Հայաստանում մոլեգնող հոգևոր նորոգման գործընթացը պառակտել է նաև Արցախի թեմի խորհրդի 8-հոգանոց կազմը: Թեմի առաջնորդի գործողությունները դատապարտող թեմական խորհրդի հայտարարությունից հետո Արցախի թեմի էջում հերքում է հայտնվել.
«Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են Թեմական խորհրդին՝ դուրս գալով Թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից»։
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը իր ևս 7 եղբայր եպիսկոպոսների հետ Փաշինյանի կաբինետ գնաց, հետո էլ նրա անունը հայտնվեց Վեհափառի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում: Որքան էլ Վրթանես սրբազանը մի փոքրիկ հայտարարությամբ բացատրեց, որ արցախցիների հետ է նրանց իրավունքների համար պայքարում, միևնույն է՝ սոցցանցային տարբեր հարթակներում բորբոքված արցախցիներն էին արտահայտվում:
«Արցախցիների մոտ այդ քայլը բացասաբար ընկալվել է երկու հիմնական պատճառով. առաջինը՝ ասում են, որ ինչպե՞ս է գնացել և ձեռք սեղմել այն մարդու հետ, ով որ այս ամեն ինչի պատճառն է, և երկրորդը՝ այն, որ ինչո՞ւ է մեր սրբազանը հայտնվում այսպես կոչված տիրադավ 10 եպիսկոպոսների շարքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:
Ըստ Արցախի օմբուդսմենի՝ մարդկանց համար անընդունելի ու վիրավորական էր, որ իրենց թեմի առաջնորդը միացել է Վեհափառի դեմ արշավին: Կարծում են՝ Գարեգին Երկրորդը բոլոր առիթներն է օգտագործում իրենց խնդիրները բարձրաձայնելու համար. - «Ամանորյա ուղերձներում, տարբեր տոներին նվիրված ուղերձներում միշտ հիշատակում է, իսկ նույնը չենք կարող ասել իշխանությունների մասին»:
Արցախի թեմական խորհրդի անունից այդ ժամանակ հայտարարություն տարածվեց, այն մեկնաբանում էր խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ թեմական խորհուրդը թեմի առաջնորդի դիրքորոշմանը համաձայն չէ: Հիմա էլ թեմը հայտարարում է՝ թեմական ժողով չի եղել, ի՞նչ հայտարարություն: Հովհաննիսյանը պնդում է՝ խորհրդի մեծամասնության անունից են դատապարտող հայտարարություն տարածել:
«8 հոգի են, և մեծամասնությունը տեղյակ են եղել և մասնակցել են այդ հայտարարության տեքստի կազմմանը», - «Ազատության» հետ զրույցում նշեց ատենապետը: «Մեծամասնությունը՝ քանի՞ հոգի», - այս հարցին Հովհաննիսյանն արձագանքեց. - «6 հոգի ասենք»:
Իսկ ովքե՞ր են այս հերքող հայտարարության հետևում, հարցնում է Արցախի թեմական խորհրդի ատենապետը. - «Թեմական խորհրդից քանի՞ անդամ են տեղյակ եղել այդ հայտարարության մասին»:
Ի վերջո, ո՞ւմ անունից է տարածվել այս տեքստը, ճշտել հնարավոր չեղավ, Արցախի թեմի գրասենյակում չէր Վրթանես եպիսկոպոսը. նա վերջին ամիսներին անպատասխան է թողնում նաև «Ազատության» հեռախոսազանգերը: Թեմի պաշտոնական կայքում ամառային հետևյալ գրառումն է. - «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով կանգնած է Արցախի բնակչության համահավաք իրավունքների պաշտպանության դիրքերում»։
Սա անցյալում էր՝ Վրթանես եպիսկոպոսը հիմա Վեհափառին սրբապղծության հովանավոր է համարում, նրա ընթացքը՝ վտանգավոր, կորստաբեր: Ըստ Արցախի օմբուդսմենի՝ արցախցիների շրջանում պահանջ կա, որ նա հեռացվի թեմի առաջնորդի աթոռից, այդ որոշումը, սակայն, Վեհափառինն է:
