Մատչելիության հղումներ

Բաքուն բացառում է Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմի ստեղծումը


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի բանակցությունները Բրյուսելում, 19-ը օգոստոսի, 2022թ.
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի բանակցությունները Բրյուսելում, 19-ը օգոստոսի, 2022թ.

Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին՝ նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան կրկին պնդել է, թե Բաքուն փակված է համարում հարցը: «Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան», - ասել է Հաջիևը:

Միաժամանակ, Ալիևի խորհրդականը պնդել է, թե լինելով միջազգային համայնքի «պատասխանատու անդամ»՝ Ադրբեջանը «որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին»: Դա, սակայն, կարվի բացառապես որպես «բարի կամքի դրսևորում և թափանցիկության օրինակ»:

«Ինքնիշխանությունը մեր պետության քաղաքականության կարմիր գիծն է, և միջազգային գործընկերները պետք է արդարացի այդ դիրքորոշմանը ըմբռնումով և հարգանքով մոտենան»,- շեշտել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։

Խոսելով Երևանի եւ Բաքվի միջև շփումներից՝ Հաջիևը թվարկել է Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումներում քննարկվող հարցերը՝ խաղաղության պայմանագիր, սահմանների դելիմիտացիա, հաղորդակցությունների վերականգնում, անհետ կորածների, ականների խնդրի հետ կապված հումանիտար հարցեր։

Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհել է, թե Հայաստանը չի իրականացնում ստանձնած պարտավորությունները հաղորդակցությունների բացման հարցով։

Ինչ վերաբերում է դելիմիտացիային, ապա, Հաջիևի խոսքով, այդ գործընթացը պետք է իրականացվի առանց նախապայմանների։ Ալիևի խորհրդականը որևէ բառ չի ասում այն մասին, թե արդյոք ադրբեջանական զինուժը պատրաստվում է դուրս գալ սեպտեմբերյան հարձակման ընթացքում օկուպացրած Հայաստանի տարածքներից։

Փոխարենը, նա ադրբեջանական կողմի մեկ այլ պահանջ է հնչեցրել ՝ Երևանը ութ գյուղ պետք է վերադարձնի Բաքվին։ «Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը բարձրացրել է Ղազախի շրջանի յոթ գյուղերի և Նախիջևանի մեկ գյուղի հարցը , որոնք մինչ օրս օկուպացված են», - ասել է Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ Բաքուն նկատի ունի Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը գյուղերը և Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն՝ նախկին Քյարքի գյուղը։

«Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, թե այդ տարածքներն Ադրբեջանինը չեն: Այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը պահանջում է սահմանազատման գործընթաց և կքննարկվի սահմանազատման պահանջներին համապատասխան ու դրա շրջանակում: Այդ հարցերը կքննարկվեն ու կլուծվեն», - մայիսին հայտարարում էր Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG