Կես տարվա քննությունից հետո Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց Շիրակի թեմի առաջնորդի բողոքը. բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության: Անցած տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր էր ճանաչել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով և դատապարտել երկու տարվա ազատազրկման։
Միքայել Աջապահյանին ուղղված հարցին, թե արդա՞ր է համարում այս որոշումը, Աջապահյանն արձագանքեց.- «Ոչ բավարար, որովհետև չարդարացվեցի»:
Դատարանը, միաժամանակ, մերժեց Գլխավոր դատախազության բողոքը, որով պահանջվում էր երկու տարվա փոխարեն սահմանել երկուսուկես տարվա ազատազրկում։ Դատախազությունն այսօրվա որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան։
Աջապահյանի մեղադրանքի հիմքում անցած տարվա նրա մի հայտարարությունն էր, որով արքեպիսկոպոսը վերահաստատել էր դեռ 2024-ի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը:
«Ի սկզբանե ասել ենք շինծու է [քրեական գործը], ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու: Նման կոչ արդեն քանի անգամ անում է կառավարության ղեկավարը: Բառացի ասում է՝ գնացեք, հեղափոխոխություն արեք, ես նման բան ասե՞լ եմ: Ուրեմն ո՞վ պիտի դատվի, նա պիտի դատվի, ե՞ս պիտի դատվեմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Դատարանն այսօր նաև վերացրեց բարձրաստիճան հոգևորականի տնային կալանքը։ Նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից և նշեց, որ շտապում է մեկ այլ դատարան, որտեղ ընթանում է ահաբեկչության նախապատրաստման համար մեղադրվող հոգևոր եղբոր՝ Բագրատ արքեպիսկոպոսի դատավարությունը։
Ութ ամիս բանտում պահվելուց հետո Աջապահյանը տնային կալանքի էր տեղափոխվել երեք ամիս առաջ:
Գործը բեկանելու որոշման հիմքում փաստաբանների բողոքն էր ընդդատության վերաբերյալ. Վերաքննիչն ընդունեց, որ խախտվել է գործի քննության ընդդատությունն ու դատավարությունը պետք է անցկացվեր ոչ թե Երևանի, այլ՝ Շիրակի մարզի դատարանում: Հետևաբար նոր դատավարությունը կանցկացվի Շիրակի մարզում:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով.- «Այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք խիզախ որոշում: Չնայած, մենք, բնականաբար, արդարացման հիմքերը տեսնում էինք, բայց կարևոր է, որ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագքեց ընդդատության կանոնի խախտումը»:
Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ Վերաքննիչի որոշումը ստանալուց հետո կկարողանան մանրամասներից խոսել, թե արդյո՞ք միայն ընդդատության հարցն է դատարանը համարել խնդիր, թե նաև մեղադրանքի առանցքում տեղ գտած նրա հայտարարություններին էլ է անդրադարձել:
Շիրակի թեմի առաջնորդը հայտարարեց՝ շարունակելու է քննադատել իշխանություններին՝ ընդգծելով:
«Խիզախ որոշում էր». Վերաքննիչը բեկանեց Միքայել Աջապահյանի ազատազրկման որոշումը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