Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց հետ՝ նոր քննության։
Անցած տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր էր ճանաչվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով և դատապարտել երկու տարվա ազատազրկման։
Վերաքննիչ դատարանը վերացրեց նաև բարձրաստիճան հոգևորականի տնային կալանքը։
Վերաքննիչը մասնակի բավարարել է Աջապահյանի փաստաբանների բողոքը, որոնք պնդում էին, որ ընդդատության խնդիր կա, այսինքն՝ գործը պետք է քններ ոչ թե Երևանի, այլ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Հետևաբար՝ գործի քննությունը կտեղափոխվի Շիրակի մարզ:
Փաստաբան Արա Զոհրաբյանը «խիզախ» որակեց Վերաքննիչի որոշումը՝ հենց վերջին հանգամանքը նկատի ունենալով, նաև ընդգծեց, որ դատարանը, միևնույն ժամանակ, մերժել է Գլխավոր դատախազության բողոքը, որով պահանջվում էր երկու տարվա փոխարեն Միքայել սրբազանին ազատազրկել երկուսուկես տարով:
Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ Աջապահյանի վերաբերյալ Վերաքննիչի այսօրվա որոշումը կբողոքարկեն վճռաբեկ ատյան: