Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են բևեռացված միջավայրում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են բևեռացված միջավայրում, արձանագրել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) իր միջանկյալ զեկույցում՝ առանձնացնելով մի քանի հիմնական պատճառ:

«Այդ միջավայրը ձևավորվել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագրի կնքումից և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնյան գագաթաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումից հետո տեղի ունեցած զարգացումների ազդեցության ներքո», - նշում են դիտորդները՝ հավելելով, որ ընտրական միջավայրը պայմանավորված է համաձայնագրի վավերացման և կիրարկման, սահմանադրական բարեփոխումների գործընթացի, երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրներով:

Բևեռացման մյուս պատճառների թվում ԺՀՄԻԳ-ը նշել է կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների միջև լարվածությունը, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Մոտ մեկ տարի է վարչապետ Փաշինյանը պահանջում է կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը ու եկեղեցու բարենորոգման շարժում է սկսել: Այս ընթացքում քրեական գործեր են հարուցվել ինչպես կաթողիկոսի, այնպես էլ բարձրաստիճան մի շարք այլ հոգևորականների նկատմամբ: Իշխող ուժը կաթողիկոսի հեռացումը ներառել է նաև իր նախընտրական ծրագրում:

«Քարոզչությունն ընթանում է ակտիվ և կենտրոնացած է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, արտաքին քաղաքականության, տնտեսության, զբաղվածության, իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վրա։ Քարոզչական խոսույթը ունի պառակտող և կոշտ բնույթ և աչքի է ընկնում պատերազմական հռետորաբանությամբ, հատկապես կառավարության «Իրական Հայաստան» ծրագրի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի և հնարավոր բարեփոխումների շուրջ», - նշում են զեկույցի հեղինակները:

Դիտորդների հետ զրույցում ընդդիմությունն ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրություններից առաջ պետական համակարգում բաժանված պարգևավճարների վերաբերյալ: Հիշատակվում են նաև քվեների գնման և բարեգործության արգելքի խախտման քրեական գործերը, որոնք հարուցվել են ընդդիմադիր կուսակցությունների անդամների նկատմամբ:

Ինչ վերաբերում է լրատվական միջավայրին, ապա դիտորդներն այն համարել բազմակարծիք, բայց փոքր և խոցելի քաղաքական ազդեցության նկատմամբ՝ կրճատվող գովազդային շուկայի պատճառով: Առանձին դիտարկում կա Հանրային հեռուստաընկերության վերաբերյալ. - «Օրենքը պահանջում է քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում, սակայն ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ հանրային հեռարձակողին ընկալում են որպես կառավարությանը աջակցող։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լիազորված է մշտադիտարկում իրականացնել հեռարձակողների նկատմամբ և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկն արդեն նախազգուշացումներ է տվել երկու հեռուստաալիքի»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG