Մատչելիության հղումներ

Զուգահեռ պատարագներ Գյումրիում. Յոթ Վերքում այն մատուցեց Արմավիրի թեմի քահանան (թարմացված)

Լրացված

14:45

Գյումրիի Յոթ Վերքում այսօր մոմ չվառվեց. մոմավաճառի կրպակը փակ էր:

Երեկ եկեղեցին փակվել, կնքվել և հանձնվել էր իրավապահներին, մոմավաճառը ևս ասել էր, թե բոյկոտելու է այսօրվա պատարագը, չի գալու աշխատանքի

14:15

Այսօր երեկոյան Յոթ Վերք եկեղեցում կմատուցվի ժամերգություն:

13:25

Պատարագը Յոթ Վերքում ավարտվեց: Վարչապետ Փաշինյանը հեռացավ «Արցախը Հայաստան է» և «Նիկո՛լ ջան, ցավդ տանեմ» տարբեր կողմերից հնչող վանկարկումների ներքո: Լրագրողների հարցերին նա չպատասխանեց:

13:10

Ոստիկանները հեռացրին «Ազատությո՛ւն քաղբանտարկյալ գյումրեցի սրբազաններին» մեծադիր պաստառը քաղաքապետարանի շենքից:

Քաղաքապետարանի պատուհանից այն կախել էր «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը՝ վանկարկելով «ազատություն քաղբանտարկյալներին»:

12:17

Յոթ Վերքում ընթացող պատարագի ընթացքում զեղչվեց Գարեգին Երկրորդի անունը, եկեղեցում մի քանի քաղաքացիներ աղմուկ բարձրացրին՝ վանկարկելով կաթողիկոսի ու թեմի առաջնորդ, ազատազրկված Միքայել արքեպիսկոպոսի անունները: Սրանից հետո մի աղջկա դուրս հանեցին եկեղեցուց։

12:10

Գյումրիում բերման ենթարկվեց քաղաքացի, ով փորձում էր մուտք գործել Յոթ Վերք եկեղեցի: Նրան դուրս հանեցին եկեղեցուց:

Այստեղ մատուցվող պատարագին մասնակցում են պետական պաշտոնյաները՝ վարչապետի գլխավորությամբ:

11:42

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագը մատուցում է Արմավիրի թեմի քահանա Մկրտիչ Մուշադյանը:

Շիրակի թեմի հոգևորականները ավելի վաղ հայտարարել էին, որ իրենցից որևէ մեկը չի մասնակցի պատարագին, որտեղ չեզոքացվելու է Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը:

11:38

Գյումրիի քաղաքապետարանի շենքի վրա փակցված է պաստառ՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների լուսանկարով:

Քաղաքապետարանի շենքի պատուհանից «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը վանկարկեց «ազատություն քաղբանտարկյալներին»:

11:10

Գյումրիի Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև Փաշինյանի հետ հանդիպած 8 եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաև Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:

10:50

Վարչապետը ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի ուղեկցությամբ ժամանեց Գյումրի: Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ: Ապա քայլեցին դեպի Յոթ Վերք եկեղեցի, որտեղ քիչ անց կմեկնարկի պատարագը:

10:35

«Աննախադեպ է, երբ սրբապղծության մեջ մեղադրվող բազմաթիվ մարդիկ շարունակում են վեհարանում նստած մնալ, սա իրոք աննախադեպ է և անթույլատրելի: Եկեղեցու կանոնագիրքը խախտած մարդը նստած է վեհարանում», - լրագրողների հետ զրույցում արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս իրավիճակը, երբ եկեղեցու մուտքերի մոտ բազմաթիվ ոստիկաններ են հավաքված՝ ՊՊԾ աշխատակիցներ, քաղաքացիները չեն կարողանում մուտք գործել, հերթ են կանգնում, ասաց էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Գևորգ Պապոյանը:

Նա շեշտեց, որ իրենց առաքելությունն է հեռացնել այդ մարդկանց և կանեն:

10:10

Այսօր առավոտյան իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, որը երեկ երեկոյան քահանաների՝ թղթի վրա գրված ստորագրություններով կնիքվել ու փակվել էր: Քիչ անց այստեղ պատարագ է մատուցվելու, որին ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակ տանող ճանապարհները փակ են, ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած Յոթ Վերք եկեղեցու շրջակայքում: Քաղաքացիներից ոմանք ցանկացան մտնել եկեղեցի, սակայն նրանց չթույլատրվեց:

Այստեղ են Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ:

Շիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը պատրաստվում են բոյկոտել այս պատարագը: Նրանք պատարագի կմասնակցեն Յոթ Վերքի դիմաց գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: Այս պահին այնտեղ հնչում են զանգերը:

Երեկ տարածած հայտարարությամբ Շիրակի թեմի 29 քահանաները վերահաստատել էին, որ իրենցից որևէ մեկը չի մասնակցի մի պատարագի, որտեղ չեզոքացվելու է Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը: Ավելին՝ շեշտել էին՝ եթե իրենցից բացի, որևէ մեկը պատարագ մատուցի առաջնորդանիստ եկեղեցում, դա կնշանակի Յոթ Վերքի բռնազավթում:

Գարեգին Երկրորդ վեհափառինին գահից հեռացնել ցանկացող վարչապետ Փաշինյանի պայմանն է, որ իր մասնակցությամբ պատարագներում չհնչի կաթողիկոսի անունը, ընդ որում՝ օրերս խոստովանել էր, որ այդ գործին կարող է նաև Ազգային անվտանգության ծառայությունը խառնվել:


XS
SM
MD
LG