Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հայտարարել է, որ կփորձի ևս մեկ տարի շարունակել ելույթները.
«Կփորձեմ մեկ տարի էլ հանդես գալ, հետո արդեն կհասկանամ՝ արդյո՞ք ժամանակն է ավարտելու կարիերաս, թե՞ ոչ և ինչով կցանկանամ զբաղվել: Դեռ չեմ կարող ասել՝ ինչով եմ զբաղվելու, որովհետև դեռ դրա մասին չեմ մտածել, չնայած, որ հնարավորությունները շատ են, բայց պետք է լավագույնն ընտրեմ ինձ համար»,- ասել է Մխիթարյանը:
Ֆուտբոլային աստղ Մխիթարյանն այսօր Երևանի «Փյունիկ» մարզաբազայում հանդիպեց պատանի ֆուտբոլիստների, ակումբի սաների հետ։ Մխիթարյանը հենց «Փյունիկ»-ում է սկսել իր ֆուտբոլային կարիերան:
«Փյունիկի» համար խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողեց իր ձեռքի և ոտքի հետքերը.
Մխիթարյանը 2022-ի մարտին հայտարարեց Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին: Միլանում «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում հայ ֆուտբոլային աստղը վերահաստատել էր իր որոշումը և նշել. «Ես կայացրել եմ այդ որոշումը՝ իմ զգացմունքներից ելնելով, ոչ մեկ ինձ չի ստիպել, ոչինչ չի եղել, այդ պահին այդպես եմ որոշել և այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ»: