Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին. ինչ է քաղաքացիներին հայտնի նոր փաստաթղթից

Արդարադատության նախարարը վերահաստատում է՝ նոր Սահմանադրության տեքստն ամբողջությամբ պատրաստ կլինի մարտ ամսին: Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը ևս կհասցնի՞ այդ ժամկետում քննարկել և հաստատել այդ նոր տեքստը:

«Ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի ու դա երբևէ չի ենթադրել, որ խորհուրդը հաստատած կլինի տեքստը: Խորհրդի հետ քննարկումները կփորձենք կազմակերպել այնպես, իհարկե, որ քվեարկությունը լինի տեքստի հետ կապված, բայց եթե չլինի, հոգ չէ, մենք խորհրդում աշխատանքները միանշանակ կշարունակենք ու կամփոփենք», - ասաց Սրբուհի Գալյանը:

Նոր Մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող Սահմանադրության նախաբանում հղումն է Անկախության հռչակագրին: Այն հանելուն մոտ մեկ տարի առաջ կողմ է արտահայտվել վարչապետը, սակայն Արդարադատության նախարարությունը, որ մշակում է նոր Սահմանադրության տեքստը մինչև օրս այդ հարցով դիրքորոշում չի հայտնել: Սրբուհի Գալյանն այսօր էլ նորություն չուներ, միայն ասաց՝ հարցին կանդրադառնան՝ աշխատանքի ավարտական փուլում:

«Այս հարցն առհասարակ չի քննարկվել, ու իրականում մենք մեր աշխատանքները կազմակերպում ենք այնպես, որ ներածությունը երևի կթողնենք վերջում խմբագրելուն», - ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց է համարում թե՛ Սահմանադրությունը, թե՛ Անկախության հռչակագիրը: Մայր օրենքն, ըստ վարչապետի, լեգիտիմ չէ, մարդիկ այն «ատելի են» համարում, իսկ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է, հակապետական: Նոր Սահմանադրության ընդունմամբ, ըստ իշխանության, կլուծվի դրա լեգիտիմության հարցը:

Գալյանին այսօր հարցրինք՝ ընդդիմադիր թևը միաձայն պնդում է՝ Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, այսպես դեռ չընդունված փաստաթղթի լեգիտիմությունը կասկածի տակ չի՞ դրվում: Բացի այդ՝ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի աշխատանքները նույն պատճառաբանությամբ բոյկոտել են ընդդիմադիր գործիչները:

«Հիմիկվա պրոցեսը նկարագրելով ու ասելով, որ ընդդիմադիրները բոյկոտում են..., չնայած նրանք տեղ ունեն գալու ու զբաղեցնելու խորհրդում, չեն գալիս, երբեք չի կարող նշանակել, որ պրոցեսը ոչ լեգիտիմ է կամ մենք խնդիր ունենք համոզելու, որ պրոցեսը լեգիտիմ է», - ընդգծեց Սրբուհի Գալյանը:

Իսկ ինչպե՞ս են մարդկանց համոզելու, որ նոր Սահմանադրության ընդունումը և Անկախության հռչակագրից հրաժարվելու հնարավոր որոշումն Ադրբեջանի պահանջը չէ: Բաքուն արդեն երկու տարի է՝ հրապարակային Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը և այնտեղից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը՝ համարելով, որ դրանում կան տարածքային պահանջներ Ադրբեջանից: Դա նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է:

«Մեզ չի հետաքրքրում երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, բազմաթիվ անգամներ շեշտել ենք, որ Սահմանադրության հետ կապված աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո: Այո, խնդիր չունենք համոզելու, որ դրա մասին չի խոսքը, որովհետև պատմությունը համոզից է արդեն», - ասա նախարարը:

Սրբուհի Գալյանի հիշեցումը, սակայն, ոչ թե նոր Սահմանադրության, այլ սահմանադրական փոփոխությունների մասին է: Իսկ նոր Սահմանադրություն ունենալու մասին հստակ հայտարարություն Նիկոլ Փաշինյանն արել է 2024-ի հունվարին՝ պնդելով՝ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ բոլորովին նորն ընդունել։ Այդ նույն օրերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր՝ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ և հարցը բարձրացնում է բանակցություններում:

«Բարձրաձայն էլ են իրենք էդ մասին ասել, այո, իրենք համարել են, որ դա խնդիր է», - ասել է Միրզոյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ արտաքին միջամտությամբ նախաձեռնված այս գործընթացը չի կարող համարվել լեգիտիմ: Ըստ նրա՝ նոր Սահմանադրության ընդունման շուրջ գործընթացներն են վկայում, որ այն Բաքվի պարտադրանքով է արվում:

«Արտաքին միջամտությունը լեգիտիմության մեջ ճգնաժամ ու կասկածներ է առաջացնում: Որքանով որ այն ուժը, որը գերշահագրգռված է այդ փաստաթղթի կյանքի կոչման համար ու փաստացի ընդունում է, որ դա արտաքին սպառնալի է, ու դա պետք է արվի, թե չէ պատերազմ կլինի, էս դիկուրսի մեջ է: Որքանո՞վ այս գործընթացը կարող ենք համարել լեգիտում ու որքանո՞վ կարող ենք համարել, որ կկազմակերպվի նորմալ ընտրական գործընթաց, կապահովվեն բոլորի իրավունքները և ընդհանրապես լեգիտիմ ընտրություններին հատուկ գործընթաց տեղի կունենա: Կասկածն այն է, որ իրենք այդ գործընթացները չեն կարողանում ապահովել, որովհետև որևէ մոտիվացիա չունեն, հակառակի մոտիվացիա ամբողջությամբ ունեն, որն իշխանության պահպանումն է», - ասաց Վարդանյանը:

Սրբուհի Գալյանն այսօր արդեն նոր Սահմանադրության ընդունումը կապում էր խաղաղության օրակարգի հետ, բայց առանց հստակեցնելու, թե դրա ընդունումը կամ չընդունումը ինչով կարող է նպաստելու կամ խոչընդոտել կառավարության հայտարարած խաղաղությանը:

«Միակ բանը, որ ես հիմա կասեմ, մեր այն օարկարգն է, որով մենք առաջնորդվում ենք, հետևյալն է՝ բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել ու Հայաստանի զարգացման համար ունենալ հստակ պլան, որը իր արտացոլումն է ունենալու նաև Սահմանադրության համատեքստում: Սա պետք է հաշվի առնեն քաղաքացիներն իրենց որոշումները կայացնելիս», - ասաց նա:

Եվ մինչ նախարար Գալյանն այսօր պարբերաբար կրկնում էր, որ աննախադեպ ներառական ու մասնակցային գործընթաց են ապահովում, առաջիկայում մարդկանց իրազեկելու ակցիաներ կլինեն արդեն փաստաթղթի բովանդակության մասին, մեզ հետ զրուցած մարդկանցից շատերը պարզվեց՝ անգամ տեղյակ չեն, որ նոր Սահմանադրություն է մշակվում

Տեղեկանալուց հետո գլխավոր հարցը, որ մարդկանց հետաքրքրեց այն է, թե ինչո՞վ է գործողը ոչ լեգիտիմ:

Մի տղամարդ առհասարակ առաջարկեց իշխանության ոչ մի որոշում չքննարկել, թույլ չտվեց անգամ հարցն ավարտել. վստահ է՝ կառավարությունն ամեն ինչ է ճիշտ անում:

Հարցն ավարտելու հնարավորություն չունեցանք նաև մի տիկնոջ հետ զրուցելիս, բայց նրա դեպքում իրավիճակը բոլորովին այլ էր՝ հիասթափություն:

Նոր Սահմանադրության ընդունման ժամկետները դեռ հստակ չեն, նախարարն այսօր միայն հիշեցրեց՝ օրենքով հնարավոր չէ սահմանադրական հանրաքվեն ու խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակ:






XS
SM
MD
LG