«Կա լրջագույն վստահության ճգնաժամ, և ես չեմ կարող հասկանալ, թե այս իրավիճակում այլևս ինչպես կարող է, օրինակ, Վրթանես եպիսկոպոսը իր հոտի մոտ ունենալ այդ վստահությունը», - ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:
Եվ մինչ լռում է Արցախի թեմի առաջնորդը, նրա պաշտպանությունն է ստանձնել հակակաթողիկոսական արշավում վարչապետի տեսակետները կիսող մեկ այլ հոգևորական՝ Վազգեն արքեպիսկոպոսը: Նա վերջին օրերին հյուրընկալվում է Փաշինյանի ընտանիքին ու ղեկավարած կուսակցությանը պատկանող լրատվամիջոցներում և Հանրային հեռուստաընկերությունում:
«Խնդրում եմ իրենից մի նեղացեք, Վրթանես սրբազանը Արցախի ակունքներում է կանգնած՝ 1988 թվականից», - «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հայտարարում էր Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդը:
Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն արցախցիներին հորդորում է Վեհափառի՝ իրենց իրավունքների պաշտպանության թեմայով ելույթներին շատ չխաբվել: «Խնդիրների լուծողը դա մնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», - ասում էր սրբազանը Հանրային տված հարցազրույցում:
«Ինքը ասում է՝ այդ հարցով պետք է զբաղվի իշխանությունը, չէ՞, պետությունը, ոչ թե եկեղեցին, իր հարցազրույցում նաև դա էր, իսկ ինչո՞ւ չի զբաղվում», - հակադարձում է Գեղամ Ստեփանյանը:
Արցախի օմբուդսմենին խնդրահարույց է թվում արքեպիսկոպոսի հայտարարությունը, թե արցախցիներն ավելի շատ Հայաստանի կառավարությանն են քննադատում, քան՝ Ադրբեջանին: Մի տեսակ օտարություն է զգացել արցախցիներին քույր ու եղբայր անվանող արքեպիսկոպոսի խոսքում:
«Ավելի շատ չար խոսքեր լսում եմ Հայաստանի իշխանությունների հասցեին, քան՝ բուն Ադրբեջանի հասցեին, այսպես ո՞նց կլինի, հասկանո՞ւմ եք: Մի օր չլսեցինք նաև, թե խաղաղապահների աչքի առաջ ինչո՞ւ այդպես եղավ, ոչ մեկ այդ հարցը չի՞ բարձրացնում», - Հանրայինի հարցազրույցում հայտարարում էր Վազգեն արքեպիսկոպոսը:
«Չգիտեմ՝ հասկացել է ինքը դա, թե չի հասկացել, բայց իր այդ խոսույթով ևս թիրախավորել է արցախցիներին, այսինքն՝ ներկայացնում է այնպես, որ [...] ավելի շատ Հայաստանի իշխանություններից են բողոքում, քան՝ Ադրբեջանի: Սա ի՞նչ է, ի՞նչ գնահատական սրան տանք: Այսինքն՝ սա, կներեք, այս իշխանությունների պրոպագանդիստների, քարոզիչների թելն է մանում և նրանց տարածած թեզերն է իր հարցազրույցի ժամանակ տարածում», - ասաց Արցախի օմբուդսմենը:
Գեղամ Ստեփանյանը վկայակոչում է հարյուրավոր զեկույցներ ընդդեմ ադրբեջանական վայրագությունների, որ իր գրասենյակն է պատրաստել, իսկ ռուս խաղաղապահների անգործության մասին, ըստ օմբուդսմենի, Արցախի իշխանությունը խոսել է, եթե պետք է, մի անգամ էլ ինքը կասի:
«Հիմա հրապարակային ասում եմ՝ 20 թվականին Արցախ եկած խաղաղապահները, որոնք որ պետք է խաղաղություն ապահովեին, ձախողել են իրենց առաքելությունը, որի հետևանքով այսօր մենք տեղահանված ենք», - ընդգծեց Արցախի օմբուդսմենը: