Մատչելիության հղումներ

Ավետ Կոնջորյանի ծեծի գործով ձերբակալվածներից մեկը նրա նույնպես ՔՊ-ական նախկին ընկերն է

Ավետ և Հայկ Կոնջորյաններ, կոլաժ
Ավետ և Հայկ Կոնջորյաններ, կոլաժ

«Ամեն Աստծու օր ինքը պարբերաբար ոչ սթափ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր, իմ աղջիկ երեխեն սարսափած իր սենյակից գալիս էր իմ մոտ՝ «մամա, էս ինչ ա». - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու գործով ձերբակալվածներից Նաիրի Հակոբյանի կինն է պատմում: Ծեծին նախորդած շրջանում պարբերաբար կրկնվել է այս տեսարանը ամուսնու նախկին ընկերոջ՝ Ավետ Կոնջորյանի կատարմամբ. - «Իրա եղբայրը պաշտոնյա է, որ ինքը իրան կարա թույլ տա նման բաների: Ուղղակի ապշեցի, որ էդ վերջին դեպքը եղավ, ու պարեկը իրան ուղեկցում էր. ինքը վերջին աստիճանի բառերով հայհոյում է, պարեկը ուղեկցում է իրան, հետևից գնում է»։

Դաժանաբար ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանը, այսօր առավոտյան այս տեղեկությունն ու ծեծի տեսանյութը տարածեց լրագրող Գայանե Զարգարյանը։ Նա նշում է, որ հուլիսի 24-ի կեսգիշերին Աբովյան քաղաքում, իր տան տարածքում ծեծվել է Ավետ Կոնջորյանը։

Կոնջորյանն ինքը հրաժարվում է մեկնաբանությունից, միայն ասում է՝ «վատ եմ, հիվանդանոցում եմ», թեպետ երեկ ուշ երեկոյան սոցցանցում նկար էր տարածել, որում հիվանդանոցում չէ, ժպտում է, սուրճ խմում։

Ավետ Կոնջորյանի եղբայրը՝ Հայկ Կոնջորյանը, որ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու է, գերադասում է ոչինչ չասել։

«Պարոն Կոնջորյան, ձեր եղբոր ծեծի հետ կապված ի՞նչ կարող եք ասել, ինչո՞ւ է ծեծի ենթարկվել», - «Ազատության» այս հարցին Հայկ Կոնջորյանն արձագանքեց. - «Հաջողություն ձեզ»:

Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության ու խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել Քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչությունը։ Երկու հոգի ձերբակալվել է, հայտնում են գերատեսչությունից։ Միջադեպի մյուս մասնակիցներին դեռ որոնում են։

Կադրերում բռնություն գործադրող չորս հոգանոց խմբի ենք տեսնում։ Ձերբակալվածներից մեկը Աբովյանի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանն է։ Ծեծի տեսանյութից հետո տարածվեցին հայհոյանքի կադրերը։ Հենց Նաիրի Հակոբյանի տան կողքով մեքենայով անցնում է Ավետ Կոնջորյանը՝ թունդ սպառնալիքներով ու հայհոյանքներով. - «Քեզ գյուլլելու եմ»:

Երկու ՔՊ-ականներին՝ նախկին ընկերներին առնչվող այլ աղմկոտ պատմություն կա՝ «Միլոն Ռիելթի» ընկերությունը, որի տնօրենը Կոնջորյանն էր մինչև այս տարեսկիզբ, իսկ փոխտնօրենը՝ Նաիրի Հակոբյանը։

«Ես գիտեմ, որ իրանք երկու ընկեր են, իրար մեջ եսիմ ինչ է եղել, չգիտեմ։ Շենքի հետ կապված բան է եղել, թե անձնական ինչ-որ բան է, չգիտեմ, էլի». - Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որ գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն էր, բայց այժմ կապերը խզել է ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի հետ, պնդում է՝ անտեղյակ է, թե ինչ պատմություն է, բայց որ այս երկուսի ու «Միլոն Ռիելթի» ընկերության հետ ակտիվ համագործակցել է, պարզել էր «Հետք»-ը՝ դեռ ամիսներ առաջ հրապարակած հետաքննությամբ։ Ըստ հետաքննող լրատվամիջոցի՝ շինարարական ընկերությունը թույլտվությունները, փորձաքննությունները ստանում է հեշտացված կարգով, նույնիսկ Աբովյանի զբոսայգու հաշվին։ Հետո նրա կառուցած շենքերում հարմար պայմաններով տներ ու տարածքներ են ձեռք բերում Կոնջորյանները, ավագանու ՔՊ-ական Նաիրի Հակոբյանը, համայնքապետ Բաբայանի մայրը։

Որ Ավետ Կոնջորյանն ու Նաիրի Հակոբյանը ընկերներ էին ու աշխատում էին միասին, հաստատում է նաև վերջինիս եղբայրը. - «Իրար հետ աշխատել են, շատ լավ հարաբերություններ է եղել, Նաիրին է իրեն տարել այնտեղ, որ աշխատի, ինքը, ասենք, ընկերներ են եղել, տենց, աշխատել են, հետո ինչ-որ հարցեր է եղել վատ իր աշխատանքի մեջ, դրա համար իրեն հեռացրել են, էլի, էլ չի աշխատում էնտեղ»։ Ըստ նրա՝ գժտության պատճառն այն է, որ Կոնջորյանը խաբել ու խարդախություն է արել։

Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրն առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկոտ պատմության էպիկենտրոնում։ 2010-ին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ Անցած տարի էլ զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարով ու երեք ամիս անց նորից հայտնվել մեքենայի ղեկին։ Նախկինում դատապարտված Կոնջորյանը դատվածություն չունենալու մասին տեղեկանքով խուսափել էր ավելի խիստ պատժից։

Հայկ Կոնջորյանն օգտագործո՞ւմ է իր դիրքը, իրավապահները կաշկանդվածություն ունե՞ն՝ ընթացք տալու նրա ու եղբոր գործողություններին, այս տարվա մարտին լրագրողները Կոնջորյան եղբայրների վարքի վերաբերյալ հարց ուղղեցին Փաշինյանին՝ հիշելով թե՛ նորակառույցների ու թե՛ վարորդական իրավունքի պատմությունները։

Վարչապետ Փաշինյանն այս ամենը համարեց մերկապարանոց մեղադրանքներ։ «Ուղարկեք էդ փաթեթը, մնացած տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին։ Վարչապետը ո՛չ քննիչ է, ո՛չ հետաքննիչ է։ Վարչապետը ասում է՝ իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ, պարտավորություններ։ Եվ իրենք իրենց պարտավորությունները պարտավոր կատարել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը էթիկայի կանոնագիրք ունի, ըստ որի՝ իրենք պիտի պարկեշտ, համեստ ու զուսպ լինեն, մերժեն կոռուպցիան, իշխանության չարաշահումն ու օրենքի ցանկացած խախտում։ Այս միջադեպի կողմերը ՔՊ-ականներ են։ Մեկին խմբակային ծեծի կադրերում ենք տեսնում, մյուսը սեռական հայհոյանքներով պտտվում է ախոյանի տան շուրջը։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG