Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Քաղաքական ուժը, սակայն, փակագծեր չի բացում, թե մասնավորապես որ ուժերի հետ են դաշինք կազմելու, կան արդյոք ընթացիկ բանակցություներ:
Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սոցցանցում հայտնել է՝ «Ուժեղ Հայաստանը» «դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը»: Ըստ նրա՝ պառակտումների ժամանակաշրջանը պետք է մնա անցյալում:
Տնային կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ քննարկումներ ունեն արտախորհրդարանական ուժերի հետ, սակայն կրկին չէին մանրամասնել:
Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր՝ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի շուրջ, սակայն ցուցակի ՀԱԿ-ի ներկայացուցիչների լինելու մասին չի հաղորդվել: Ինքը՝ Կոնգրեսն էլ իր վարչապետի թեկնածու է հայտարարել Լևոն Զուրաբյանին:
Միլիարդատեր գործարարը «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն է: Կուսակցության նախընտրական ցուցակը, սակայն, կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որը լինելու է անցումային ժամանակահատվածի համակարգողը, երաշխավորը, որպեսզի ԱԺ-ն իրականացնի սահմանադրական փոփոխությունը:
Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է: