«Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը», այս խոսքերով քարոզարշավային բոլոր ելույթները եզրափակող վարչապետին 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Մարիամ Վարդանյանն այսօր այդպես էլ մոտենալու հնարավորություն չունեցավ: Իրավապահներն ու ՔՊ քարոզչախմբի աջակիցներն արգելեցին, որ կինն ասելիքը փոխանցի Նիկոլ Փաշինյանին:
«Էս շոուն, որ կազմակերպել է, իմ նման սգվորներս սիրտ չունենք: Իրա օրանժ սրտիկները բերում է էս տարածք, իմ երեխեքը երկու-երկու...իմ Արմանը...լույսի նման իմ թագավոր տղեն գնաց իրա երեխու հետ միասին զոհվեց: Տարավ հասցրեց Ջաբրայիլ իմ երեխեքին, ինչի տարար իմ երեխեքին կոտորեցիր, ինչի իմ տունը քանդեցիր»,- ասում է 2020-ի պատերազմում զոհվածի մայրը, ով արդեն վեց տարի է՝ լուր չունի նաև թոռանից:
Մարիամ Վարդանյանի թոռն անհետ կորած է համարվում 44-օրյայից հետո: Տիկին Մարիամն այսօր News.am-ին պատմել էր՝ առավոտյան էր լսել՝ իրենց թաղամաս վարչապետ Փաշինյանի այցի մասին: Նրան տեսնելու էր եկել «սև սիրտը» ձեռքին, բայց իրավապահներն այդպես էլ թույլ չտվեցին, որ որդեկորույս մոր ձայնը հասնի մի քանի մետր այն կողմ քարոզարշավ անող վարչապետին:
«Եկել է այստեղ ռեկլամ ա անում, որ թազա ընտրվի: Սա իմ սիրտն է, նայեք, ժողովուրդ, նա ոչ մեկին չի սիրում, մենակ իրա աթոռն ա ուզում, չի վայելելու ինքը»,- ասում էր որդեկորույս մայրը:
Մի քանի վայրկյան և ողբացող կնոջ ձայնն աղմուկով խլացվեց, վարչապետի առաջնորդած քարոզչախումբը ոչ միայն երգում, պարում էր, այլև սուլում ու ծափահարում՝ զուգահեռ հայացք նետելով նաև ոստիկանական օղակի մեջ մնացած կնոջը:
«Թողեք ինձ, մի բռնեք ինձ, ես ինձ վատ եմ զգում»,- ասում էր կինը:
Որպեսզի զոհվածի մորը չհաջողվեր մոտենալ Նիկոլ Փաշինյանի քարոզչախմբին, զգոնությունը չէր կորցնում հատկապես սպիտակ պիջակով մի կին: Նա ինչ-որ պահի անգամ հրեց պատերազմում որդուն ու թոռանը կորցրած կնոջը՝ ընթացքում պահանջելով, որ լրագրողը դադարեցնի նկարահանումը:
Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերն էին պարզել, որ զոհվածի մորը հրողը Անաիդա Գալստյան անունով մի կին է, որի ֆեյսբուքի էջում, նշված է, թե Ստեփանակերտից է: Նրա էջում տեղադրված են նաև լուսանկարներ, որտեղ կինը ոստիկանական համազգեստով է:
Իսկ Հայաստանի քարտեզը կրծքին ամրացրած «Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ աջակիցն ավելի հեռուն գնաց՝ որդեկորույս մորը հարցնելով, թե նրան ինչքան են վճարել:
Այսպիսի հարց իր քննադատներին տալիս է նաև Նիկոլ Փաշինյանը: Բայց քարոզարաշվի վերջին երկու շաբաթները գրեթե ոչ մեկի չի հաջողվել վարչապետին անհանգստացնել։
Արաբկիրում տեղի ունեցած մի քանի միջադեպից հետո ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները հոգ են տանում, որ այլախոհները Նիկոլ Փաշինյանին չմոտենան: Վարչապետն ինքն էլ է արդեն դեմ այդպիսի շփումներին. անցած շաբաթ էր հարթակից հայտարարել, երբ հերթական անհամաձայնությանն էր բախվել:
«Տիկնոջը, ոստիկանություն, եկեք հեռացրեք, հա: Սա համախոհների հավաք է, եթե համաձայն չեք, գնացեք»,- ասում էր Փաշինյանը:
Քարոզարշավի 25-րդ օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պտտվող վարչապետին համակիրները շնորհավորելու առիթ ունեին: Նիկոլ Փաշինյանն այսօր Թաթայի 16 տարեկան եմ դարձել երգի ներքո տոնում էր 51 ամյակը:
Օրվա ավարտին արդեն Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում էր՝ երեխաներին շնորհավորելու: