Մատչելիության հղումներ

Հայաստանը դեռ պետք է բազմաթիվ քայլեր իրականացնի. ինչ տվեց ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, Երևան, 5 մայիսի, 2026թ.։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, Երևան, 5 մայիսի, 2026թ.։

Մայիսի 5-ի՝ պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը մեծ մասամբ խորհրդանշական բնույթ ունեցող միջոցառում էր, որի ընթացքում ցուցադրվեց դաշինքի քաղաքական աջակցությունը Երևանին։

Ե՛վ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, և՛ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մեծ ուշադրությամբ ու գովեստով խոսեցին այս փոքրիկ կովկասյան երկրի մասին՝ փորձելով կանխել նրա հնարավոր ռուսամետ շրջադարձը հունիսի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։

Կոնկրետ ձեռք բերված համաձայնությունները քիչ էին, բայց կար մեկ փոքր «արդյունք», որը կարող է հետագայում հանգեցնել քաղաքականության մեծ փոփոխության. Եվրամիությունը Հայաստանին ներկայացրեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի՝ VLAP-ի առաջընթացի առաջին զեկույցը:

Այս՝ շատ տեխնիկական փաստաթուղթը մի տեսակ հաշվետվություն է այն քայլերի վերաբերյալ, որոնք Երևանը արդեն ձեռնարկել է, բայց նաև այն մասին, թե ինչ է դեռ մնացել անելու՝ առաջիկա տարիներին այդ նպատակին հասնելու համար։

Հայաստանի համար բավականին շատ դրական նորություններ կային։ VLAP-ը երկրին տրվել է դեռևս 2025 թվականի նոյեմբերին, և վեց ամսվա ընթացքում Երևանը շատ բանի է հասել՝ ըստ ԵՄ-ի։ Հիմնական եզրակացությունը հետևյալն է․ «Հայաստանի իշխանությունները ցուցաբերել են քաղաքական հանձնառություն՝ իրականացնելու VLAP-ի շրջանակներում նախատեսվող բարեփոխումները։ Չնայած VLAP-ը Հայաստանին ներկայացվել է ընդամենը վերջերս, անհրաժեշտ բարեփոխումներից շատերն արդեն իսկ նախաձեռնվել են կամ նախատեսված են Հայաստանի իշխանությունների կողմից»։

Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, Հայաստանը կարող է հասնել վիզաների ազատականացմանը մինչև այս տասնամյակի ավարտը։ Այս առումով համեմատելու համար լավագույն օրինակը, թերևս, Վրաստանն է։ 2013 թվականի նոյեմբերին Թբիլիսին ստացավ նմանատիպ առաջին դրական VLAP զեկույցը, որին հաջորդեցին ևս երեք զեկույցներ՝ հաջորդ երկու տարիների ընթացքում, ապա՝ 2016 թվականի մարտին, Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզաների ռեժիմ սահմանել։ Բուն փաստը իրականություն դարձավ 2017 թվականի մարտին՝ Եվրախորհրդարանի և ԵՄ 27 անդամ պետությունների օրենսդրական փոփոխություններից հետո։ Արդեն շուրջ տասը տարի է՝ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն Շենգենյան գոտի մեկնել՝ պարզապես ունենալով կենսաչափական անձնագրեր։

Հայաստանի համար նմանատիպ հավակնոտ ժամանակացույցի դեպքում վիզաների ազատականացումը կարող է իրականացվել արդեն 2029-ին կամ 2030-ին։

Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է ապահովել երկու բան։ Նախ, ԵՄ բոլոր անդամ պետությունները պետք է դրան համաձայն լինեն։ Չնայած Հայաստանը, ընդհանուր առմամբ, վայելում է դաշինքի քաղաքական բարեկամությունը, անօրինական ներգաղթը մեծ խնդիր է շատ երկրներում, որտեղ պոպուլիստական կուսակցությունները ազդեցիկ են։ Սա նշանակում է, որ Երևանը պետք է քայլեր ձեռնարկի, որ ՀՀ քաղաքացիները չօգտագործեն անարգել Շենգենյան գոտի մեկնելու հնարավորությունը՝ ապաստան հայցելու համար։

Կա երկրորդ, ավելի կոնկրետ մարտահրավերը Հայաստանի համար՝ իրականացնել ԵՄ-ի կողմից պահանջվող բոլոր օրենսդրական բարեփոխումները չորս կոնկրետ ոլորտներում՝ ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգություն, սահմանների և ապաստանի կառավարում, հասարակական կարգի և անվտանգության, ինչպես նաև տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքների հարցեր։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանն արդեն իսկ առաջատար դիրքերում է ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության հարցում և «լավ առաջընթաց» է գրանցում մյուս երեք ոլորտներում։

Այդուամենայնիվ, կան բազմաթիվ քայլեր, որոնք Հայաստանը դեռ պետք է կատարի։ Հիմնական հարցերի շարքում՝ ներկայումս ստեղծվող բնակչության պետական գրանցամատյանը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին՝ տվյալների պաշտպանության և ամբողջականության հարցում, և զուգահեռաբար պետք է ստեղծվի տվյալների պաշտպանության գծով մարմին՝ «հստակ իրավական մանդատով, ինքնավար կառավարմամբ և բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներով»։ Նույն՝ ամուր իրավական մանդատով օժտված ակտիվների վերադարձի գրասենյակը նույնպես պարտադիր պահանջ է։

Հայաստանն այժմ ներդնում է կենսաչափական անձնագրեր, բայց ԵՄ-ն պահանջում է, որ հին նմուշի անձնագրերի փուլային դուրսբերումը լինի ավելի արագ։

Երևանի համար, սակայն, թերևս ամենաբարդը կլինի ԵՄ մյուս պահանջը՝ «ապահովել, որ սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ անցնի Հայաստանի իշխանությունների լիակատար պատասխանատվության ներքո», քանի որ ներկայումս դեպի Իրան և Թուրքիա անցակետերը վերահսկվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG