«Նովայա գազետա» ռուսական հայտնի հետաքննական թերթը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին։
Թերթի հայտնի լրագրողներից մի քանիսը. այդ թվում՝ Աննա Պոլիտկովսկայան, սպանվել կամ մահացել են կասկածելի հանգամանքներում տարբեր ժամանակներում։
«Նրանք սպանեցին մեզ»,- Telegram-ում գրել են թերթի գլխավոր խմբագիրները՝ տեղեկացնելով, որ պարբերականը պաշտոնապես կփակվի նոյեմբերի 9-ին։
1990-ականների սկզբին հիմնադրված «Նովայա գազետա»-ն, որը մասամբ ֆինանսավորել է Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, հայտնի էր իր հետաքննական լրագրությամբ։
Թերթի ամենահայտնի լրագրողներից էր Աննա Պոլիտկովսկայան, որի հոդվածները նվիրված էին Չեչնիայի պատերազմներին և այնտեղ իշխանությունների վարած բռնաճնշումներին։ 2006 թվականի հոկտեմբերին նրան գնդակահարել են Մոսկվայի շենքում, որտեղ բնակվում էր:
Մեկ այլ լրագրող՝ Յուրի Շչեկոչիխինը, հետաքննում էր ռազմական ոլորտում կոռուպցիան, ինչպես նաև 1999 թվականին Մոսկվայի բնակելի շենքերում տեղի ունեցած առեղծվածային պայթյունները։ Նա հանկարծամահ է եղել 2003 թվականի հուլիսին՝ ԱՄՆ մեկնելուց մի քանի օր առաջ։ Գործընկերները ենթադրում էին, որ լրագրողին թունավորել են։
Թերթի՝ մասնագիտական և քաղաքացիական պարտքը կատարելու համար սպանված մյուս լրագրողներից են Իգոր Դոմնիկովը, Ստաս Մարկելովը, Անաստասիա Բաբուրովան և Նատալյա Էստեմիրովան։
«Նովայա գազետա»-ի երկարամյա խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021 թվականին դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Ռուսաստանում լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումների պայմաններում թերթի աշխատանքը շարունակելու ջանքերի համար։
2022-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո թերթը դժվարությունների էր բախվել։ Դրանից առաջ պետական կարգավորող մարմինը մի շարք նախազգուշացումներ էր արել։
2024-ին «Նովայա գազետա»-ի խմբագրակազմի մի մասը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ Փարիզում ստեղծել էր թերթի եվրոպական տարբերակը։
«Պատերազմի գրեթե հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է շարունակել աշխատանքը՝ ամբողջությամբ շրջապատված լինելով անվտանգության ծառայություններով», - գրել են խմբագիրները՝ եզրափակելով. - «Հիմա ամեն ինչ ավարտված է»։
«Մենք հայտնվել ենք «սպանության գոտում»», - գրել են «Նովայա գազետա» թերթի խմբագիրները՝ նկատի ունենալով Ուկրաինայի ռազմաճակատի այն հատվածները, որտեղ զոհերի թիվն ամենաբարձրն է։