Չնայած ինտերնետի անջատմանը, իրավապահների ուժգնացող բռնաճնշումներին՝ հակակառավարական ցույցերն Իրանում շարունակվում են արդեն 16 օր: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ այս օրերին սպանվել է ավելի քան 500 ցուցարար, 48 իրավապահ, ձերբակալվել է 10 հազար 600-ից ավելի մարդ:
BBC-ի փոխանցմամբ՝ գիշերը ակցիաները նախորդ օրերի համեմատ ավելի քիչ ծավալով են շարունակվել՝ իրավապահների կոշտացող արձագանքի ֆոնին:
Թեհրանից աղբյուրը հայտնել է, որ մայրաքաղաքի փողոցները «լի են արյամբ», դիերն այնքան շատ են, որ բեռնատարներով են տեղափոխում: Թեհրանին մոտ տարածքում արված տեսանյութերից մեկում BBC-ն 180 դի է ֆիքսել, որոնց մի մասը սև պարկերով դրված են գետնին՝ բաց երկնքի տակ, մինչ հարազատները փորձում են նույնականացնել նրանց:
Հիվանդանոցներում և դիահերձարաններում մեծ թվով դիեր են կուտակվել: Գործակալության տեղեկություններով՝ իշխանությունները մարմինների մի մասը լուսաբացից առաջ շտապ թաղել են, ինչը դժվարացնում է նույնականացման հնարավորությունը։
Իրանում շատ աղբյուրներ հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերն անընդհատ թռչում են բազմության և բնակելի թաղամասերի վրայով՝ ցուցարարներին նույնականացնելու և հետապնդելու համար։
Ոմանք տեղեկություն ստանալու համար օգտվում են Starlink արբանյակային կապից կամ ալեհավաքներից, բայց վախենում են, որ դրանց միջոցով իշխանությունները կարող են հետևել իրենց: «Մենք նույնիսկ չենք կարող կարճ հաղորդագրություններ ուղարկել: Միայն կառավարությունն է սպառնալից հաղորդագրություններ ուղարկում մարդկանց», - ասել է BBC-ի իրանցի աղբյուրը:
Իրանի ղեկավարությունը կապվել է Թրամփի հետ և ցանկանում է բանակցել
ԱՄՆ նախագահը, որն այս օրերին քանիցս սպառնացել է միջամտել, եթե Իրանը սկսի սպանել ցուցարարներին, երեկ հայտնել է, որ Իրանի ղեկավարությունը կապվել է իր հետ և ցանկանում է բանակցել: Դոնալդ Թրամփը, սակայն, ասել է, որ ԱՄՆ-ն կարող է քայլեր ձեռնարկել նախքան իրանցիների հետ հանդիպումը։ Նա նաև նշել է, որ միջամտության մի քանի տարբերակներ են դիտարկվում, այդ թվում՝ ռազմական, սակայն չի մանրամասնել:
«Կարծես սպանվել են մարդիկ, որոնք չպետք է սպանվեին… Մենք շատ լուրջ ենք վերաբերվում միջամտությանը: Զինվորականները դիտարկում են դա, դիտարկում ենք մի քանի շատ լուրջ տարբերակներ։ Մենք որոշում կկայացնենք», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:
Թրամփը նաև ասել է, որ կխոսի Starlink ընկերության սեփականատեր Իլոն Մասկի հետ՝ հասկանալու, թե ինչ կարող են անել Իրանում ինտերնետը վերականգնելու համար:
Ըստ CBS-ի՝ Թրամփին զեկուցվել է հնարավոր ռազմական հարվածների տարբերակների մասին։ The Wall Street Journal-ն էլ, ամերիկացի պաշտոնյաների հղումով, հայտնում է, որ դիտարկվում է նաև առցանց տիրույթում հակակառավարական աղբյուրների ակտիվացումը, կիբեռզենքի օգտագործումը Իրանի զինված ուժերի դեմ կամ նոր պատժամիջոցների կիրառումը։
Թեհրանը «պատրաստ է ինչպես պատերազմի, այնպես էլ երկխոսության»
Իրանը պատրաստ է ինչպես պատերազմի, այնպես էլ երկխոսության, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Աբբաս Արաղչին ասել է, որ Թրամփի հայտարարությունից հետո ցույցերն ավելի արյունալի են դարձել: Նրա պնդմամբ՝ ցուցարարների շրջանում եղել են զինված անձինք, որոնք կրակել են թե՛ իրավապահների, թե՛ ցուցարարների ուղղությամբ:
