«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի վերանայի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։ Կուսակցության առաջնորդն ինքն ասաց. - «Ինչի՞ պետք է վերանայվի»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ չի տեսել տեսանյութը, որում Կոնջորյանի եղբայրը՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանը, սեռական հայհոյանքներ ու գյուլլելու սպառնալիքներ է հնչեցնում նախկին ընկերոջ՝ Աբովյանի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտ։
Սկանդալը երկուշաբթի օրը պայթեց՝ նախ ծեծի կադրերով։ Ծեծվողն Ավետ Կոնջորյանն է, ենթադրյալ ծեծողները՝ Հակոբյանն ու ընկերները։ Ըստ հետագա մեկնաբանությունների՝ երկու ՔՊ-ական ընկերները հայհոյանքի ու ծեծի են հասել «Միլոն Մայնինգ» կառուցապատող ընկերությունում ունեցած կոնֆլիկտի պատճառով։
«Միլոն Մայնինգ»-ի ու ՔՊ-ականների սերտ համագործակցության մասին «Հետք»-ն ամիսներ առաջ էր գրել։ Ըստ հետաքննող լրագրողների՝ ընկերությունը հեշտացված թույլտվություններ է ստանում, հետո այդ նորակառույցներում տներ ու տարածքներ են ձեռք բերում Կոնջորյան ընտանիքի անդամները, ավագանու ՔՊ-ական Նաիրի Հակոբյանը, Աբովյանի համայնքապետը։
Կոնկրետ Կոնջորյան ընտանիքի մասին հարց լրագրողները դեռ մարտին էին Փաշինյանին ուղղել՝ իրավապահները կաշկանդվա՞ծ են նրանց գործողություններին ընթացք տալու։
«Ուղարկեք էդ փաթեթը, մնացած տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին։ Վարչապետը ո՛չ քննիչ է, ո՛չ հետաքննիչ է։ Վարչապետը ասում է՝ իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ, պարտավորություններ, և իրենք իրենց պարտավորությունները պարտավոր են կատարել», - արձագանքել էր վարչապետը:
Կոնջորյաններին ուղղված հարցերը «մակուլատուրա» անվանելն ազդակ չէ՞ր իրավապահներին, որ այս մարդիկ անձեռնմխելի են, իրեն պատասխանատու զգո՞ւմ է վերջին աղմկոտ պատմությունների համար, այսօր «Ազատություն»-ը հետաքրքրվեց վարչապետից:
«Ցանկացած դեպք՝ և՛ նախկինում նշված, և՛ չնշված, և՛ հայտնի, և՛ որը կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետք է չլինի, և ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետք է ծեծի ենթարկի», - պատասխանեց Փաշինյանը:
Թեպետ որևէ ուսումնասիրություն այդպես էլ չեղավ «մակուլատուրա» որակված հարցադրումների հետքերով, բայց Փաշինյանը վստահ է՝ կոռուպցիայի հարց չկա այստեղ. - «Ի՞նչ կապ ունի դա կոռուպցիայի հետ։ Այսինքն՝ երկու մասնավոր անձ իրար հետ ինչ-որ հարց ունեն: Էսօր հազարավոր, էսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն, մասնավոր անձը իրավաբանական անձի հետ։ Դրա պատասխանը իրավական պրոցեսն է»։
Որ թիմակիցները հենց իր՝ Փաշինյանի անունը տալով շահավետ գործարքներ են փորձում կնքել, ընդհուպ՝ խանութ խլել, նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանն է մի քանի օր պատմում՝ զայրացած, որ Կոնջորյաններին թույլ են տալիս հարստանալ, իսկ իրեն, պարզվեց, չէր կարելի. - «Իսկ ո՞նց ա ըլնում, որ կարա Ավետ Կոնջորյանները կամ եսիմ ովքեր հարստանան, մենք չկարենանք հարստանանք։ Էդ խի՞ չպիտի, էլի, հարստանանք, ասենք, մենք»։
«Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում», - այսօր ընդգծեց վարչապետը:
Թեպետ տարածվել են թե՛ ծեծի ու թե՛ հայհոյանքի սպառնալիքների կադրերը, Փաշինյանը չի կարծում, որ ՔՊ-ականների վարքը ներկուսակցական քննարկման թեմա պիտի դառնա։ Իրավապահները թող քննեն, հետո կորոշեն՝ հեռացնե՞լ նրանց կուսակցական շարքերից, թե՞ ոչ։ Այնինչ կուսակցությունն ազնվության ու պարկեշտության վերաբերյալ առանձին գլուխ ունի իր էթիկայի կանոնագրքում։
Վարչապետի թիմակիցներից Ռոմանոս Պետրոսյանը մինչև այդ չէր բացառում, որ այս կուսակցականների հարցը կքննարկի վարչությունն ու անգամ Հայկ Կոնջորյանի թեկնածությունը կվերանայի: «Այդ մասով չեմ կարող ոչինչ մեկնաբանել և ոչինչ չեմ կարող բացառել», - ասել էր Պետրոսյանը:
Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով դեռ երկուշաբթի հինգ հոգու մեղադրանք էր առաջադրվել։ Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը ու բացակայելու արգելքը։ Մեղադրյալներից Նաիրի Հակոբյանի փաստաբանի կարծիքով՝ աննախադեպ խիստ խափանման միջոց է։
«Ոչ մեծ ծանրության արարքի մեջ մեղադրվող անձ, որը նախկինում դատապարտված չի եղել, այսինքն՝ օրենքի ուժով չի էլ կարա ազատազրկվի, ու 2 միլիոն դրամ գրավ խափանման միջոցը, դա շատ խիստ է», - «Ազատությանն» ասաց Աբգար Պողոսյանը:
Իսկ Ավետ Կոնջորյանի հայհոյանքների ու գյուլլելու սպառնալիքների մասով առանձին վարույթ դեռ չկա։ Այսօր Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնեց՝ հաղորդում են ներկայացրել Դատախազություն, հիմնավորելով՝ քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն զբաղվում են, իսկ առերևույթ խուլիգանության, հայհոյանքների դեպքով՝ ոչ, ու քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, ռիսկ կա, որ իրավապահները աչք փակեն դրա վրա։
Հաղորդում ներկայացրել է նաև հայհոյանքների ենթադրյալ հասցեատեր Նաիրի Հակոբյանի պաշտպանական թիմը։
«Այսօր առավոտյան արդեն նաև պարեկային ծառայողի մասով, հայհոյանքների և հնչեցրած սպառնալիքների մասով դիմել ենք գլխավոր դատախազին», - փոխանցեց Աբգար Պողոսյանը: Փաստաբանը վստահ է, որ պարեկներն ուղեկցում են Ավետ Կոնջորյանին, որ նա անարգել հայհոյի. - «Վստահաբար՝ ուղեկցում են, մեր կարծիքով՝ այստեղ ևս առկա է հանցակազմ, օրինակ, հա՞, պաշտոնական լիազորությունների անցման մասով»։
Ավետ Կոնջորյանն առայժմ տուժող է ծեծի դեպքով։ Կդառնա՞ մեղադրյալ խուլիգանության հոդվածով՝ հայտնի չէ։