Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով հինգ հոգու մեղադրանք է առաջադրվել՝ ֆիզիկական ներգործության հոդվածով։ Կալանավորվածներ չկան՝ հինգից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։ Ենթադրվում է՝ նույն միջոցները կկիրառվեն նաև մյուս երեքի նկատմամբ։
Մեղադրյալներից Նաիրի Հակոբյանի փաստաբանին «Ազատություն»-ը հարցրեց՝ իր պաշտպանյալն ընդունու՞մ է մեղադրանքը։ «Դիրքորոշում չի հայտնել, այլ կերպ ասած՝ չի ընդունում», - ասաց Աբգար Պողոսյանը:
Նաիրի Հակոբյանն Աբովյանի ավագանու ՔՊ-ականներից է, ծեծված ու այժմ տուժողի կարգավիճակ ստացած Կոնջորյանի նախկին ընկերը։ Նրա ընտանիքի անդամները երեկ «Ազատությանը» պատմել էին, որ ծեծին նախորդած շրջանում Կոնջորյանը մեքենայով բազմիցս մոտեցել է իրենց տանն ու սեռական հայհոյանքներ հնչեցրել, նաև այդ մասին վկայող տեսանյութեր տարածվեցին։
«Ամեն Աստծու օր ինքը պարբերաբար ոչ սթափ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր», - մասնավորապես ասել էր Հակոբյանի կինը:
Ընտանիքի պատմածից հասկացանք, որ նախկին ընկերները միմյանց հետ հաշիվ են պարզել, Կոնջորյանի չդադարող հայհոյանքներին հետևել է ծեծը, իսկ գժտության պատճառների մասին վարկածները երկուսն են՝ Ավետ Կոնջորյանին են մեծ գումար պարտք եղել, կամ ինքն է պարտք եղել։ Բանն այն է, որ Նաիրի Հակոբյանը նորակառույցների վաճառքով զբաղվող «Միլոն Ռիելթի» ընկերության փոխտնօրենն էր, Կոնջորյանը՝ տնօրենը։
Հակոբյանի եղբայրն ասում է՝ «ոչ թե մենք, այլ Կոնջորյանն ինքն է պարտք»: «Խարդախություն, էլի, եսիմ, խաբել է, մենք իրեն վաբշե փող պարտք չենք, եթե պարտք ենք, թող օրենքով գան, հլը տեսնենք ոնց ենք պարտք, մեր մոտ ամեն ինչ օրենքով է», - հայտարարեց Վոլոդյա Հակոբյանը:
Ավետ Կոնջորյանը երեկվանից հրաժարվում է մեկնաբանել այս աղմկոտ միջադեպը։ «Միլիոն Մայնինգ»-ի ներկայացուցիչները հետքին պատմել են, որ նա բնակարանների գնորդներից ավել գումարներ է վերցրել, վաճառել ավտոկայանատեղիները առանց սեփականատիրոջ գիտության, ընկերությանն ավելի քան 100 հազար դոլարի վնաս է հասցրել, բայց որոշել են շատ չխորանալ ու Կոնջորյանին գործից հանելով հարցը փակել։ Բայց հարցը չի փակվել, հակառակը։ «Միլիոն Մայնինգ»-ի ու ՔՊ-ականների սերտ համագործակցության մասին «Հետք»-ը ամիսներ առաջ էր գրել։ Ընկերությունը հեշտացված թույլտվություններ է ստանում, հետո այդ նորակառույցներում տներ ու տարածքներ են ձեռք բերում Կոնջորյան ընտանիքի անդամները, ավագանու ՔՊ-ական Նաիրի Հակոբյանը, Աբովյանի համայնքապետը։
«Քաղաքացիական պայմանագրի» Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանը եղբոր հետ կապված աղմկոտ պատմությունը երեկ չմեկնաբանեց, այսօր պարզաբանում տարածեց: «Հարցն իրավապահների տիրույթում է, վստահ եմ՝ բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն», - գրում է Կոնջորյանը, բռնության ցանկացած դրսևորում՝ ֆիզիկական, հոգեբանական, համարում անընդունելի՝ անկախ այն գործադրողի անձից։ Ենթադրվում է՝ Կոնջորյանն այսպիսով դատապարտում է ոչ միայն իր եղբորը ծեծելը, այլև նրա սեռական հայհոյանքները։
«Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից, անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած։ Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ», - վստահեցնում է Հայկ Կոնջորյանը:
Բայց կարմիր գծերի բացակայության մասին է խոսում ՔՊ շարքերից 2023-ին հեռացված Թաթուլ Ասիլյանը։ Նա մեղադրյալ էր կաշառքի միջնորդության քրեականագործով ու հիմա զայրանում է՝ իրեն չէր կարելի հարստանալ, Կոնջորյաններին կարելի՞ է. - «Իսկ ո՞նց ա ըլնում, որ կարա Ավետ Կոնջորյանները կամ եսիմ ովքեր հարստանան, մենք չկարենանք հարստանանք։ Այդ խի՞ չպիտի, էլի, հարստանանք, ասենք, մենք։ Խի՞ իրանք պիտի արտոնություն ունենան, ասենք, խի՞ պիտի իրենք ունենան։ Ախպեր, դե մենք էլ էինք էլի թույլտվություն տալի, ի՞նչ է եղել, տալիս էինք, էլի։ Էդ խի՞ բռնեցիք տենց մեզ»:
Թաթուլ Ասիլյանը շարունակում է Փաշինյանի համակիրը մնալ ու ֆեյսբուքյան մի քանի տեսաուղերձներով հենց նրան է դիմում. - «Ուրեմն սրանք էրկու ախպերով, պարոն վարչապետ, թաթախված են լիքը մեծ գործերի մեջ»։
Ըստ հեռացված ՔՊ-ականի՝ Ավետ Կոնջորյանը փորձել է իր ընտանիքից խանութ վերցնել, այդ գործը գլուխ բերելու համար Փաշինյանի անունն է տվել: Ու ընդհանրապես ուզում է, որ վարչությունը նրանց հարցը քննարկի, պարզի՝ ինչպես հարստացան մի քանի տարում. - «Ըստ օդում կախված լուրերի՝ ասում են, որ վերջը դրսերում էլ բաներ ունեն, գույքեր ունեն ձեռք բերած, էդ ինչո՞վ, էլի, ախպեր»:
Արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագրում» Կոնջորյանների հարցը քննարկման կդրվի։ Հայկ Կոնջորյանը կշարունակի՞ մնալ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։ Սրանք դեռ անպատասխան հարցեր են։
Ավետ Կոնջորյանը չի հերքել, որ նախկին ընկերոջ տան մոտ հայհոյանքներ բղավողն ինքն է։ Նաիրի Հակոբյանի ընտանիքը բարձրաձայնել է, որ սա տևական շրջան
շարունակվել է, իրենք ահաբեկված են։
Տեսանյութերից մեկում հայհոյախոսության ու սպառնալիքների ականատես են պարեկները։ Նրանք ուղեկցո՞ւմ են հայհոյախոսին, ովքե՞ր են, ինչո՞ւ չեն միջամտում. այս հարցերով «Ազատություն»-ը դիմել է Ներքին գործերի նախարարություն, պատասխան չկա: Իսկ Ավետ Կոնջորյանի հայհոյանքները քննության առարկա կդառնան ծեծի գործի շրջանակներում, տեղեկացրեցին Դատախազությունից։