Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ էին արդեն փակված ընտրական տեղամասում մինչև ուշ գիշեր քվեարկում 100-ավոր զինծառայողներ

Ինչո՞ւ էին արդեն փակված ընտրական տեղամասում մինչև ուշ գիշեր քվեարկում 100-ավոր զինծառայողներ: Որովհետև հանձնաժողովի անդամները պատկառելի տարիքի, դանդաղաշարժ մարդիկ են, բացատրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը.

«Միայն 18 քվեաթերթիկները դասավորելը, ծրար տալը 3 րոպե էր»,- ասում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Մյուս տեղամասերում քվեների հաշվարկն ավարտել էին, իսկ Սոթքում, Ագարակում զինվորները քվեարկում ու քվեարկում էին. 35/65 և 20/56 տեղամասերում ձայների հաշվարկն ավարտել են լուսաբացին:

Ըստ News.am-ի՝ Սոթքի տեղամասում շարքով կանգնած զինծառայողների, ինչպես նաև բակում բազմաթիվ զինվորների կադրերը ոչ թե կեսօրին են եղել, այլ արդեն երեկոյան:

Ընտրական օրենսգիրքն է սահմանում ժամը 20:00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն: Ագարակի տեղամասի դեպքում երեկոյան 8-ից րոպեներ առաջ են ավելի քան 200 զինվորներ հասցրել տեղամաս մտնել, բայց տեղամաս մտնելը դեռ քվեարկության սենյակում գտնվելը չէ, և դիտորդները սա էական խախտում են համարում.

«Թեև ժամը 8-ի դրությամբ իրենք արդեն գտնվում էին տեղամասային կենտրոնի ներսում, բայց քվեարկության սենյակը բավականին լավ առանձնացված էր, և մենք չենք կարող այստեղ տեղամասային կենտրոնը ընդհանրացնել և դիտարկել որպես քվեարկության սենյակ: Հենց այս հանգամանքը հիմք հանդիսացավ մեզ որպես խախտում արձանագրելու այն խնդիրը, որ 8-ի դրությամբ միայն քվեարկության սենյակում ներկա գտնվող ընտրողը կարող է քվեարկել և հեռանալ, և այս դեպքում այս կարգը բավականին էական ձևով խախտվել է»,- ասում է «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն Գենյա Պետրոսյանը:

Ագարակում քվեարկության սենյակն ու սպասող զինվորները բաժանված են եղել դռնով, իսկ Սոթքում միջանցքում են սպասում, ընդ որում, շարքով կանգնած, որ նույնպես ընտրական օրենսգրքով խախտում է համարվում: Այստեղ նաև քաղաքացիական հագուստով անձինք են, որ ո՛չ հանձնաժողովի անդամ են, ո՛չ վստահված անձինք.

«Կպարզենք, թե ով է եղել: Եթե պատասխանատվության իրավական հետևանքի կարիք կա, հաստատ որևէ մեկը չի կարող դրանից խուսափել»,- ասում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Իսկ որ 5 ամիս առաջ նշանակված ընտրության օրը հունիս 7-ին զինվորները տեղամասի փակումից րոպեներ առաջ են տեղ հասել, ժամերով տեղամասի տարածքում սպասել՝ խնդիր չէ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի:

«Ըստ իս՝ խնդիր չկա, որովհետև առավել խնդիր կլիներ, որ տեղամասը կողպեին, դռան դիմաց կանգնած զինվորին զրկեին քվեարկելու իրավունքից»,- ընդգծեց ԿԸՀ նախագահը:

Զինծառայողներն իրենց պարզ՝ քնելու, հանգստանալու իրավունքը կորցրած, ականատես էին մի հոգնեցուցիչ իրավիճակի, որն, ըստ դիտորդների, նաև խախտում է ու պիտի անվավեր ճանաչվեն այս տեղամասերի ընտրությունները:

Ագարակում «Քաղաքացիական պայմանագիր»-ը 593 քվե է ստացել, «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքը միասին՝ 454 ձայն: Ականատեսի դիտորդն արձանագրել է, որ տեղամասի փակումից հետո այստեղ 213 զինվոր է քվեարկել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG