գտնվում է ռուսական «Գազպրոմի» վերահսկողության ներքո։ Դեռևս 2015-ին այն վաճառվել էր ռուսական ընկերությանը։ Փորձագետները նշում են, որ առանց ռուսական կողմի համաձայնության իրանական գազի արտահանման ծավալների մեծացում հնարավոր չէ։ Նախարար Խուդաթյանը, սակայն, «Ազատությանն» ասաց, թե հայկական կողմը գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում սահմանափակումներ չունի և որևէ խնդիր չի կարող առաջանալ։

Նախարարի խոսքով.- «Որովհետև այդ ենթակառուցվածքը մենք հիմա էլ օգտագործում ենք, այդ ենթակառուցվածքով տարին 12 ամիս անխափան, նույնիսկ առանց սեզոնային բաները հաշվի առնելու, մենք տարին 12 ամիս և այսպես տարիներ շարունակ գազ ենք ներմուծել Հայաստանի Հանրապետություն և էլեկտրաէներգիա ենք արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն»։

Ի դեպ, գազի արտահանման ծավալներն ավելացնելուց բացի Տարածքային կառավարման նախարարը իրանական կողմի հետ քննարկել է նաեւ Հայաստան-Իրան պետական սահմանին՝ տվյալ դեպքում՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը։ Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ գործող կամուրջն անհրաժեշտ թողունակություն չունի և նոր կամուրջը, որի կառուցման աշխատանքները ծրագրում են սկսել 2027-ին և ավարտել մոտ երեք տարում, կմեծացնի Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները, ինչն, ըստ Խուդաթյանի, կարևոր է թե՛ Երևանի, և թե՛ Թեհրանի տնտեսության համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG