Ի՞նչ էր խոստանում և ի՞նչ է թողնում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այս շաբաթ կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
15 չկառուցված ջրամբար
2021-2026 թվականների ծրագրով կառավարությունը պետք է 15 ջրամբար կառուցեր, սակայն, հինգ տարիների ընթացքում դրանցից որևէ մեկի շինարարության մեկնարկը չի տրվել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատությանը» հայտնել են՝ 15 ջրամբարներից 5-ի նախագծման աշխատանքներն են միայն ավարտել, մեկինն էլ դեռ նոր են սկսել։
Ջրամբարները առանցքային նշանակություն ունեն ջրային ռեսուրսների կառավարման ու գյուղատնտեսության համար։ Դրանց կառուցումը թույլ կտար նաև ոռոգման համակարգերը դարձնել ինքնահոս։ Արդյունքում, ըստ կառավարության հաշվարկների ու փորձագետների, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կմեծանար, գինը կնվազեր՝ բոլորի համար:
Չկառուցված դպրոցներ ու մանկապարտեզներ
Մինչև 2026 թվականը կառավարությունը նաև խոստացել էր կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Սակայն, տարեսկզբին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, դեռ 100 դպրոցների և 280 մանկապարտեզների շինարարական աշխատանքներն են ավարտել:
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր՝ մինչև տարեվերջ կավարտեն ծրագիրը. «ենթադրենք արդյունքում լինի այնպես, որ 2026-ի դեկտեմբերի 31-ին պարզվի, որ պատրաստի դպրոցների թիվը 315 է կամ 298, դրանից ի՞նչ է փոխվում», - հավելել էր Փաշինյանը:
Չստեղծված լաբորատորիաներ
Նույն ծրագրով նաև 1400 դպրոցներում պետք է ստեղծվեին ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ: Սակայն, ԿԳՄՍ նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են՝ ներկայում 802 դպրոցներ են համալրվել լաբորատորիաներով, իսկ մնացած դպրոցները, որտեղ նույնպես նախատեսված է լաբորատորիաների ստեղծում, կհամալրվեն այս տարվա ընթացքում:
Չհաղթահարված կոռուպցիա
Կառավարության անկատար խոստումներից է կոռուպցիայի բոլոր դրսևորումներն «արմատախիլ անելը»։ Այստեղ, սակայն, անգամ հետընթաց կա։ Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի` Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024-ի համեմատ նվազել է մեկ միավորով՝ դառնալով 46: Այնինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել էր 2023-2026 թվականներին հակակոռուպցիոն ռազմավարությամբ այդ ցուցանիշը հասցնել 55-ի:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի հաշվետվության և ամենշաբաթյա ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անգամ ընդունել՝ մաֆիա կա բոլոր օղակներում․ «Այո, մաֆիա կա, այդ թվում՝ քաղաքական արտահայտությամբ և քաղաքական մակարդակով, որովհետև իրենք, այդ թվում՝ ժողովրդավարության գործիքներն օգտագործելով շարունակում են ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում»:
Վերջին տարիներին մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել իշխող կուսակցության ղեկավար կազմի ունեցվածքի ընդլայնումը, պետական գնումներում նրանց ազգականների ներգրավվածությունը։ Քննչական մարմիններում կասկածելի արդյունավետությամբ քննվում են քրեական գործեր հենց կառավարության կողմից ղեկավարված ԱՆԻՖ հիմնադրամի, կորոնավիրուսի բուժման համար հատկացված միջոցների ենթադրյալ յուրացման և «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման հետ կապված։
Չվերացած գործազրկություն
Մինչև 2026-ը կառավարության նպատակներից էր գործազրկության մակարդակը 10 տոկոսից ցածր դարձնել: Բայց, 2025-ի 3-րդ եռամսյակի դրությամբ այդ թիվը կազմել է 12.8 տոկոս: 2024-ի 3-րդ եռամսյակի (13.43 տոկոս) համեմատությամբ առաջընթաց կա, սակայն, դեռ սահմանված ցուցանիշին հասնել չի հաջողվել։
Հայաստանում գրանցված գործազուրկների գրեթե կեսը՝ շուրջ 90 հազար մարդ, ավելի քան մեկ տարի շարունակ գործ է փնտրել ու այդպես էլ չի գտել։
Չբարձրացված աշխատավարձ
Մինչև 2026-ը կառավարությունը նպատակ ուներ նվազագույն աշխատավարձը հասցնել 85,000 դրամի։ Սակայն վերջին անգամ 2023-ին են իշխանությունները նվազագույն աշխատավարձը 68-ից 75,000 դրամ դարձրել: Այս գումարն ավելի քիչ է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, որի համար ամսական կտրվածքով անհրաժեշտ է 78,836 դրամ:
Չվերադարձած գիտնականներ
Կառավարության ծրագրով՝ Հայաստան պետք է վերադառնային 60 գիտնականներ։ Սակայն Հայաստանում իրենց գիտական հետազոտությունները իրականացնելու նպատակով միայն 48 գիտնականների նախագծեր են ֆինանսավորվել՝ «PostDoc-Armenia» և «Գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում» ծրագրերով, հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։
Սրան զուգահեռ նաև, կառավարության ծրագրով, պետք է գիտության ֆինանսավորումը ավելանար, մինչդեռ գործադիրը 2026-ի բյուջեի նախագծով` որոշել է նախորդ տարվա համեմատ ոլորտի ֆինանսավորումը շեշտակի՝ 20 տոկոսով կրճատել։ Այս ամենի հետևանքով երկրի զարգացման համար անկյունաքարային համարվող բնագավառը զրկվեց 17 միլիոն դոլարից։
Չներդրված երթուղային ցանց
Հանրապետության տարածքում պետք է ներդրվեր միասնական երթուղային ցանց, բոլոր համայնքները պետք է ապահովվեին տրանսպորտային սպասարկմամբ, բարձրացվեր ուղևորափոխադրումների սպասարկման որակը և վերահսկողության մակարդակը։
Սակայն, երթուղային ցանցն ամբողջությամբ ներդրվել է միայն մի քանի մարզերում. ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում և Գեղարքունիքի Գավառի տարածաշրջանում։