Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում արդյոք հետապնդելո՞ւ է Արցախի անկախության հարցը, կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ այս պահին իրավիճակը չի տալիս նման հնարավորություն:
Նարեկ Կարապետյան.- «Կներկայացնենք մեր հանրությանը, թե ինչ խնդիր ենք տեսնում այս պահին և ինչ լուծումներ ենք տեսնում։ Առաջնայինը, որ տեսնում ենք, մեր հայրենակիցների՝ Հայաստանում բնակարանային ապահովման հարցն է, Արցախի հայրենակիցների՝ Հայաստանում բնակարանային ապահովման, տների հետ կապված հարցն է, որ մարդիկ այդքան տարի իրենց կյանքի մեծ մասը Հայաստանի համար պայքարելով, այսօր տների խնդիր ունեն, բնակֆոնդի խնդիր ունեն»:
«Ազատություն».- Իսկ վերադարձի հա՞րցը:
Նարեկ Կարապետյան.- «Վերադարձի հարցը մենք պետք է հաշվի առնենք անվտանգությունը մեր հայրենակիցների. ամենակարևոր բանը, որ մեր հայրենակիցները, ովքեր իրավունք ունեն վերադառնալու, քանի որ, դա իրենց հայրենիքն է, նաև այնտեղ անվտանգային մեխանիզմներ ունենան, անվտանգություն։ Արցախում 10 հայ էր մնացել, բայց 10-ից ոչ մեկն այսօր այնտեղ չի: Եթե չեն կարողացել 10 հայի հետ լեզու գտնել այնտեղ, մենք չենք տեսնում երաշխիքներ, որ մեր մյուս հայրենակիցները կարող են անվտանգ այնտեղ լինել։ Ընդհանուր հայրենիք վերադառնալու իրավունքը, դա միջազգային կարևոր իրավունք է, որին մենք հետևելու ենք։ Բայց այդտեղ կարևոր է նաև այն երաշխիքները, որ մեր հայրենակիցների համար մենք կունենանք»։
«Ազատություն».- Իսկ Արցախի անկախության հարցը Դուք հետապնդելո՞ւ եք հաղթանակի դեպքում:
Նարեկ Կարապետյան.- «Մենք պետք է ռեալ հողի վրա, այս պահին տեսնենք՝ ինչպես է իրավիճակը: Այս պահի իրավիճակն այդպիսի հնարավորություններ չի բացում: Մենք առաջնայինը տեսնում ենք՝ մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի իրավունքը և նրանց անվտանգության երաշխիքները, իհարկե, նաև մեր հայրենակիցների՝ այստեղ բնակվելու իրավունքը, այստեղ տնավորվելու հարցը, սոցիալիզացիայի հարցը, ովքեր ցանկություն ունեն և այսօր էլ Հայաստանում են բնակվում»:
Եթե հաղթեն, Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագրի կամ ԱՄՆ-ի հետ TRIPP-ի գործարկման համաձայնությունների ճակատագիրն ինչպե՞ս են պատկերացնում. «Ուժեղ Հայաստանի» անվտանգության ծրագրի շնորհանդեսից հետո Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր գնացած Կարապետյանը չպատասխանեց՝ ասելով, թե դրանց կանդրադառնան առաջիկա երկու ամիսներին:
Անվտանգության տեսլականը միլիարդատեր գործարարի առաջնորդած ընդդիմադիր ուժը կառուցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ հակադրությունների վրա՝ օրինակ, եթե ՔՊ-ն այս տարի ռազմական բյուջեն նվազեցրեց, նրանք խոստանում են մեծացնել:
Խոստումների թվում է նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը ու հուսալի հակաօդային պաշտպանությունը: