Մատչելիության հղումներ

ՔՊ քարոզարշավի նախավերջին օրը խորովածն ու խաշլաման մնացին սեղանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ, արխիվ

Քարոզարշավի նախավերջին օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրողների հետ հանդիպումներին ընդհանուր առմամբ 65 րոպե հատկացրեց, որից 23 րոպեն անցկացրեց Խարբերդում, 42-ը՝ Նորագավիթում:

Խարբերդում Փաշինյանը ընտրողների հետ քննարկեց առավոտյան լրահոսը: Ինքը մինչև քարոզարշավային օրը սկսելը կարդացել էր, որ ԱՊՀ երկրներից Հայաստանի քաղաքացիներ գալիս են մասնակցելու ընտրությանը: Զարմանալու են այդ մարդիկ, հենց իջնեն «Զվարթնոց» օդանավակայան, խարբերդցիներին հայտնեց վարչապետը:

«Նախ առաջին բանը, որ տեսնելու են, հետևյալն է, որ իրենք հասանելիություն ունեն ինտերնետին, այսինքն՝ ամենատարբեր VPN-ներ գործարկելու անհրաժեշտությունից, իրենց ազատ են զգալու, և դա առաջին զարմանալի փաստն է լինելու նրանց համար: Ընդ որում, նրանք զարմանքով արձանագրելու են, որ Հայաստանում կա ոչ միայն շարժական ինտերնետ, ոչ միայն լարային ինտերնետ, այլև կա նաև արբանյակային ինտերնետ», - հայտարարեց Փաշինյանը:

ԱՊՀ երկրներից ինտերնետի հասանելիությունը խնդրահարույց է հատկապես Ռուսաստանում: Իսկ այն, որ Հայաստանում սոցիալական ցանցերն ամբողջությամբ հասանելի են, վարչապետը դեռ ամիսներ առաջ հարկ էր համարել ընդգծել անգամ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Այսօրվա քարոզարշավին Փաշինյանը դարձյալ կրկնեց՝ Հայաստանում մարդիկ հնարավորություն ունեն ոչ միայն իրենց նախընտրած բովանդակությունը տարածել համացանցում, այլև դրանով գումար աշխատել:

Խարբերդի բնակիչները շուրջ 15 րոպե վարչապետից լսում էին, թե էլ ինչեր են տեսնելու և ինչով են զարմանալու Երևան ժամանող հայերը՝ մարդաշատ օդանավակայանից մինչև բարեկարգ ճանապարհներ, հանրային տրանսպորտի բարեփոխումներ ու ժամանակակից վերելակներ:

«Նրանք զարմանքով են արձանագրելու, որ քաղաքացին բան որոշում ա ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում և արդեն իսկ ամեն ինչ գլխից որոշված չէ: Եվ նրանք գնալու են մտնեն ընտրատեղամաս՝ նրանք, ովքեր պետք ա գնան ընտրատեղամաս, և նրանք ընտրելու են երկու բանի միջև՝ նրանք ընտրելու են՝ Հայաստանը պետք է լինի Նիժնի Տապռի գյո՞ւղ, թե՞ Հայաստանը պետք է լինի Հայաստանի Հանրապետություն», - ասաց Փաշինյանը:

Հանդիպումն ավարտվեց, բայց Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկտրվեց Հայաստան ժամանողներին զարմացնելու թեմայից: Իսկ Խարբերդում մարդկանց հետաքրքրում էր՝ երբ են լուծվելու հենց իրենց խնդիրները:

«Ոչինչ չկա, ոչ դպրոց կա, մանկապարտեզը հենց նոր են կառուցում, ... ոչ մանկապարտեզ կա՝ նոր ա հլը դեռ, երբ կլինի՝ չենք իմանում, գազ չունենք, տրանսպորտը նորմալ չի աշխատում: Ես, թույլ չտվեցին խոսամ՝ ես տեղյակ պահեի Փաշինյանին, մի հատ գնալուց կխնդրեի կամուրջի վրայով անցնելուց, շոֆերները գիտե՞ս ինչ են անում ժողովրդին՝ խաչակնքում են երեսները, կամուրջի վրայով անցնում են, որ ավտոբուսը շուռ չկա», - «Ազատությանը» ասաց մի կին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակից այդ կինը այդպես էլ հնարավորություն չունեցավ վարչապետին ներկայացնելու իրենց բնակավայրի հոգսերը՝ անգամ հավաքի ավարտից հետո. - «Ես ուզում էի մի քանի բան ես իրան խնդրեի, չեն թողում, որ խոսաս, էդ լավ չի: Բա եկել ենք ստեղի հոգսերի համար, բա մի բառ չասե՞նք»:

«Ազատության» զրուցակիցը դժգոհեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» շտաբի աշխատանքից, թե լավ չեն աշխատել, պաշտոնական տվյալով 8 հազար 500 բնակիչ ունեցող Խարբերդում հանդիպումն ավելի մարդաշատ պետք է լիներ. - «Մենք եղել ա, որ, օրինակ, Ավինյանն ա եկել հանդիպման, ավելի շատ ժողովուրդ էր եկել, քան թե Փաշինյանին, Փաշինյանին պիտի շատ գային»:

Նորագավիթում հավաքվածներին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրվել է TRIPP-ի իրագործման համաձայնագիրը, այն որակեց դարակազմիկ իրադարձություն: Մարդկանց վստահեցրեց, թե այդ փաստաթղթով Մեղրին տալու թեման փակվել է, իսկ չհավատացողներին առաջարկեց ստուգել ինքնուրույն:

«Հիմա ինչ որ ասում եմ, էլ հավատալ-չհավատալու թեմա չի, այ էսօր դուք կարող եք հենց էստեղից մտնել ինտերնետ, ինչ որ ասում եմ՝ ինտերնետում ստուգել: Ինչ ա տեղի ունեցել. TRIPP նախագծի համաձայնագրի տեքստում հստակ գրված ա, որ TRIPP նախագիծը իրագործվում ա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա: Բայց, որ տարընթերցումների տեղ չլինի, մի հատ էլ գրված ա. Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք իրավազորությունը մաքսային և սահմանային անցման ընթացակարգերի վրա», - հայտարարեց վարչապետը:

Ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթով Հայաստանը համաձայնել է, որ TRIPP-ի սահմանային անցակետերում հաճախորդների հետ անմիջական շփում պահանջող ծառայությունները մատուցեն մասնավոր օպերատորները: Հայ սահմանային և մաքսային ծառայության աշխատակիցների չհանդիպելու պահանջ տարիներ շարունակ ներկայացնում էր Բաքուն:

Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրողներին ասաց՝ ինչպես ջախջախվել են միջանցք տալու ընդդիմադիրների պնդումները, այնպես էլ՝ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով բանակը քանդելու թեզը. - «Եվ մայիսի 28-ի զորահանդեսը, դուք ասեք, ջախջախե՞ց էդ բոլոր խոսույթները»:

«Այո՜», - արձագանքեցին հավաքվածները:

Վարչապետի սահմանափակ ժամանակը թույլ չտվեց երկար մնալ. հյուրասիրության սեղանից Նիկոլ Փաշինյանը հասցրեց միայն սիմվոլիկ համտես անել, իսկ խաշլաման ու խորովածը մնացին սեղանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG