Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը քիչ հավանական է համարում, որ Միացյալ Նահանգները միջազգային հակամարտություններում արդյունավետ միջնորդ կարող է լինել՝ հաշվի առնելով ամերիկյան գործողությունները համաշխարհային ասպարեզում։
«Դժվար է բոլոր իրավիճակներում արդյունավետ միջնորդ համարել մի երկրի, որը նախագահներ է առևանգում և մեկ ակնթարթում հակամարտություններ սկսում», - կրթական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտոնաթող նախագահը։
Reuters-ի դիտարկմամբ՝ Մեդվեդևը հղում էր անում հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կալանավորմանը, ինչպես նաև փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանը։
Մեդվեդևը միևնույն ժամանակ նշել է, որ Թրամփի վարչակազմը ջանքեր գործադրում է Ուկրաինայի շուրջ հակամարտությունը հանգուցալուծելու համար՝ ի տարբերություն նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի։
Ի տարբերություն Մեդվեդևի՝ Կրեմլից հետևողականորեն ընդգծել են Վաշինգտոնի արժեքավոր դերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։