Ժամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ, որը ենթակա կլինի հրապարակման, այս մասին այսօրվա ասուլիսում իր ներածական խոսքում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:
Նախարարն ավելի վաղ ասել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մարտին՝ այսինքն մեկ ամսից:
Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով՝ դա իր քաղաքական դիրքորոշումն է:
Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա Բաքվի գնահատմամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:
Հայաստանի Սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում: