Մատչելիության հղումներ

«Միայն ժողովուրդը կարող է ասել՝ արդյոք ընտրություններն ազատ ու արդար էին»․ միջազգային դիտորդներ

«Միայն ժողովուրդը կարող է ասել՝ արդյոք ազատ ու արդար էին խորհրդարանական ընտրությունները Հայաստանում», ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունը, որ այսօր ներկայացնում էր նախնական զեկույցը, ուղիղ չպատասխանեց շվեդ լրագրողի հարցին՝ ազատ ու անկա՞խ էին երեկվա ընտրությունները։

Բայց միջազգային դիտորդների նախնական գնահատականն այն է, որ ընտրական գործընթացը եղել է լավ կազմակերպված, Հայաստանի ընտրողներին առաջարկվել է իրական ընտրություն, բայց արտաքին ճնշման և անհավասար քարոզարշավի հնարավորությունների ֆոնին։

«Քարոզարշավը լի էր բախումներով և բաժանարար հռետորաբանությամբ։ Այն նշանավորվել է ընտրակաշառքով և այլ ընտրախախտումներով, որոնք հանգեցրել են ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական հետապնդումների։ Այս ամենի հետևանքով՝ ընդդիմության շատ կողմնակիցներ զերծ են մնացել քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Իսկ պետական հատվածի աշխատակիցների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու ճնշում կար»,- հայտարարում է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Ֆարահ Քարիմին, ով նշեց, որ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները և քրեական հետապնդումները նպաստեցին ընտրովի արդարադատության ընկալմանը։

Միևնույն ժամանակ, ըստ միջազգային դիտորդների, սադրիչ հռետորաբանությունը, բևեռացված լրատվամիջոցները, արտաքին ճնշման ու միջամտության մշտական դրսևորումները մարտահրավեր նետեցին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դանիեն Քոթիեն էլ հստակ հայտարարեց՝ Մոսկվայի ճնշումներն ու սպառնալիքները հասան աննախադեպ և մտահոգիչ մակարդակի։

«Մենք անգամ լսեցինք, որ պարոն Պուտինը խոսեց հնարավոր ուկրաինական սցենարի մասին, այն դեպքում եթե Հայաստանը շարունակի իր եվրոպական ուղին»,- ասաց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը։

Լրագրողներից մեկը նաև փորձեց ճշտել՝ արդյոք միայն ռուսական միջամտություն են նկատել, ինչին ի պատասխան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յանես Լենարչիչը թվարկեց՝ ինչ հռետորաբանություն էին օգտագործում ռուս բարձրաստիճան պաշտոնյաները.

«Սպառնում էին Հայաստանի ապագա տնտեսական և անվտանգային կայունությանը։ Մյուս կողմից՝ մենք նաև նկատեցինք ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարության կողմից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցերն ու ներգրավվածությունը ևս»,- նշեց Յանես Լենարչիչը:

Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ ընտրությունները, ընդհանուր առմամբ, խաղաղ էին և առանց միջադեպերի, ամուր հիմք են ժողովրդավարական ընտրությունների համար,- եզրափակեց Յանես Լենարչիչը:

Դիտորդներն ընդգծել են, որ ընտրություններն անցկացվել են խիստ բևռացված և բազմակարծիք միջավայրում։ Մասնավորապես՝ նշում են, որ քաղաքական բանավեճերը կենտրոնացված էին խաղաղություն, պատերազմ երկընտրանքի շուրջ ձևավորված պառակտող նարատիվների վրա։

Նախնական զեկույցում ակնարկ կա նաև պետական հատվածի աշխատողների վրա ճնշումներ գործադրելու մասին՝ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու համար։

«Սակայն մենք չենք արձանագրել վարչական ռեսուրսի համակարգային չարաշահում տեղական մակարդակում, բայց մեր դիտորդները ստացել են բազմաթիվ հաղորդումներ, որոնց մի մասն արժանահավատ էր, հանրային ծառայողների վրա ճնշումներ գործադրելու, ինչպես նաև խրախուսման վերաբերյալ, հիմնականում իշխող կուսակցության կողմից։ Մեր երկարաժամկետ դիտորդները նաև Երևանից ու մարզերի մեծ մասից ստացել են հաղորդումներ, որոնք նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտի մասին»,- ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յանես Լենարչիչը:

«Ազատության» դիտարկմանն՝ արդյոք նշված թերությունները կարող են ազդել ընտրությունների վերջնական գնահատակի վրա, միջազգային դիտորդական առաքելության ղեկավարն ասաց, որ ազդեցությունը դիտորդները չեն կարող չափել՝ ընդգծելով.- «Բայց մենք նկատել ենք, որ հայ ընտրողներն ունեին իրական հնարավորություն անել իրենց ընտրությունը մի միջավայրում, որն ազատ է»:

Ավելի վաղ, այսօր նաև Միջազգային հանրապետական ինստիտուտն էր իր նախնական մեկնաբանությունն արել ընտրությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ՝ երկու կառույցների գնահատականները միանման էին՝ քվեարկության օրը ընտրական գործընթացները եղել են հանգիստ և լավ կազմակերպված, կրկին մտահոգություններ կային արտաքին միջամտության մասին։ ԱՊՀ դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ այնպիսի խախտումներ չեն արձանագրել, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG