Մատչելիության հղումներ

«Ինտեր»-ը ևս մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը Մխիթարյանի հետ

Լրացված
Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտեր»-ի կազմում, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտեր»-ի կազմում, արխիվ

Իտալական «Ինտեր»-ը հայտարարել է, որ համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Թիմի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հայազգի 37-ամյա կիսապաշտպանը կմնա «Ներաձուրի»-ի կազմում ևս մեկ տարի՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

«Փորձ, առաջնորդություն, հաղթողի մտածելակերպ, անսասան հանգստություն և վերահսկողություն կիսապաշտպանությունում. չորս հաջողակ մրցաշրջաններից հետո Հենրիխ Մխիթարյանը կշարունակի իր ճանապարհը «Ինտեր»-ի հետ», - հայտարարել է Իտալիայի այս տարվա չեմպիոն ակումբը, հավելելով՝ «Ինտեր» ժամանելուց ի վեր Մխիթարյանը իր հետ բերել է հսկայական միջազգային փորձ, ակնառու տեխնիկական որակ և բացառիկ մարտավարական ինտելեկտ՝ դառնալով «Ներաձուրի»-ի կիսապաշտպանության հիմնական դեմքը:

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում նվաճած Իտալիայի գավաթով, 14-ը մայիսի, 2026թ.
Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում նվաճած Իտալիայի գավաթով, 14-ը մայիսի, 2026թ.

Հայտարարությունից ժամեր առաջ միլանյան ակումբը տեղեկացրել էր, որ դադարեցնում է համագործակցությունը չորս ֆուտբոլիստների՝ Մատեո Դարմիանի, Ֆրանչեսկո Աչերբիի, Ստեֆան դը Վրեյի և դարպասապահ Յան Զոմերի հետ։ Չորսն էլ 30-ն անց էին, և փաստացի միլանյան ակումբը վետերաններից միայն Մխիթարյանի հետ է երկարաձգել պայմանագիրը։

«Խաղի ընթացքը կարդալու նրա հասունությունը, ճկունությունը՝ կողմնորոշվելու, թե երբ է պետք դանդաղեցնել տեմպը և երբ թիմին առաջ մղել, Մխիթարյանին դարձրել են «Ինտեր»-ի անբաժանելի մասը առաջին իսկ մրցաշրջանից», - հայտարարել է միլանյան ակումբը, հավելելով՝ «Ներաձուրի»-ի մարզաշապիկով 187 խաղերում Մխիթարյանը խփել է 12 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում՝ ակումբի հետ ձևավորելով յուրահատուկ կապ, որը կշարունակվի ևս մեկ մրցաշրջան։

«Իմ գույները, իմ տունը: Մնում ենք միասին, պայքարում յուրաքանչյուր նպատակի համար: Առա՛ջ, «Ինտե՛ր», - սոցցանցում գրել է հայ ֆուտբոլիստը:

2025-26 մրցաշրջանում միլանյան ակումբը ոչ միայն դարձավ Սերիա Ա-ի չեմպիոն, այլև նվաճեց Իտալիայի գավաթը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG