Մատչելիության հղումներ

Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Լրացված

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրում է փաստաթուղթը։

«Պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, առաքվել է փաստաթուղթը Հայաստան, այժմ ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի: Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, համաձայնագիրը պատրաստ է վավերացման», - հայտարարեց Միրզոյանը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանն ավարտված է, նշել է. «Այն ոչ միայն ավարտված է, այլ եզրափակվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ես երեկ ստորագրել եմ, որը ստեղծում է նոր բարգավաճման ուղի՝ TRIPP ուղին: Այն երկու երկրներին, մասնավորապես Հայաստանին կտրամադրի հնարավորություններ՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը»

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն էլ հայտարարում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը:

«Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն», - ասված է հայտարարությունում։

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել էր մայիսի 26-ին՝ կարճատև այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից:

Հայ-ամերիկյան փաստաթղթով ամրագրվել է՝ «Թրամփի ուղու» սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայությունների մատուցման համար Հայաստանը կօգտվի մասնավոր օպերատորների ծառայություններից:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր հերքել՝ ճանապարհով անցնող-դարձողի առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կարող է և երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG