Գործարար Սամվել Կարապետյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 135 հատորով, տասնյակ հազարավոր էջերով են քննիչները նկարագրել, հիմնավորել գործարարին առաջադրված մեղադրանքները։
Պաշտպանական կողմը պնդում է՝ գործարարը Քննչականի նկարագրած մեղադրանքների հետ ոչ մի կապ չունի, գործն էլ իրավաբանության հետ աղերս չունի, քաղաքական հաշվեհարդար է։
«Վարույթի, այս նյութերի վերաբերյալ մեր կողմից ներկայացվել են համապատասխան միջնորդություններ թե՛ քրեական հետապնդումը դադարեցնելու, թե՛ ընդհանրապես խափանման միջոցը վերացնելու», - ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Կարապետյանը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի տնօրենի հետ, որոնք ունեն այլ ընկերություններ, կազմակերպել են, որ խուսափեն մոտ երկու միլիարդ դրամ հարկ վճարելուց: Մեղադրվում են 2020-23 թվականների ընթացքում խաբեությամբ մոտ 5 միլիարդ դրամ հափշտակելու, նույն եղանակով հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու համար:
«Որևէ մեկի հետ Սամվել Կարապետյանն առնչություն չունի: Եվ դա ոչ միայն պաշտպանական կողմի դիրքորոշումն է եղել։ Դրա վերաբերյալ կան դատական ակտեր, դրա վերաբերյալ նույնիսկ կա վճռաբեկ դատարանի որոշումը», - պնդել է փաստաբանը։
Ըստ Քննչականի՝ Սամվել Կարապետյանը մի քանի ընկերությունների տնօրենների հետ նախնական համաձայնությամբ նյութական օգուտներ ստանալու, ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով օրինականացրել է օրինական գործունեությամբ չհիմնավորվող մոտ երկու միլիարդ դրամ։ Պաշտպանական կողմը պնդել է՝ այս ամենը աբսուրդ է, «նույնիսկ ինչ-որ տեղ խայտառակություն»:
Քննչական կոմիտեի հաղորդագրությունում ուղիղ ու հասցեական նկարագրված չէ՝ Սամվել Կարապետյանն ու մյուս մեղադրյալները որ ընկերությունների հարկերն են թաքցրել, ՀԷՑ-ի սեփականատերն ի՞նչ կապ ունի այդ չվճարված հարկերի, փողերի լվացման ու հափշտակության հետ։ Նշված է, որ այդ ընկերությունների մի մասի սեփականատերերը զուգահեռ Կարապետյանի ՀԷՑ-ում պաշտոններ են զբաղեցրել, ու չեն էլ հստակեցնում, թե դրանք ինչ ընկերություններ են ու ինչ կապ ունեն ՀԷՑ-ի հետ։
«Մեզ համար ևս մեղադրանքն անորոշ է, անհասկանալի է, զուրկ է իրավական և փաստական անհրաժեշտ հիմնավորումներից։ Պատկերացրեք, մի հատ նույնիսկ անուղղակի տվյալ չկա, որ Սամվել Կարապետյանը կապ է ունեցել», - նշում է Վարդևանյանը։
Նրա պնդմամբ՝ Սամվել Կարապետյանը ոչ մի առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ, և այս մեղադրանքներն առաջադրել են միայն նրա համար, որ այդ ընկերությունների ղեկավարները ՀԷՑ-ում զուգահեռ պաշտոններ են զբաղեցրել. «Եթե ինքնին այն փաստը, որ եթե մեկը մյուսի աշխատողն է, ու այդ աշխատանքային հարաբերությունից դուրս գործողություն է կատարում, դա վերագրել են փորձում սեփականատիրոջը մեկ այլ ընկերության, սա աբսուրդ է ուղղակի: Այդ նույն հաջողությամբ օրինակ՝ մի հատ քննիչի ձերբակալել են, Քննչականի պետին էլ պե՞տք է մեղադրանք առաջադրեն»։
«Տաշիր գրուպի» սեփականատերն ազատությունից զրկվեց 10 ամիս առաջ՝ եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց։ Մայր Աթոռի դեմ պայքարող վարչապետն անմիջապես արձագանքեց նրա մեկնաբանությանը՝ հրապարակային սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին, ու նույն օրը ոստիկանները շղթայեցին գործարարի առանձնատունը։ Նրան կալանավորեցին իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով, հետո էլ ավելացրին տնտեսական մեղադրանքները։
Գործարարը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա տնային կալանքի տակ է։ Միլիարդատերը Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվացավ ազատությունից զրկվելուց հետո։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից հայտարարեց Փաշինյանին իշխանությունից հեռացնելու որոշման մասին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն է ու պայքարում է իշխանության համար։
Սամվել Կարապետյանը, նրա պաշտպանական խումբը պնդում են՝ սա քաղաքական հաշվեհարդար է։ Քննչականի պետը ամիսներ առաջ հերքել էր, թե քաղաքական հրահանգով է գործել։
Գործով անցնող մեղադրյալներից միայն Կարապետյանն է ազատությունից զրկված։ Գործարարին կալանքից ազատելու միջնորդությունները դատարանը մինչև հիմա մերժել է։ Քրեական գործի հատորներն արդեն ուղարկվել են դատախազություն՝ հաստատելու ու դատարան ուղարկելու համար։