«Թրամփի մեկնաբանությունների պատճառով այդ տարրերը, որոնք ձգտում էին քաոս ստեղծել, սկսեցին մեծացնել զոհերի թիվը՝ հույս ունենալով ԱՄՆ-ին դրդել միջամտության», - պնդել է Արաղչին:
Նախարարի հավաստմամբ՝ իրավիճակն այժմ լիակատար վերահսկողության տակ է, իսկ ինտերնետը կվերականգնվի անվտանգության մարմինների հետ համակարգմամբ: Արտգործնախարարության խոսնակն էլ հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հիմա շփումներ են ընթանում։
«Նախ պետք է գա շահը, հետո պետք է ժողովրդավարություն հաստատվի»
Այսօր ցուցարարները մտել են Կանբերայում Իրանի դեսպանատան տարածք և հանել Իրանի պետական դրոշը: Ցուցարարները, որոնք ենթադրաբար Իրանի նախկին շահի որդու, այժմ Վաշինգտոնում բնակվող Ռեզա Փահլավիի կողմնակիցներն են, փոխարենը տեղադրել են առյուծի և արևի պատկերով դրոշ, որը 1979-ի Իսլամական հեղափոխությունից առաջ Իրանի հետ ասոցացվող խորհրդանիշ է։
Իրանի պետական Press TV հեռուստաընկերության հաղորդմամբ՝ երեկ էլ ցուցարարը պատռել է Լոնդոնում Իրանի դեսպանատան դրոշը:
Իրանում իշխանության փոփոխության պահանջով երեկ մոտ 2 հազար մարդ Լոնդոնում Իրանի դեսպանատան մոտից երթով գնացել են Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայր, որտեղ ցույց են արել: Ոմանք պարզել են Ռեզա Փահլավիի լուսանկարները, որն այսօր զինված ուժերին կոչ է արել միանալ ցուցարարներին: Վտարանդի արքայազնին շատերն են տեսնում որպես երկրի առաջնորդ:
«Նախ պետք է գա շահը, հետո պետք է ժողովրդավարություն հաստատվի: Դրանից հետո բոլորը պետք է ընտրեն, թե ով է լավը», - ասում էր մի ցուցարար:
Հայտարարություններ աշխարհի տարբեր երկրներից
Մինչ Իրանում ցույցերը շարունակվում են, հայտարարություններ են հնչում աշխարհի տարբեր երկրներից: Չինաստանն, օրինակ, դեմ է արտահայտվել Իրանի ներքին գործերին «միջամտելուն», ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ «ցնցված» է բռնության մասին հաղորդումներից, և Իրանին կոչ է արել «զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից»։
Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի դեմ, Գերմանիայի կանցլերն էլ դատապարտել է բռնությունը և Իրանին կոչ է արել պաշտպանել սեփական ժողովրդին, ոչ թե սպառնալ:
«Մենք խստագույնս դատապարտում ենք Իրանի ղեկավարության կողմից իր ժողովրդի դեմ կիրառվող բռնությունը։ Այս բռնությունը ուժի նշան չէ, այլ՝ թուլության։ Բռնությանը պետք է վերջ դրվի», - ասել է Ֆրիդրիխ Մերցը:
Իրանը եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ «ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ազգային պայքարում նահատակվածների համար»: Ոչ մի խոսք ուժայինների կատարած սպանությունների մասին:
Ըստ BBC-ի՝ Իրանում այսօրվա ցույցերն էապես տարբերվում են նախորդներից: Նախ՝ անկարգությունները իսլամական հանրապետության 47-ամյա պատմության մեջ աննախադեպ մասշտաբի են հասել: Նաև ցուցարարներն առաջին անգամ առաջնորդ ունեն, թեկուզ՝ խորհրդանշական: Բացի այդ՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է ցույցերին և բազմիցս սպառնացել է միջամտել:
Ավելին, Իրանի դիրքերը որպես տարածաշրջանային տերություն խաթարվել են անցած տարի Իսրայելի հետ պատերազմից հետո, որի ընթացքում ԱՄՆ-ն ռմբակոծեց Իրանի միջուկային օբյեկտները: Ըստ վերլուծաբանների՝ Իրանը չկարողացավ այդ պատերազմից հետո բնակչության շրջանում համերաշխության և միասնության զգացում ստեղծել: