Մատչելիության հղումներ

Քոչարյանը ՍԴ-ում կվիճարկի ընտրությունների արդյունքները, Ծառուկյանը պահանջում է իր 120 ձայները

Լրացված

Ավելի քան 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ կվիճարկի քվեարկության արդյունքները: Նրա խոսքով՝ այս պահին հետագա անելիքները քննարկում են ընդդիմադիր մյուս գործընկերների հետ: Թե ո՞ւմ մասին է խոսքը, նախկին նախագահը չի հստակեցրել:

«Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում», - նշել է Քոչարյանը:

«Ազատության» տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան:

Նախնական տվյալներով խորհրդարանից 0.004 տոկոսով դուրս մնացած ԲՀԿ-ն ահազանգում է տասնյակ անճշտությունների մասին: Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի պնդմամբ՝ միայն 4 ընտրատեղամասերի արձանագրության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առկա տվյալների համեմատությամբ հայտնաբերել են 120 պակաս ձայն:

«Գրված է՝ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 77 ձայն, բայց վերջնական փաստաթղթում նշված է՝ 1 ձայն։ Հասկանո՞ւմ եք խայտառակության ուղղակի իրավիճակը», - ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

Մասնավորապես, ըստ ԲՀԿ-ի, 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է մեկ ձայն։ 12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։ 27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։ 38/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ չորս ձայն։

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց՝ խորհրդարանը անցնելու համար իրենց այս պահի դրությամբ պակասում է մոտ 60 ձայն, ոչ ավելի, քան 100-ը, և եթե իրենց օգտին քվեարկած ու չհաշվարկված 120 ձայնի անճշտությունը վերացվի, ապա ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու հարցը կլուծվի։

«Այս ճշգրտման պարագայում սահմանված 4 տոկոս շեմը, իհարկե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է», - նշեց Էլինար Վարդանյանը։

Թե ինչո՞ւ հանձնաժողովների արձանագրությունները և ԿԸՀ տվյալները իրար չեն համապատասխանում, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը իր կասկածներն ունի։ Նա չի բացառում, որ տեղի ունեցածը ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիր է, քանի որ եթե խորհրդարան անցնում են ոչ թե երկու, այլ երեք ընդդիմադիր ուժեր, ապա իրավիճակը իշխանության համար միանգամայն փոխվում է։

Մասնագետների պնդմամբ, եթե խորհրդարան են անցնում երեք ընդդիմադիր ուժեր, ԲՀԿ-ն էլ ներառյալ, ապա դա խնդիրներ է հարուցելու իշխող ՔՊ-ի համար, քանի որ նա չի ունենալու երեք հինգերորդ, ինչն էլ անհրաժեշտ է որոշ կարևոր օրենքներ ընդունելու և Ազգային ժողովի քվեարկությամբ կարևորագույն պաշտոնյաների, այդ թվում՝ գլխավոր դատախազի, ՍԴ դատավորների, վճռաբեկ դատարանի դատավորի, ԿԸՀ նախագահի ընտրության համար։

«Հանկարծ առավոտյան հայտնաբերում են, որ իրենք Ազգային ժողովում այլևս չեն ունենալու կարևոր որոշումներ կայացնելու համար բավարար ձայներ, դրանից հետո տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների, այսպես ասած, կորուստը։ Իհարկե, դա դրա հետ կապելու հիմնավոր պատճառներ և հիմքեր մենք ունենք», - նշեց Էլինար Վարդանյանը։

Հայտնաբերված անճշտությունների մասով ԲՀԿ-ն արդեն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և սպասում է պատասխանի։

Բացի այդ Ծառուկյանի առաջնորդած ուժը նաև վերահաշվարկ է պահանջել մի քանի տեղամասերում, թե կոնկրետ քանի, թեկնածուները դժվարացան ասել։ Ծառուկյանի ուժը, որ առայժմ փորձում է վերականգնել իր ստացած ձայները, չի շտապում ասել՝ խորհրդարան անցնելուց հետո կվերցնի մանդատները, թե՝ ոչ։ Այս հարցի պատասխանը չեն տվել նաև խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերը։

Սամվել Կարապետյանը ընտրությունները որակում է «խայտառակ». խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը կվերցնե՞ն մանդատները, թե՞ ոչ

Նախնական արդյունքներով ավելի քան 340 հազար ձայն ստացած «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը այս գիշեր իր առանձնատնից արված հայտարարության մեջ երեկ տեղի ունեցած ընտրությունները խայտառակություն որակեց, նշելով, որ անցած մեկ ամսում ենթարկվել են հալածանքների և բռնությունների։

Կարապետյանը նշեց, որ իր թիմակիցներից 70-ը կալանավորված է, 700-ից ավելի մարդ ձերբակալված. «Տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են և ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը»:

Սամվել Կարապետյանը մեղադրեց իշխանություններին ընտրակեղծիքներ անելու մեջ, բայց այդպես էլ չհստակեցրեց, թե կոնկրետ որտեղ և ինչ խախտումներ են արձանագրել. «Հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել: Դրա համար անցան հատուկ գործողությունների, և մենք նույնիսկ պատկերացում չունենք ինչ գործողությունների»։

Չնայած խախտումների մասին ընդդիմության պնդումներին, ո՛չ տեղական, ո՛չ միջազգային դիտորդները ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցած խախտումների մասին չեն բարձրաձայնել:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG