Փաստաբաններն այսօր միջնորդեցին, որ Վերաքննիչ դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի սանկցիան փոխի: Բանտում Շիրակի թեմի առաջնորդին պահելը պաշտպաններն ապօրինի են որակում:
Փաստաբան Ռոման Ահարոնյանը հիմնավորում էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ կալանքը կիրառվել է որպես պատիժ: Դատարանը կալանքը կիրառել էր նոր հանցանքի հնարավոր ռիսկը հաշվի առնելով, եթե դա նոր կոչի հավանականությունն է, ուրեմն սա պատիժ է խոսքի ազատության համար, մեկնաբանեց փաստաբան Ահարոնյանը:
Նրան մեղավոր են ճանաչել իշխանությունը զավթելու կոչի համար: Զավթելու կոչ են համարում սրբազանի հարցազրույցը, որտեղ խոսել էր ռազմական հեղաշրջում անելու անհրաժեշտության մասին: Այս միտքը հոգևորականը երկու տարի առաջ էլ մի հարցազրույցում նշել էր, բայց այն ժամանակ իրավապահները հանցագործություն չէին համարել այս միտքը, Փաշինյանի կառավարությանը քննադատող հոգևորականը իրավապահների թիրախում հայտնվեց, երբ վարչապետը Մայր Աթոռի դեմ լարվեց ու կաթողիկոսին հեռացնելու քայլեր սկսեց:
«Մենք պետք է հասկանանք՝ կալանքի հիմք կա՞, թե՞ չկա: Եթե հիմք կա, ինչ աստիճանի է ու ինչ խափանման միջոց պետք է կիրառել», - ասաց փաստաբանը:
Վերաքննիչ դատարանում քննում են նաև Սրբազանի ու Գլխավոր դատախազի բողոքները: Առաջին ատյանի դատարանը Շիրակի թեմի առաջնորդին երկու տարվա ազատազրկման է դատապարտել: Արքեպիսկոպոսը արդարացում է պահանջում: Գլխավոր դատախազությունը համարում է, որ երկու տարվա պատիժը քիչ է ու դիմել է Վերաքննիչ, որ կես տարով էլ ավելացնեն: Այսօրվա նիստում այս հարցերին չհասան, քննարկեցին միայն դատավորների ինքնաբացարկի ու կալանքը փոխելու միջնորդությունները:
Կալանքը ծայրահեղ միջոց է, նշեց փաստաբանն ու հիշեցրեց, որ սրբազանը մեկ ամիս առաջ վիրահատվեց ու հետվիրահատական փուլում է: Որքանով է իրավաչափ 63-ամյա հոգևորականին հիվանդանոցից վերադարձնել բանտ: Սա վերացնում է բուժման արդյոնավոետությունը և առողջական վիճակը ավելի վատթարացնում:
«Մենք իրականում բուժո՞ւմ ենք, թե՞ տառապանքն ենք հետաձգում, չէ՞ որ անձի առողջական վիճակը սրվեց հենց քրեակատարողական հիմնարկում: Եթե կալանքը մնա անփոփոխ, ապա անխուսափելիորեն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո սրբազանը վերադարձվելու է քրեակատարողական հիմնարկ: Արդյոք դատարանը պատրա՞ստ է ստանձնել պատասխանատվությունն այն բոլոր բարդությունների համար, որոնք առաջանում են հետվիրահատական շրջանում՝ քրեակատարողական հիմնարկի ոչ սանիտարական ու սթրեսային պայմաններում», - նշեց փաստաբաններից մեկը:
Մեղադրող կողմը առաջարկեց կալանքը թողնել անփոփոխ մինչև առաջին ատյանի դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնի. «Եթե մենք նոր հանգամանք չունենք, որն անհնարին է դարձնում անձի կալանքի տակ գտնելու հանգամանքը, կարծում եմ, դա չի կարող քննարկվել ժամանակավորապես»:
Քանի որ աշխատանքային ժամերն ավարտվում էին, դատարանը հարցի քննարկումը հետաձգեց հաջորդ նիստին: Շիրակի թեմի առաջնորդը կշարունակի՞ բանտում մնալ, թե՞ կազատվի, դատարանի որոշումը հայտնի կլինի երկու օրից: Նիստի վերջում երբ մի քանի րոպե ընդմիջում էր սրբազանի աջակիցները, որ նիստերին մասնակցում են մոտեցան նրան ու կարճ զրուցեցին, առողջական վիճակի մասին հետաքրքրվեցին: