Մատչելիության հղումներ

Իսրայելը պնդում է, որ Լարիջանին սպանվել է

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է Իսրայելի հարվածի հետևանքով։ Իսրայել Կացը, սակայն, ասվածը հավաստող որևէ ապացույց չի ներկայացրել։

Իրանը չի հաստատել տեղեկությունը։ Թեհրանից հայտարարում են՝ Լարիջանին շուտով ուղերձ է հղելու՝ չհստակեցնելով դա լինելու է գրավոր, թե բանավոր։ Իրանի պետական հեռուստատեսությունն էլ ցուցադրում է Լարիջանիի X-ի էջում հրապարակված ձեռագիր գրառումը, որտեղ նա հարգանքի տուրք էր մատուցել այս ամսվա սկզբին Հնդկական օվկիանոսում ամերիկյան հարվածներից խորտակված իրանական ռազմանավի 84 նավաստիներին։ Լարիջանիի ձեռագիր ցավակցական նամակից, սակայն, պարզ չէ՝ երբ է այն գրվել։

Լուրը հաստատվելու դեպքում Լարիջանին կդառնա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեեից հետո սպանված երկրորդ ամենաբարձրաստիճան գործիչը:

Իսրայելի պաշտպանության նախարարը նաև պնդել է, թե գիշերային հարվածներից սպանվել է Իրանի հատուկ նշանակության զորամիավորումներից «Բասիջի» հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին։ «Իրանի ղեկավարության դեմ հարձակումները կշարունակվեն»,-հայտարարել է Իսրայել Կացը։

«Բասիջ» աշխարհազորայինները զինվորական կազմավորում են, որը համատեղության կարգով աշխատում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության ներքո, հաճախ օգտագործվում է Իրանի ներսում բողոքի ցույցերը ճնշելու համար:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հայտարարել է, որ Իսրայելի առաջնորդը հրաման է տվել «իրանական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնելու մասին»:

XS
SM
MD
LG