Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև խմբակցությունում, այս մասին այսօր Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում հայտարարել է նախարար Սրբուհ Գալյանը:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն արդեն պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,-ասաց նախարարը:
Նոր Մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող Սահմանադրության նախաբանում հղումն է Անկախության հռչակագրին: Այն հանելուն մոտ մեկ տարի առաջ կողմ է արտահայտվել վարչապետը: Օրերս վերահաստատեց իր դիրքորոշումը. «Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ՝ ինչու, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- հայտարարել է վարչապետը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ մնացած նախապայմանն է։ Այդ փաստաթուղթը, ըստ Ադրբեջանի, տարածքային պահանջ է պարունակում իր նկատմամբ: