8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու փոխեց կալանքը տնային կալանքով: Նա, սակայն, իր կեցավայր չի կարող տեղափոխվել, դեռ հիվանդանոցում է:
«Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշում է մեղադրյալ Գևորգ-Միքայել Արտաշեսի Աջապահյանի շահերի պաշտպանների կողմից ներկայացված խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդությունը բավարարել», - հայտարարեց դատավոր Էդգար Մանասյանը:
Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար: Բարձրաստիճան հոգևորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում:
Դատական նիստից հետո փաստաբանները դրական գնահատեցին այսօրվա որոշումը, որը փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ միևնույն է սահմանափակում է հոգևորականի ազատությունները: Դատարանին նրանք խնդրեցին թույլ տալ մասնակցել պատարագի, սակայն դատավորը հետաձգեց այս հարցի քննությունը:
«Հիմա այստեղ իրականում ավելի մեծ սահմանափակումներ կիրառվեցին, եթե նախկինում ինքը ավելի մեծ մասշտաբի շփման հնարավորություն ուներ, հիմա սահմանափակված է շփումը մի քանի հոգու հետ: Նաև սա պետք է դիտարկենք, որ իրենց համար գուցե սա ավելի լավ իրավիճակ է սահմանափակումների մակարդակով, քան, օրինակ, կալանքի պարագայում էր, բայց այնուամենայնիվ եկեք դրական քայլ դիտարկենք սա», - ասաց Երեմ Սարգսյանը:
Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով էլ այսօրվա որոշումը քաղաքական էր. «Ես չեմ կասկածում, որ քաղաքական որոշում է եղել, եղել է, բնականաբար, քաղաքական որոշում, դա իմ կարծիքն է, բայց քաղաքական որոշումը կարող է լինել նաև արտաքին ճնշումներից՝ միջազգային կառույցների, իրավունքի ճնշումներից: Այսինքն, այս դրական ճնշումը, բնականաբար, իրենց քաղաքական կեցվածքի վրա բան փոխեց»:
Իրավապահները հանցագործություն են որակել հարցազրույցներում հոգևորականների արտահայտած նրա մտքերը, երբ նա խոսել էր ռազմական հեղաշրջում անելու անհրաժեշտության մասին:
Ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանն իշխանությունը զավթելու կոչի համար մեղավոր էր ճանաչել Սրբազանին ու դատապարտել երկու տարվա ազատազրկման: Որոշումը վերաքննիչ են բողոքարկել թե՛ արդարացում պահանջող հոգևորականը, թե՛ դատախազությունը, որը պահանջում է կես տարով ավելացնել պատժաչափը: Եվ քանի դեռ մեղավոր ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ չի մտել, հոգևորականը կարող էր պահանջել ազատել իրեն կալանքից, ինչն էլ արեց: Դատախազությունը դեռ չի հաղորդում՝ կբողոքարկի՞ տնային կալանքի որոշումը, թե՞ ոչ: Փոխարենը դատարանում դատախազ Վահան Հարությունյանը դատավորներին բացատրում էր՝ կես տարով պատժաչափն ավելացնելը շատ կարևոր է:
Արքեպիսկոպոսն իր իրավունքների խախտման հարցով դիմել է Եվրոպական դատարան: Սրբազանի փաստաբանները Ստրասբուրգին են ներկայացրել Եվրոպական կովենցիայի միանգամից մի քանի հոդվածների խախտումներ: Ըստ դիմումի՝ ոտնահարվել են հոգևորականի ազատության և արտահայտվելու ազատության իրավունքները, իսկ քրեական հետապնդումը հարուցվել է քաղաքական նպատակներով: