Մատչելիության հղումներ

Կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր. Գրիգորյան


Կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը, Հանրային հեռուստատեսության եթերում երեկ երեկոյան հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հստակ քայլեր ենք նախանշել խաղաղության հասնելու համար», - անցած ամսվա վերջին հայտարարել էր Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջևի հանդիպումը Վաշինգտոնում կազմակերպած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Թե ինչ քայլեր նկատի ուներ Բայդենի խորհրդական Սալիվանը, պարզ չէր, և ահա երկու շաբաթ անց Արմեն Գրիգորյանը խոսում է արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, բայցև հայտարարում՝ մեխանիզմների հարցում չկա հստակություն։

«Դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են: Ասեմ՝ ինչու է սա նաև տեղի ունեցել, Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար, դրա համար նաև հստակեցրել ենք այդ հարցը: Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է 1929 թվականին և կարելի է ասել Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիոն գործընթացը ավարտվեց այստեղ, մնում է մենք փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք որպես հիմք, ապահովագրենք Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը և առաջ շարժվենք», - նշել է Գրիգորյանը:

Եթե ընդամենը 4 ամիս առաջ Հայաստանցի պաշտոնյաները պնդում էին, որ խաղաղության բանակցություններ սկսելու համար կարևորում են ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման հարցը, ապա Բաքվի կտրուկ մերժումներից հետո այժմ նրանց բառապաշարից «կարգավիճակ» բառը դուրս է եկել։

Ադրբեջանի հետ բանակցող հայաստանցի պաշտոնյաները խաղաղության պայմանագրի գործընթացն ու Ղարաբաղին առնչվող հարցերը տարանջատում են, Ղարաբաղը հիշատակում են Բաքու-Ստեփանակերտ քննարկումների համատեքստում, այն դեպքում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով մերժել է այդ գաղափարը։ Ընդ որում, Արմեն Գրիգորյանը պնդում էր՝ հարցը քննարկվել է նաև Ղարաբաղի իշխանության հետ։

«Բանակցությունների մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագրով մենք կարգավորում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի մասով մենք շարունակում ենք բանակցել ինչպես մեր գործընկերների հետ, այնպես էլ բոլոր խաղացողների հետ, որպեսզի ստեղծենք միջազգային մեխանիզմ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության հարցերը քննարկելու մասով», - ընդգծել է Գրիգորյանը:

Բաքվից այսօր արդեն արձագանքել են Արմեն Գրիգորյանին։ Նրա հետ հանդիպումներ անցկացնող Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը պնդել է՝ Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող։ Ե՛վ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում ադրբեջանական կողմը հատուկ ընդգծել է՝ որևէ երրորդ կողմի հետ չի պատրաստվում քննարկել իր երկրի սուվերեն իրավունքներին վերաբերող հարցեր, Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերը կլուծվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։

Հնարավո՞ր է երկու ամսում ավարտել դելիմիտացիան

Ընդդիմադիրները հայտարարում են՝ 2 ամսում անգամ տեխնիկապես հնարավոր չէ սահմանազատում-սահմանագծում անել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նոր զիջումներ է կանխատեսում:

«Վաղը, մյուս օրը, կարող է ինքնիշխանության հարցն էլ իրենք հանեն, որովհետև պատասխանատվություն ստանձնել երկու ամսում սահմանազատել, սահմանագծել հարյուրավոր կիլոմետրեր Արևմուտքում և Արևելքում, ու Նախիջևանի հարցն էլ ադրբեջանցիք կբարձրացնեն: Այն պայմաններում, որ 20 տարի է Վրաստանի հետ մի փոքր հատված դեռ չեն կարողացել վերջնականացնել, սա ուղղակի նշանակում է գլխիկոր, վիզը ծռած անել այն, ինչ որ Ադրբեջանը պահանջում և պարտադրում է, որ իրենք անեն: Գալու է ինչ-որ մի անհասկանալի Հայաստան, որն ըստ Ալիևի, նույնիսկ սահմաններ չունի», - ընդգծեց Խաչատրյանը:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը քաջատեղյակ չէր, թե 2 ամսում ինչպես է հնարավոր մոտ 1000 կիլոմետրանոց սահմանը դելիմիտացնել ու խաղաղության պայմանագիր կնքել, բայց իշխանության հանդեպ վստահությունը մտավախության տեղ չի թողնում։

«Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները մեր պետական ազգային շահերի առումով հետնահանջ չեն ունենա և թույլ չեն տա, որ զիջումներ լինեն՝ անհիմն և անբացատրելի», - ասաց պատգամավորը:

Իսկ Արցախը՞, հարցնում են ընդդիմադիրները, հայտարարելով, խոսել Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության մասին առանց Արցախի խնդրին անդրադառնալու, վտանգավոր է Ղարաբաղի բնակչության համար։ Նրանք իշխանության վերջին պայմանավորվածությունների հիմքում հենց Արցախից հրաժարվելու գործընթաց են տեսնում։

«Հայաստանն այսօր խաղաղություն է ուզում կնքել, իսկ եթե վաղը Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սկսի, Հայաստանն ի՞նչ վարքագիծ է դրսևորելու: Խոսել Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության մասին առանց անդրադառնալու Արցախի խնդրին, անիմաստ է», - ասաց Արթուր Խաչատրյանը:

Իսկ ՔՊ պատգամավորը միանշանակ կողմ է Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը տարանջատելուն. «Իհարկե, նրանց անվտանգությունը և իրավունքները վտանգված են և դա ոչ ոք չի անտեսում, և եթե նկատել եք, բոլոր հարաբերություններում միջազգային մեր գործընկերների հետ, Հայաստանն այդ խնդիրը բարձրացնում ու սրում է: Այստեղ բավականին տևական աշխատանք կա տանելու, բայց իհարկե խաղաղության պայմանագրի կնքումը կնպաստի այդ պրոցեսին, ոչ թե կխանգարի»:

XS
SM
MD
LG