Մատչելիության հղումներ

Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվեց ռուսաստանցի և ֆիլիպինցի լրագրողներին


Մարիա Ռեսսա և Դմիտրի Մուրատով

Նոբելյան խաղաղության մրցանակը այս տարի շնորհվեց ռուսական «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսային։ Այսօր հայտարարեց Նոբելյան մրցանակի նորվեգական կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը։

Նա նշեց, որ նրանք այդ մրցանակին արժանացել են արտահայտվելու ազատությունը պաշտպանելու համար, ինչը ժողովրդավարության և կայուն խաղաղության նախապայմանն է։ «Դմիտրի Մուրատովը տասնամյակների ընթացքում Ռուսաստանում պաշտպանել է ազատ խոսքը ավելի ու ավելի բարդացող պայմաններում։1993-ին իր հիմնադրումից սկսած «Նովայա գազետան» քննդատական հոդվածներ է հրապարակել ամենատարբեր թեմաներով՝ կոռուպցիայի, ոստիկանների բռնությունների, անօրինական ձերբակալությունների, ընտրությունները կեղծելու, Ռուսաստանի ներսում և սահմաններից դուրս ռուսական զորքեր կիրառելու մասին։

«Նովայա գազետայի» հակառակորդները պատասխանել են սպառնալիքներով, բռնություններով, հետապնդումներով ու սպանություններով։ Թերթի հիմնադրումից ի վեր վեց լրագրող է սպանվել, այդ թվում` Աննա Պոլիտկովսկայան, ով չեչենական պատերազմի մասին հոդվածներ էր գրում։ Չնայած սպանություններին և սպառալիքներին` գլխավոր խմբագիր Մուրատովը չի հրաժարվել թերթի անկախ քաղաքականությունից»,- ասել է Նոբելյան մրցանակի նորվեգական կոմիտեի նախագահը։

Նախկին Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովից հետո Դմիտրի Մուրատովն առաջին ռուսաստանցին է, որ արժանացավ Նոբելյան մրցնակին։ Գորբաչովը, երբ 1990-ին ստացել էր մրցանակը, այդ գումարով օգնել էր «Նովայա գազետա» թերթի ստեղծմանը։

Հիմա չնայած համարվում է, որ թերթը իր հետաքննություններով մարտահրավերներ է նետում Կրեմլին ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այնուամենայնիվ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` շնորհավորել է «Նովայա գազետայի» խմբագրին։

Պեսկովն ասել է, թե նա հավատարիմ է իր գաղափարներին, տաղանդավոր և համարձակ է, իհարկե մրցանակը բարձր գնահատական է։ Լրագրողները Պեսկովին հարցել են, թե արդյոք Պուտինը պատրաստվում է շնորհավորել նրան։ «Չեմ կարող ասել, չգիտեմ, դա հենց նոր է հայտնի դարձել, մեզ մի քիչ ժամանակ տվեք», - պատասխանել է նա:

Դմիտրի Մուրատովը հայտնել է, որ Նոբելյան մրցանակը նվիրում է սպանված լրագրողներին, իսկ գումարի մի մասը փոխանցելու է ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնող բարեգործական կազմակերպությանը։

60-ամյա Մուրատովը արտասահմանյան մի շարք մրցանակներ էր ստացել, այդ թվում` «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» մամուլի ազատության մրցանակը:

Ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսան 2012-ից գլխավորում է Rappler թվային մեդիան, որը լրագրողական հետաքննություններ է անցկացնում, այդ թվում` բազմաթիվ սպանությունների մասին, որ տեղի են ունենում թմրաբիզնեսի դեմ ոստիկանական գործողությունների ժամանակ։ Օգոստոսին Ֆիլիպինների դատարանը մերժել էր լրագրողի դեմ զրպարտության հայցը։ Մարիա Ռեսսան պնդել է, որ հետապնդումների թիրախ է դարձել նախագահ Ռոդրիգո Դուտերետին քննադատող նյութերի համար։ Time Magazine-ը 2018-ին ֆիլիպինցի լրագրողին տարվա մարդ էր ճանաչել։

Այսօր նա ասել է, թե շոկի մեջ է ընկել` իմանալով, իրեն շնորհվել է Նոբելյան խաղաղության մրցանակը։

Լրագրողական ընտանիքից Նոբելյան խաղաղության մրցանակը վերջին անգամ 1935 թվականին ստացել էր գերմանացի Կարլ ֆոն Օսսեցկին, ով բացահայտել էր Գերմանիայի վերազինման գաղտնի ծրագիրը։

Նոբելյան մրցանակները սահմանվել են շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն։ 1901-ից մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարի` Ստոկհոլմում, բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը շնորհվում է Օսլոյում` դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։

XS
SM
MD
LG