«Ես որոշում եմ կայացրել իրականացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն», - այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց շուրջ ութ տարի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանին՝ նրան փոխարինելով Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանով:
Արդյո՞ք Փաշինյանը դժգոհ էր Գրիգորյանի աշխատանքից: Միանշանակ պատասխան վարչապետն այսօր չտվեց:
«Էնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ, դժգոհ եմ եղել, բայց էնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից էնքան գոհ եմ, որ համարում եմ կատարյալ», - ասաց վարչապետը:
Պաշտոնավարման անցած ութ տարիներին և հատկապես 2021-ից հետո Արմեն Գրիգորյանն ակտիվորեն ներգրավված էր հայ - ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացներում:
Ոչ վաղ անցյալում՝ 2022-ին, Գրիգորյանն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ բանակցություններում փորձում էր առաջ տանել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությանը և նրանց իրավունքներին վերաբերող հարցերը:
«Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը», - հայտարարել էր ԱԽ այժմ նախկին նախագահը:
Բաքուն, սակայն, այդպես էլ որևէ միջազգային մեխանիզմի չհամաձայնեց, մեկ տարի անց՝ 2023-ին, Լեռնային Ղարաբաղ դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախը հայաթափվեց:
Գրիգորյանի և Հաջիևի վերջին հանդիպումը՝ ընտրություններից մեկ շաբաթ անց
Պաշտոնակությունից առաջ Գրիգորյանի վերջին հանդիպումը Հաջիևի հետ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց էր՝ Դիլիջանում: Շատերին զարմացրել էր, ինչու էր Հաջիևը ընտրություններից հետո շտապել Հայաստան:
Ինչպես խորհրդարանից ամբիոնից պարզաբանել էր Փաշինյանը, Գրիգորյան-Հաջիև հանդիպման նպատակը ընտրություններից հետո ստեղծված «պատերազմի սպառնալիքը կառավարելն էր»: Դատելով Փաշինյանի այդ հայտարարությունից՝ ադրբեջանական կողմի մոտ մտահոգություններ էին առաջացրել ընդդիմադիր ուժերի ստացած շուրջ կես միլիոն քվեները:
«Եթե մենք հիմա չկառավարենք էս իրավիճակը, և ընկալում ստեղծվի, որ Հայաստանի Հանրապետությունում 500 հազար մարդ կա, որ ասում է՝ մենք պիտի Ղարաբաղի շարժումը շարունակենք, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանում», - պնդել էր Փաշինյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունման համար:
Մինչդեռ Բաքուն պարբերաբար հիշեցնում է՝ քանի դեռ Երևանն իր Մայր օրենքից չի հանել հղումը Անկախության հռչակագրին, խաղաղության համաձայնագիրը չեն ստորագրի:
Արդյո՞ք Արմեն Գրիգորյանին Դիլիջանում չէր հաջողվել փարատել ադրբեջանցի գործընկերոջ մտահոգությունները, արդյո՞ք հենց այդ հանդիպումն է ճակատագրական եղել պաշտոնանակության համար, թե՞ այլ խնդիրներ կային, պարզ չէ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր միայն տեղեկացրեց, թե Գրիգորյանին իր աշխատակազմում մնալու առաջարկ է արել, որը, սակայն, մերժվել է: Գրիգորյանը դադար է ուզում:
«Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանին՝ ես իրեն աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, ինքը ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում կարծես թե նախընտրում է պաուզա վերցնել, ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերվում», - նշեց Փաշինյանը:
Գրիգորյանն այսօր ակնհայտորեն հուզված էր
Արմեն Գրիգորյանն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Կառավարության վերջին նիստին ակնհայտորեն հուզված էր, ինքն էլ դա չթաքցրեց, իսկ իր պաշտոնավարման շրջանը տիեզերական համեմատություններով նկարագրեց. - «Իմ պաշտոնավարման շրջանը համեմատելի է, որ եթե լույսը Երկրից դուրս գար՝ էդ սկսելու ժամանակահատվածում, հասած կլիներ ամենամոտ աստղի մոտ, հետ կգար և նորից ճանապարհ դուրս եկած կլիներ»:
Արդյո՞ք Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը Գրիգորյանի օրինակով ակտիվորեն ներգրավված կլինի հայ - ադրբեջանական հարաբերությունների գործընթացում, ի՞նչ առաջնահերթություններ են դրվել Սիմոնյանի առջև այս պաշտոնում, առայժմ հստակ չէ:
ԱԺ նախկին խոսնակին երկար հանգստանալ չհաջողվեց
Ի դեպ, դատելով Ալեն Սիմոնյանի հրաժեշտի ասուլիսից՝ վարչապետ Փաշինյանը նրան Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը վերջերս է կայացրել: Քանի որ դեռ հուլիսին՝ պաշտոնը թողնելիս, Սիմոնյանի քաղաքական ապագան անորոշ էր:
«Պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը և կապրենք՝ կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի», - հայտարարել էր ԱԺ այժմ նախկին նախագահը, - «Չեմ բացառում, որ կարող է և ընդհանուր, մոտակա ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ»:
Ինչպես նա էր վստահեցրել այն ժամանակ, նոր պաշտոնի շուրջ վարչապետի հետ որևէ պայմանավորվածություն ու քննարկում չէր ունեցել:
Սիմոնյանը տակավանին անցած ամիս խոսում էր մի փոքր հանգստանալու և անձնական հարցերով զբաղվելու մասին. - «Եվ իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանամ»:
Սակայն ԱԺ նախկին խոսնակին երկար հանգստանալ չհաջողվեց: