Մատչելիության հղումներ

«Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Կոնջորյան

Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուի կարգավիճակով ամբիոնին մոտեցած Հայկ Կոնջորյանից ընդդիմությունը հարցնում էր՝ «Ամեն ամիս Ձեր կինը պետական ընկերությունից՝ «Հայփոստ»-ից, 10,000 դոլար է ստանում։ Դուք կապ չունե՞ք»:

Կոնջորյանի պատասխանը անակնկալ էր.- «Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ»։

«Ազատությունն էր» պատմել Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, տարեկան ավելի քան 118 հազար դոլար է ստանում։ Երկու տարի առաջ տնօրենի պաշտոնը ստանձնել է մրցույթով, սակայն մրցութային նիստերի արձանագրությունները «Ազատությանը» չեն տրամադրվել։ Դրան վերաբերող հարցերը անպատասխան են մնում։

Ընդդիմությունը կասկած ունի, որ Կոնջորյանի միջնորդությամբ է կինը բարձր պաշտոն ու աշխատավարձ ստացել։ «Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրենի պաշտոնում և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում», հետաքննության վերնագիրը սա էր, բայց Կոնջորյանը ուշացած առաջարկ ունի.

«Հայկ Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Կամ վերնագիր, օրինակ՝ ինչքան գումար է հարկատուների կողմից վճարված վատնել Ագնեսա Խամոյանը, որպես Ազգային ժողովի պատգամավոր հինգ տարիների ընթացքում»։

Փոխնախագահի թեկնածուն պնդում է՝ պետական ընկերություն ղեկավարող իր կինը պետությունից փող չի ստանում. ««Հայփոստը» 100 տոկոսով, 100 տոկոսով ինքնաֆինանսավորվող կառույց է։ Իմ կինը և «Հայփոստի» մյուս աշխատակիցները երբևէ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստացել»,- ասում է Կոնջորյանը:

«Որ ասում եք բյուջեից չեն ստանում, պետական հիմնարկը բա ի՞նչ է, պետական հիմնարկը ի՞նչ է»,- Գեղամ Մանուկյանը, նրա թիմակից Արթուր Խաչատրյանը ոչ մի կերպ չէին պատկերացնում՝ ինչպե՞ս է հնարավոր, հատկապես, որ ընկերությունը վնասով է աշխատում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ղեկավարած Կոնջորյանը, որ հիմա էլ խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու է, իր խոսքով՝ ակտիվ խորհրդարանական, համոզված է՝ կնոջ աշխատավարձի վերաբերյալ հարցադրումը, եղբոր՝ Ավետ Կոնջորյանի հետ կապված սկանդալը միջոցներ են իրեն հարվածելու. իր դեմ կոմպրոմատ չեն գտել: Կոնջորյանի խոսքով.- «Եթե դուք ուշադիր նայեք այդ պատմություններին, այդ պատմությունների մեջ վիթխարի քանակություն ֆեյք նյուզ գոյություն ունի»

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը, սակայն հարցից ոչ մի կերպ չէր նահանջում։ Վնասով աշխատող ընկերության տնօրենի 10,000 դոլարանոց աշխատավարձը որտեղի՞ց. «Այս տարի սալոր կերե՞լ եք, ասում է՝ սալոր չեմ կերել, բայց Մարոկոյի սուլթանը պատվարժան մարդ է։ Ես Ձեզ ինչ եմ հարցնում, Դուք ինչ եք պատասխանում։ Լավ, «Հայփոստին» անդրադառնամ: Ասում են՝ 523 միլիոնի վնաս ունի։ Դուք ասում եք՝ պարտք չի վերցնում, շատ լավ, բա որտեղի՞ց է այդ վնասը փոխհատուցում։ Որտեղի՞ց, ուրեմն կա՛մ պետությունից պետք է փոխառություն ստանա, կա՛մ գնա որպես ՓԲԸ բանկից ստանա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցում ուղարկել «Հայփոստին»՝ վերադաս գերատեսչությանը, Կոնջորյանն ասաց՝ ինքը քաղաքական հարցադրմանն է արձագանքում. «Արդյո՞ք Հայկ Կոնջորյանը միջամտել է, որպեսզի իր կինը նշանակվի «Հայփոստի» տնօրեն։ Ես ոսկեղենիկ հայերենով Մեսրոպատառ, բանավոր ասեցի, որ ոչ, ես չեմ միջամտել և ես չէի կարող միջամտել»:

Ոչ մի արտառոց բան. կինը «Հայփոստում» վարչություն էր ղեկավարում, հետո էլ ընկերությունը, և ընդհանրապես, ըստ Կոնջորյանի, իր տիկինը դեռ 10 տարի առաջ էր ստանում այնքան, որքան հարց տվող պատգամավորները, իսկ որքան են ստանում ընկերության 1200 փոստատարները։ Հարցը ընդդիմադիրներից Ագնեսա Խամոյանը բարձրացրեց, ինքն էլ պատասխանեց՝ 80,000 դրամ։

«Հայփոստի տնօրենը, որը վնասով է աշխատացնում, որը վարկային միջոցներ է ներգրավում, ամսական 10,000 դոլար աշխատավարձ է ստանում, շարքային աշխատակիցը 45 անգամ պակաս աշխատավարձ է ստանում։ Դուք վերջին անգամ «Հայփոստ» ե՞րբ եք մտել, շենքային պայմանները տեսե՞լ եք։ Իսկ գիտե՞ք, որ ծառայությունները կրկնակի թանկացել է, երբ պետության կառավարմանն է հանձնվել»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը:

Թիմակցին սատարելու համար ամբիոն բարձրացավ փոխնախագահի մյուս թեկնածուն՝ Վահագն Ալեքսանյանը։ «Մարդը 30 օր, մի ամիս աշխատում է ու ստանում 10,000 դոլար, ի՞նչ կա», սա նախկինների համար թեյավճարի փող է, ըստ Ալեքսանյանի: Ընդդիմությանը հորդորեց իրենց կողքին նստած երկրորդ նախագահի որդու՝ Քոչարյանների ունեցվածքին նայել։

«Ձեր կողքի նստած մարդուց դատախազությունը պահանջում է, և իր ընտանիքից 200 միլիոն դոլարի ապօրինի գույք, 200 միլիոն դոլարը դա գիտե՞ք ինչքան է, պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան, եթե դուք 2000 տարի լինեք պատգամավոր, դուք 200 միլիոն դոլարի աշխատավարձ չեք ստանա»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:

Քվեարկությունը վաղն է։ ՔՊ-ականները Հայկ Կոնջորյանին երևի կընտրեն փոխխոսնակի պաշտոնում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG