Ընտրություններն ազատ, արդար են եղել, անցել են խաղաղ ու մրցակցային պայմաններում, արդյունքներն էլ արտահայտում է քաղաքացիների քվեարկությունը. արձանագրում են տեղական դիտորդները, սակայն նաև ընդգծում՝ խախտումներ են եղել:
Քվեարկության գաղտնիության խախտման 122, ընտրատեղամասում քարոզչության 59, կոնֆիլտային իրավիճակների 75 ու բռնության մեկ դեպք. «Անկախ դիտորդն» ընտրատեղամասերում այս պատկերն է արձանագրել:
«Հիմնականում խնդիրները մեր դիտորդների առաջարկությունների հիման վրա լուծում են ստացել, լուծում չստացած դեպքերի մասով իրավական գործընթաց ենք սկսել», - ասաց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Իոաննիսյանի խոսքով՝ խախտում են արձանագրել նաև Զինված ուժերում. զորամասերից մեկում 19 զինծառայող հնարավորություն չի ունեցել քվեարկել: Իրավապաշտպանն առանց անուններ տալու պնդում է, թե հրամանատարը զինծառայողներին չի ներառել ընտրական ցուցակում, այս մասով նույնպես հանցագործության մասով հաղորդում են ներկայացրել, ընդհանուր 4 հաղորդում:
«Մեկը՝ ընտրական տեղամասին պատշաճ քանակի քվեաթերթիկներ չտալու դեպքին, բարեբախտաբար, գործը չհասավ նրան, որ քվեաթերթիկները վերջանան և ընտրող գա ու քվեաթերթիկ չլինի», - ասաց նա:
Ամենալուրջ խախտումն, ըստ «Անկախ դիտորդի», Արարատի մարզի ընտրատեղամասերից մեկում է եղել. առնվազն մինչև ժամը 18-ը քվեաթերթիկների ցանկից բացակայել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» քվեաթերթիկը. «Այսինքն բոլոր ընտրողներին 18-ի փոխարեն 17-ական քվեաթերթիկ են տվել, և դա էական խախտում է»:
Զինծառայողների քվեարկությունն ուղեկցվել է նաև այլ խախտումներով. մասնավորապես երեք ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվել է ընտրության ավարտից՝ ժամը 20-ից հետո. «Զինծառայողները եկել են ժամը 8-ից որոշ ժամանակ առաջ և տեղամասերում որոշել են, որ պետք է ամեն դեպքում զինծառայողները քվեարկեն»:
Հղում անելով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումներին՝ Դանիել Իոաննիսյանը պնդում է, թե ընտրական գործընթացի հիմնական խնդիրը ընտրակաշառքի բաժանման դեպքերն են: Հակակոռուպցիոնի հրապարակումների մեծ մասը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանին» են վերաբերում:
Ինքը՝ Սամվել Կարապետյանը երեկ հերքեց, թե իրենք գումար են բաժանել. «Իհարկե չենք բաժանել, որ բաժանած լինեինք, հիմա ինձ նորից կալանավորած կլինեին»:
«Ամենամեծ խնդիրը, որը մենք տեսնում էինք, ընտրակաշառքի դեպքերն են, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեն էր բացահայտում, դա Ռուսաստանի միջամտության գործողություններն էին», - ասաց Իոաննիսյանը:
«Անկախ դիտորդի» անդամ Արթուր Սաքունցը ներկայացնում է իրենց եզրակացությունը՝ ընտրակաշառքի դեպքերը զանգվածային են եղել. «Եվ հանդիսացել է որոշ քաղաքական ուժերի քվե հավաքելու հիմնական մեխանիզմներից մեկը»:
Ինչ վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագրին», «Անկախ դիտորդն» առանձնացնում է վարչական ռեսուրսի կիրառումը. ընտրական ամբողջ գործընթացում և՛ «Ազատությունը», և՛ այլ լրատվամիջոցները վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ դեպքեր արձանագրեցին՝ համայնքային ծառայողները աշխատանքային ժամին քարոզարշավի էին մասնակցում, աշակերտները դասի ժամին դրոշներ էին ծածանում. ցանկը շարունակելի է:
«Վարչական ռեսուսրի չարաշահման երևույթի դեմ պայքարի առկա գործիքակազմը բավարար չէ: Սա արձանագրենք, որ վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, և մենք գտնում ենք, որ գործող կարգավորումները բավարար չեն, որպեսզի այդ վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը լուծվի: Այսինքն՝ ոչ միայն արձանագրվի, այլև կանխարգելվի», - ընդգծեց Սաքունցը:
«Ականատես» դիտորդական առաքելությունն էլ որոշ տեղամասերում առևերույթ ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության խախտումներ է արձանագրել. «Նաև վերահսկողության փորձեր, դրանք անշուշտ որոշակիորեն ազդում են որակի վրա, նաև պետք է նշեմ, որ ընտրախախտումների իրականացմանը մասնակցել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»:
«Ականատեսի» ներկայացուցիչ Սոնա Այվազյանը թվարկեց իրենց առանձնացրած խնդիրները. «21 տեղամասում արձանագրվել է տեխնիկական սարքի խափանման մեկից մինչև հինգ դեպք, երեք տեղամասում խախտվել է վիճակահանությամբ սահմանված աշխատանքային գործառույթների հերթափոխը, 21 տեղամասում արձանագրվել է 24 ուղղորդման և քվեարկության դեպքեր, 7 տեղամասում արձանագրվել է առերևույթ քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտման 7 դեպք, որոնց մի մասը միտված է եղել վերահսկելու քվեարկությունը»:
«Ականատեսը» նաև ներընտանեկան ուղղորդման դեպք է արձանագրել՝ կինը քվեախցիկում ամուսնուն հորդորել է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել: