Մատչելիության հղումներ

Փաշինյան. Կոնջորյանի թեկնածությունը ինչի՞ պետք է վերանայվի

Ավետ և Հայկ Կոնջորյաններ, կոլաժ
Ավետ և Հայկ Կոնջորյաններ, կոլաժ

«Ցանկացած դեպք՝ և՛ նախկինում նշված, և՛ չնշված, և՛ հայտնի, և՛ որը կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ազատության» հարցին ի պատասխան խոսելով իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի և դրան նախորդած դեպքերի շուրջ:

«Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետք է չլինի, և ես չեմ հիշում, որ որևէ մեկը ... նշած լինի, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետք է ծեծի ենթարկի», - ընդգծեց վարչապետը:

«Երկու մասնավոր անձ իրար հետ ինչ-որ հարց ունեն: Էսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն, մասնավոր անձը իրավաբանական անձի հետ: Դրա պատասխանը իրավական պրոցեսն է», - նշեց Փաշինյանը:

Հարցին՝ կարո՞ղ է կուսակցությունից հեռացվեն Ավետ Կոնջորյանը և Նաիրի Հակոբյանը, վարչապետն արձագանքեց. - «Գիտե՞ք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում: Կուսակցության ներսում քննարկում չկա, իրավական պրոցեսների ավարտից հետո եթե կլինի... Էդպիսի դեպքեր եղել է, իմիջիայլոց, երբ որ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, և մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»:

«Ազատության» հարցին էլ՝ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածության հարցը չի՞ վերանայվի, վարչապետը պատասխանեց. - «Ինչի՞ պետք է վերանայվի: Յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար»:

Ավետ Կոնջորյանը ծեծի է ենթարկվել մոտ մեկ շաբաթ առաջ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով»:

Ծեծի համար մեղադրվողներից Նաիրի Հակոբյանի ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ ծեծին նախորդած շրջանում Կոնջորյանը մեքենայով բազմիցս մոտեցել է իրենց տանն ու սեռական հայհոյանքներ հնչեցրել, նաև այդ մասին վկայող տեսանյութեր տարածվեցին։

Հայկ Կոնջորյանը եղբոր հետ կապված աղմկոտ պատմության վերաբերյալ երեկ պարզաբանում տարածեց: «Հարցն իրավապահների տիրույթում է, վստահ եմ՝ բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն», - գրել էր ՔՊ-ական պատգամավորը, բռնության ցանկացած դրսևորում՝ ֆիզիկական, հոգեբանական, համարել անընդունելի՝ անկախ այն գործադրողի անձից։


XS
SM
MD
LG