Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը եկեղեցիներին առնչվող իշխանական նախաձեռնությունը համարում է կաթողիկոսի դեմ արշավի մի մաս


Մայր Աթոռը կաթողիկոսի դեմ վարչապետի արշավի մաս է համարում կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների օրենսդրական նոր նախաձեռնությունը, որի ընդունման դեպքում եկեղեցիները, վանքերը անգամ մատուռները որևէ երրորդ անձի նվիրելու կամ վաճառելու համար պարտադիր կլինի կառավարության համաձայնությունը:

Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքն անցած շաբաթ միայն իշխանական պատգամավորների քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ, մոտ մեկ ամսից նախագիծն արդեն վերջնական հաստատման համար կդրվի պատգամավորների սեղանին: Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը տարակուսանքով է արձագանքում, թե ինչո՞ւ է ընդհանրապես իշխանության ներսում այս գաղափարն առաջացել:

«Չկա նման փաստ, որ Հայ առաքելական եկեղեցին սրբավայր կամ որևէ հուշարձան նվիրաբերած լինի կամ օտարած լինի: Նույնիսկ նման քննարկում երբևէ չի եղել ու չի կարող լինել, որովհետև յուրաքանչյուր սրբավայր, յուրաքանչյուր եկեղեցի ունի մեկ նպատակ՝ ծառայելու ժողովրդի հոգևոր կարիքներին», - ասաց Եսայի քահանան:

Օրենքի հեղինակը կասկածներ ունի. Թագուհի Ղազարյանը մամուլի հրապարակումներն է վկայակոչում, բայց դրանց վերաբերյալ քրեական գործեր չկան. «Կտրիճ Ներսիսյանն իր թոռներին, օրինակ, եկեղեցու գույքից բնակարան է... չհերքված, կարա հերqի, ընդ որում, Հոգևոր խորհրդի ներկայացուցիչներ են այդ մասին պատմել, որ եկեղեցու գույքերը օտարվել են, նվիրվել են, սեփականաշնորհվել են իր ընտանիքի անդամներին»:

Կամ այն, որ Մայր Աթոռը Սուրբ Գեղարդից է մասունք նվիրել ռուսական եկեղեցուն: Սակայն իր հեղինակած օրենքը չի տարածվում մասունքների, եկեղեցում պահվող սրբապատկերների, իրերի, առավել ևս Էջմիածնին պատկանող բնակարանների վրա:

«Եթե դրան գումարենք վերջին 8 ամիսների խոսույթը, որ գեներացվում է այս պահին կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում, այսինքն, տեղափոխել Մայր Աթոռի նստավայրը, Ռուսաստանից կառավարել, որևէ կերպ չի բացառվում, որ ինքը կարող է տեղափոխվել Նոր Նախիջևանի թեմ ու Նոր Նախիջևանի թեմի վրա գույքը գրանցել», - նշեց Թագուհի Ղազարյանը:

Տեր Եսային նորից հակադարձում է՝ պատգամավորի ասածն ընդամենը հիմնազուրկ ենթադրություն է. «Անհեթեթություն է, իրականում ամբողջովին անհեթեթություն են նման ձևակերպումները կամ նման եզրակացությունները»:

Մինչ օրենքն ուժի մեջ կմտնի, որոշ քահանաներ իրենք են անհանգստացած, որ էլ չեն տնօրինի իրենց ծառայությանը հանձնված եկեղեցին. շաբաթավերջից դրությունը լարված է Ոսկետափում. տեղի քահանան, որ օրերս միացել էր վարչապետ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին, ապա հրաժարվել իր իսկ հայտարարությունից, ահազանգում է, թե եկեղեցու բարերարն ու համայնքի ղեկավարը իրեն վերջնագիր են ներկայացրել՝ ազատել խորանն ու հանձնել տաճարի բանալիները:

«Ասում է՝ «ինձ թուղթ ցույց տուր, որ եկեղեցին ձերն է», ասում եմ՝ «հողի սեփականության իրավունքը Մայր Աթոռինն է, հետևաբար, ինչը հողի վրա կառուցված է, եկեղեցունն է», ասում է՝ «չէ, եկեղեցու բանալիները պիտի հանձնես ինձ», - պատմել է քահանան:

Մինչդեռ մեկ այլ դեպքով երեք ամիս է՝ Մայր Աթոռը մուտք չունի իր տնօրինման տակ գտնվող եկեղեցի. կարգալույծ հռչակվելուց հետո Հավհաննավանքի քահանան հրաժարվում է հեռանալ տաճարից, անգամ եկեղեցուց ստացած բնակարանը չի ազատում, իրավապահները չեն միջամտում:

Թալինի եկեղեցում էլ Մայր Աթոռը պարբերաբար չի կարողանում պատարագ մատուցել, Էջմիածնի գործուղած հոգևորականից շուտ ոստիկանների թույլտվությամբ խորան է բարձրանում կարգալույծ հռչակված քահանան:

Միայն կառավարության համաձայնությամբ եկեղեցիներն օտարելու նախագիծը խորհրդարանական ընդդիմության քննադատությանն է արժանացել. «Եկեղեցապաշտպանության ու աստվածավախության դիմակի շղարշի տակ ընդամենը գրոհ է եկեղեցու դեմ»:

Ըստ նոր օրենքի՝ գործադիրը երկու ամսում քննելով եկեղեցին օտարելու դիմումը կարող է և մերժել այն՝ պատճառաբանելով, որ, օրինակ, կա տաճարը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հանրության շահերին դեմ են: Թե մասնավորապես ինչ է սա նշանակում՝ օրենքի հեղինակները չեն մանրամասնել՝ թողնելով, որ հետագայում կառավարությունը սահմանի այդ կարգը:

Մայր Աթոռի շուրջ 900 գույքից մոտ 360-ն են եկեղեցի:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG