Իրանի զինված ուժերը պատրաստ սպասում է՝ արձագանքելու ցանկացած ագրեսիայի, հայտարարել է Իրանի արտգործնախարարը Վաշինգտոնից հնչող սպառնալիքներին ի պատասխան, որ Թեհրանը պետք է շտապ բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ:
Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ անցած տարվա 12-օրյա պատերազմից քաղած արժեքավոր դասերից հետո ավելի են ուժեղացրել իրենց ռազմական կարողությունները, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են «ավելի արագ ու հուժկու արձագանքել»: Այդուհանդերձ, Իրանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը և չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հավելել է իրանցի պաշտոնյան:
«Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և իրավահավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար պայմաններով, առանց հարկադրանքի, սպառնալիքների կամ ահաբեկման, որը երաշխավորում է խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների կիրառման Իրանի իրավունքը և բացառում է միջուկային զենքի տիրապետումը», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։
Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Թեհրանին կոչ էր արել նստել բանակցությունների ու համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ ուշ չէ:
Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, որ ամերիկյան ռազմանավերի մեծ խումբ է մոտենում Իրանի ափերին և ինչպես Վենեսուելայի դեպքում՝ պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագ և, եթե պետք լինի, նաև ուժի կիրառմամբ: Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր՝ եթե բանը հասնի ուժ կիրառելուն, ապա այս անգամ ԱՄՆ հարձակումը շատ ավելի հզոր կլինի։
«Ժամանակը, սակայն, սպառվում է, սա կենսական խնդիր է։ Ես նախկինում էլ ասել եմ՝ Իրանը պետք է գնա համաձայնագրի կնքման։ Նրանք չլսեցին ինձ, ինչին հետևեցին «Կեսգիշերային մուրճ» գործողությունն ու Իրանի ահռելի կորուստները։ Հաջորդ հարվածը ավելի հզոր կլինի», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Reuters-ը գրում է, որ թեև միայն ավիահարվածներով հնարավոր չէ տապալել հոգևորական իշխանությանը, Թրամփը դիտարկում է Իրանի անվտանգության ուժերին և ղեկավարությանը թիրախային հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ նոր ցույցեր հրահրելու համար:
Axios-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայից և Իսրայելից պաշտպանության և հետախուզության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել Վաշինգտոն՝ քննարկելու հնարավոր հարվածներն Իրանին։
ԱՄՆ պետքարտուղարն էլ ասել է, որ Իրանը հիմա ավելի թույլ է, քան երբևէ, տնտեսությունն էլ փլուզման եզրին է: Մարկո Ռուբիոն կանխատեսել է, որ ցույցերը կվերսկսվեն երկրում, որի ազգային արժույթը օրերս հերթական անկումն է գրանցել՝ դոլարի նկատմամբ հասնելով պատմական նվազագույնի՝ 1,5 մլն ռիալը մեկ դոլարի դիմաց:
Կրեմլի խոսնակը կոչ է արել խնդիրը լուծել բանակցությունների միջոցով և զերծ մնալ Իրանի դեմ ուժի կիրառումից:
«Ուժի ցանկացած կիրառում կարող է միայն քաոս ստեղծել տարածաշրջանում և շատ վտանգավոր հետևանքների հանգեցնել՝ ողջ տարածաշրջանում անվտանգային համակարգի ապակայունացման առումով», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Իրանի շուրջ օղակը, սակայն, սեղմվում է: Եվրամիության արտգործնախարարները նոր պատժամիջոցներ են հաստատել իրանցի այն պաշտոնյաների դեմ, որոնք մասնակցել են ցուցարարների բռնաճնշմանը: Ավելի քան 20 անձի և կազմակերպության ակտիվները կսառեցվեն, կարգելվի նրանց մուտքը ԵՄ:
ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասն ասել է, որ դաշինքը նախատեսում է նաև ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մեծապես ներգրավված է եղել երկրում վերջին ցույցերը ցրելու գործողություններին, որոնց հետևանքով մոտ 6 հազար մարդ է սպանվել:
«Սա նրանց կդնի նույն մակարդակի վրա, ինչ «Ալ Քաիդա»-ն, «Համաս»-ը, «Դաեշ»-ը։ Եթե դու գործում ես որպես ահաբեկիչ, ապա քեզ նաև պետք է որպես ահաբեկչի վերաբերվեն», - հայտարարել է Կալլասը:
Ֆրանսիան հայտարարել է, որ կաջակցի նախաձեռնությանը: Գերմանիայի արտգործնախարարն էլ ասել է, որ սա անհրաժեշտ միջոց է՝ հաշվի առնելով, թե ինչ դաժանություններ են գործել իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ:
«Սա Իրանի ժողովրդի, մարդկության հաջողությունն է, նաև ԵՄ-ի՝ որպես արժեքների համայնքի, որն այստեղ ապացուցում է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և որ մենք դրանք պաշտպանում ենք ամենուր», - հայտարարել է Յոհան Վադեֆուլը:
Իրանի վրա Արևմուտքի ճնշմանը զուգահեռ, հարևան Թուրքիայի նախագահը Թրամփին առաջարկել է եռակողմ հանդիպում կազմակերպել Իրանի հետ՝ խնդիրը քննարկելու համար: Իշխանամետ Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թրամփը դրական է տրամադրված առաջարկին: Reuters-ը հայտնում է, որ Իրանի արտգործնախարարը վաղը կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների:
France Press-ը իր աղբյուրին հղումով հաղորդում է, որ Թուրքիան, որը մոտ 530 կմ սահման ունի Իրանի հետ, նախատեսում է լրացուցիչ տեսահսկող սարքեր և զորք տեղակայել՝ սահմանի անվտանգությունն ուժեղացնելու համար, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, և իշխող ռեժիմը տապալվի:
Մի քանի լրատվամիջոցներ էլ հաղորդում են, որ Թուրքիան քննարկում է Իրանի հետ սահմանի իրանական կողմում բուֆերային գոտի ստեղծելու հարցը, եթե իրավիճակը սրվի և փախստականների մեծ հոսք սկսվի դեպի Թուրքիա: Ընդ որում, Թուրքիան մտադիր չէ ընդունել բոլորին, այլ միայն նրանց, ովքեր շտապ օգնության կարիք կունենան:
Անկարան հերքել է բուֆերային գոտու մասին լուրը: