Մատչելիության հղումներ

«Ուղիղ եթերում ուտել 42 պեռաշկի և 6 գծամետր սուջուխ», թե՞ «անսխալ գրել արհամարհել»

Ուղիղ եթերում ուտել «42 պեռաշկի՞ և 6 գծամետր սուջո՞ւխ», թե՞ «անսխալ գրել «արհամարհել» բառը: Իր առանցքային մրցակիցներին նետված վարչապետ Փաշինյանի մարտահրավերը նոր զարգացումներ են ստանում:

«Ուժեղ առաջարկ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանին. ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, գրեք՝ արհամարհել», - այսօր հայտարարել է Փաշինյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը արձագանքել է. «Ուժեղ կշտացնող առաջարկ Ն. Փաշինյանին, ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության ուտել 42 պեռաշկի, 6 գծամետր էլ սուջուխ»:

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի մտավոր և ֆիզիկական կարողությունները կասկածի տակ դնող վարչապետ Փաշինյանը այսօր ընդլայնել է նրանց ուղղված չելենջները: Եթե երեկ վարչապետը նրանց առաջարկում էր ուղիղ եթերում 30 ձգում անել և ասել, թե ո՞րն է Իսպանիայի մայրաքաղաքը, ապա այսօր արդեն անցել է հայերենի ուղղագրությանը՝ առաջարկելով անսխալ գրել «արհամարհել» բառը:

Ընդորում, Փաշինյանն այսօր ընդլայնել է նաև մրցույթի մասնակիցների ցանկը՝ ավելացնելով նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը:

«Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք», - նշել է Փաշինյանը:

Առաջինն այսօր շտապել է արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին առաջարկելով ուժերը փորձել ոչ թե ինտելեկտուալ կամ սպորտային ոլորտում, այլ սննդային մրցույթում՝ ուտելով մեծ քանակությամբ պեռաշկի և սուջուխ:

«Եթե կարողացավ, ուրեմն ուժեղ ա, ես հավատում եմ, որ կարա», - նշեց Միկոյանը:

Ի դեպ, իր ընդդիմախոսներին «արհամարհել» բառը անսխալ գրելու առաջարկ արած Փաշինյանին մամուլն այսօր շտապեց հիշեցնել, որ ընդամենը մեկ տարի առաջ հենց ինքը էր իր ֆեյսբուքյան էջում, 3 -րդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր խոսքում, այդ բառը սխալ գրել. «Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում»:

Ուժի ցուցադրություն առաջարկող Փաշինյանը Սամվել Կարապետյանին երեկ ողջ օրվա ընթացքում համոզում էր ֆեյսբուքով լայվ մտնել և ցույց տալ, թե այդ ինչով է ուժեղ:

Վարչապետը վստահեցնում էր՝ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարարը չի պատժվի, եթե հրապարակային խոսի:
Սկզբում Փաշինյանը հղում էր անում Պրոբացիոն Ծառայությանը, ավելի ուշ արդեն Կարապետյանի գործը քննող քննիչին. «Վախենում են՝ քննիչը կարող է ջղայնանա ու ականջները քաշի, իրականում ինչքան ես գիտեմ քննիչը պարզաբանել է, որ թույլ է տալիս, մտեք ուղիղ եթեր, ուժեղ տղերք, մի վախեցեք քննիչից»:

Արդյոք Փաշինյանի հայտարարությո՞ւնն է հիմք հանդիսացել Քննչական կոմիտեի որոշման համար

Միլիարդատեր գործարարին ուղղված Փաշինյանի այս հայտարարությունից րոպեներ անց Քննչական կոմիտեն հայտարարեց, թե բավարարել է փաստաբանի մարտի 18 -ի միջնորդությունը և թույլ է տալիս, որ Սամվել Կարապետյանը Ֆեյսբուքում տեսաուղերձ հրապարակի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեության, ծրագրերի և մոտեցումների վերաբերյալ:

Մինչև Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը, ինչպե՞ս էր Փաշինյանը վստահ պնդում, թե քննիչը թույլ է տալիս եթեր մտնել, որտեղի՞ց վարչապետին այդ տեղեկությունը:

Արդյոք Փաշինյանի այդ հայտարարությո՞ւնն է հիմք հանդիսացել, որ Քննչականը թույլատրել է գործարարին Ֆեյսբուքում հրապարակային հայտարարություններ անել:

Ընդ որում, եթե վարչապետը զարմանալիորեն տեղյակ էր քննիչի որոշումից, ապա Սամվել Կարապետյանի թիմը, ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, բոլորովին անտեղյակ է եղել, որ իրենց միջնորդությունը բավարարվել է:

«Գործադիր իշխանության ղեկավարի կողմից նորից արձանագրվեց, որ իբր նման սահմանափակում չկա, դա հերթական մանիպուլյացիան էր և հանրությանը մոլորեցնելու փորձը, քանի որ հենց այսօր այդ հայտարարությունից ժամեր անց Քննչականը բավարարել է մեր միջնորդությունը», - ասել է փաստաբանը:

Վարդևանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետ Փաշինյանի, ապա նաև Քննչական կոմիտեի իրար հաջորդած հայտարարություններից են տեղեկացել քննիչի որոշման մասին:

Քննչական կոմիտեից, սակայն, պնդում են, թե պաշտպանը երեկվանից տեղյակ է, որ իրենց միջնորդությունը բավարարվել է: Իսկ Ֆեյսբուքով Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձ հրապարակելու թույլտվության որոշումը առաքվել է:

Փաստաբան Արամ Վարդևանյանը, սակայն, քիչ առաջ հայտարարեց, որ Քննչականի որոշում դեռ չեն ստացել. «Սիրելի հայրենակիցներ, դեռ սպասում ենք Քննչականի որոշմանը Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու թույլտվության վերաբերյալ, ստանանք, տեսնենք: Կարևոր մի արձանագրում՝ այս ողջ ժամանակահատվածում ընդունվեց, փաստվեց, որ հերթական ստերն ու մանիպուլյացիաներն էին տարածում, քանի որ Պրոբացիայի ծառայությունը չէր կարող նման թույլտվություն տալ ու չէր էլ տվել, այլ Քննչականը նոր տվել է»:

«Պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր», - ասել էր Փաշինյանը:

Քննչական կոմիտեն, ըստ էության, հերքեց վարչապետի պնդումը

Ի դեպ, թեև մինչև երեկ, ինչպես նաև դրանից առաջ, վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե Պրոբացիոն ծառայությունը թույլատրել է Սամվել Կարապետյանին հրապարակային խոսել, Քննչական կոմիտեն երեկ իր հայտարարությամբ, ըստ էության, հերքեց վարչապետի այդ պնդումները, հստակ արձանագրելով, որ մեղադրյալ Կարապետյանի «տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում քաղաքացիներին դիմելու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է նախաքննական մարմնի տիրույթում»: Այսինքն՝ միայն Քննչական կոմիտեն է իրավասու թույլատրել Կարապետյանին հրապարակային հայտարարություն անել:


XS
SM
MD
LG