Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսեց նիստերը. դրանք այսուհետ կանցկացվեն ակտիվ ռեժիմով

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ, արխիվ
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ, արխիվ

Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի՞ մեկ ամսից, ինչպես երկու ամիս առաջ խոստացել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հայտարարելով. - «Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»:

«Ոչ։ Որովհետև չենք հասցնի», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը: Նա վստահ է՝ նույնիսկ մինչև հունիսի խորհրդարանական ընտրություններ չեն ավարտի։

«Անելիքները, ասենք թե, գլուխներ կան, որոնք դեռ դա չենք էլ անցել։ Կառավարության գլուխը կա, դատական իշխանության գլուխը կա», - ընդգծեց իրավապաշտպանը:

Խորհուրդն այսօր նիստ էր հրավիրել, ու այսուհետ նիստերը շարունակվելու են ակտիվ ռեժիմով։ Կհանդիպեն ամեն շաբաթ, որ նախագիծը կարողանան ավարտել։

Այսօրվա օրակարգում անհատական տվյալների պաշտպանության հարցն էր։

Անկախության հռչակագրի հարցին դեռ չեն հասել։ Անկախության հռչակագիրը կլինի՞ նոր Սահմանադրությունում, թե՞ ոչ, ինչպես պահանջում է Բաքուն։

«Ես չգիտեմ, այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Այսօրվա օրակարգում չկա, մյուս նիստի օրակարգ դեռ չունենք», - «Ազատությանը» ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մեկ այլ անդամ՝ Դանիել Իոաննիսյանը:

Բաքվի համար Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է: Պահանջում են, որ Սահմանադրության նախաբանից հանվի Հայաստանի Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում է Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին. Բաքվից պնդում են, թե տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ:

«Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետև կհակասի երկրի Մայր օրենքին, և այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է բարձրաձայնում ենք», - մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Վարչապետ Փաշինյանի հավաստիացումներից հետո էլ, որ Հայաստանը հարևաններից տարածքային պահանջներ չունի, ադրբեջանական իշխանությունը չնահանջեց։ Նիկոլ Փաշինյանը, որ Սահմանադրության փոփոխությունը բացատրում էր գործող Սահմանադրության լեգիտիմության պակասով, ամիսներ առաջ ուղիղ հայտարարեց՝ Անկախության հռչակագիրը չպետք է լինի նոր Սահմանադրությունում։

«Ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին», - նշել էր վարչապետը:

Խորհրդում հռչակագրի վերաբերյալ դիրքորոշումը միանշանակ չէ։ Օրինակ՝ Արթուր Սաքունցը դեմ է, որ Մայր օրենքից հռչակագիրը հանեն։

«Չի կարող հռչակագիրը հանվի Սահմանադրությունից, որովհետև հռչակագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետության, պետական կառուցվածքի սկզբունքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն։ Դա մեր ծննդականն է, այսպես ասեմ։ Մենք չենք կարող, կամ ընդհանրապես, այսպես ասեմ՝ Սահմանադրությունը Բաքվի չէ, Մոսկվայի չէ, Բրյուսել կամ Վաշինգտոն, որևիցե մեկի գործը չի», - ընդգծեց Սաքունցը:

Քաղաքացիական հասարակությունից խորհրդում ներկայացված Դանիել Իոաննիսյանի համար Անկախության հռչակագրի հարցը նույնքան կարևոր չէ, որքան հակակոռուպցիոն մարմինների հարցը։ Նախկինում Իոաննիսյանը ուղիղ դեմ էր, որ հռչակագիրը Մայր օրենքից հանվի։

«Գիտե՞ք, իմ կարծիքով, իմ համար շատ ավելի կարևոր է, որ Սահմանադրությամբ, օրինակ, ամրագրվի հակակոռուպցիոն մարմինների անկախությունը, և դա մեր պետության համար շատ ավելի կարևոր բան է, քան դեկլարատիվ հղումը հռչակագրին։ Մեծ հաշվով, ես համարում եմ, որ հռչակագիրը, հռչակագրի հղումը Սահմանադրության նախաբանից հանել չարժի, և խաղաղության, պետության խաղաղության նպատակները արժի սահմանել այլ կերպ, բայց նորից՝ ես չեմ համարում, որ մեծ տրագեդիա կա դա հանելու մեջ», - ասաց Իոաննիսյանը:

Նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելուն դեմ է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը։ Էդմոն Մարուքյանը չի մասնակցում նիստերին, նրա դիրքորոշումը չի փոխվել։

Խորհրդում արտախորհրդարանական ուժերից երկուսն են՝ «Լուսավոր»-ն ու Փաշինյանին սատարող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։ Երկուսը՝ իշխող խմբակցությունից։ Մարդու իրավունքների պաշտպանն է, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Բարձրագույն դատական խորհրդից մեկ անդամ, երեքը՝ քաղհասարակությունից, ու նախագահն էլ արդարադատության նախարարն է։ Սրբուհի Գալյանը հռչակագիրը հանելուն կո՞ղմ է, թե՞ դեմ, մինչ այս պահը խուսափում է հարցին ուղիղ պատասխանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG