Մատչելիության հղումներ

ՔԿ-ն Սամվել Կարապետյանին թույլատրել է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին թույլատրվում է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել: Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ բավարարել են գործարարի պաշտպան Արամ Վարդևանյանի դիմումը:

Վերջինս միջնորդել էր Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալ:

ՔԿ-ն, մասնավորապես, նշում է, որ թույլատրվել է մեղադրյալ Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ:

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ:

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նա կարող է հանդես գալ ուղիղ եթերում, օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։ «Ուժեղ Հայաստանից» պնդել էին, որ Կարապետյանի այդ իրավունքը սահմանափակված է:



XS
SM
MD
LG