Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ հայտարարությունները «էքսցենտրիկ» են և պայմանավորված են դաշինքի ներսում առկա հակասություններով, որոնք սրվել են Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։
«Ո՛չ Թրամփը ՆԱՏՕ-ից չի հեռանում, և ո՛չ էլ Ամերիկան։ Ակնհայտ է՝ դրա համար իրական պատճառ չկա, և Կոնգրեսը նույնպես դա թույլ չի տա»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով՝ հնարավոր են միայն խորհրդանշական քայլեր, օրինակ՝ ԱՄՆ ռազմական ներկայության որոշակի կրճատում կամ որոշ մատակարարումների դադարեցում։
Մեդվեդևը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ներսում կան «լուրջ ճեղքեր», որոնք ավելի են խորացել Իրանի շուրջ գործողությունների պատճառով։
«ԵՄ-ն այլևս միայն տնտեսական միություն չէ։ Այն կարող է բավական արագ վերածվել լիարժեք ռազմական դաշինքի, որը բացահայտ թշնամական կլինի Ռուսաստանի նկատմամբ և որոշ առումներով նույնիսկ ավելի վատ, քան ՆԱՏՕ-ն»,- ասել է նա։
Մեդվեդևը հավելել է, որ մինչև այս պահը Ռուսաստանը համեմատաբար հանգիստ էր վերաբերվում հարևան երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, ԵՄ անդամակցության հարցին, սակայն այժմ, նրա կարծիքով, ժամանակն է հրաժարվել այդ «հանդուրժող մոտեցումից», հատկապես եթե այն ներառում է ռազմական բաղադրիչ։