Եվրամիության վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկից շուրջ մեկուկես տարի անց Երևանում դեռ դժվարանում են անգամ մոտավոր ժամկետ ասել՝ վերջապես ե՞րբ հայաստանցիները կազատվեն վիզայի թղթաբանական քաշքշուկներից, ամիսների հերթերից ու ծախսերից:
Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, սակայն, աշխատանքի տեմպից գոհ է, Հայաստանն արդեն ստացել է գործողությունների ծրագիր:
«Բավականին ակտիվ աշխատանքներ են իրականացվում, մենք գործողությունների ծրագիրը ստացանք երկխոսության մեկնարկից մեկ տարի անց, դա բավականին լավ տեմպի մասին է խոսում: Հիմա մեր ջանքերից է կախված, թե ինչ արագությամբ կկարողանանք իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք նախանշված են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում», - ասաց Ղազարյանը:
«Ազատության» հարցին, թե մոտավորապես քանի՞ տարվա մասին է խոսքը, փոխնախարարը պատասխանեց. «Ժամկետ թույլ տվեք չնշել, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան համապարփակ են բարեփոխումները: Պետք է դրանք բոլորն էլ իրականացվեն»:
Իշխանությունների սեղանին դրված 74 կետանոց ծրագիրը ներառում է բարեփոխումներ կենսաչափական անձնագրերի ներդրումից մինչև սահմանների և միգրացիայի համալիր կառավարում, նաև ներքին ժողովրդավարական ռեֆորմներ՝ կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության բացառում, հանրային անվտանգություն:
«Նույնիսկ ազատականացման երկխոսությունից դուրս այնպիսի բարեփոխումներ են նախանշված, որ Հայաստանի դիմակայունության, Հայաստանի բարեփոխումների օրակարգի համար խիստ կարևոր են, դրա համար մենք չենք զոհի որակը ժամանակի համար, բայց վստահեցնում եմ, որ կիրականացնենք որակյալ բարեփոխումներ հնարավորինս արագ տեմպերով», - ասաց Արմեն Ղազարյանը:
Հայաստանը մեկ անգամ տապալել է բիոմետրիկ՝ կենսաչափական անձնագրերի ներդրումը, 2017-ին ավարտվեց դրանք սպասարկող լեհական ընկերության հետ պայմանագիրը, պարզվեց այդ անձնագրերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
«Թվում է, թե Հայաստանում ներդրված էր և՛ նույնականացման քարտերի համակարգ , և՛ բիոմետրիկ անձնագրերի համակարգ, բայց ըստ էության մեր նախկինում ունեցած համակարգերը ժամանակակից պայմաններում այլևս ոչ միայն մրցունակ չեն, այլև գործունակ չեն», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիմա գործարկվելու են կենսաչափական նոր անձնագրեր, դա Եվրամիության հետ վիզաների ազատականացման գլխավոր պայմաններից է: Ըստ նոր ժամանակացույցի՝ հայաստանցիները ժամանակակից անձնագրեր կսկսեն ստանալ այս տարվա կեսից, Ներքին գործերի փոխնախարարը համոզված է՝ այս անգամ ամեն ինչ հարթ կընթանա:
Արդյոք սահմանների համալիր կառավարման Եվրամիության մոդելին անցնելու համար խոչընդոտ չէ՞ Հայաստանի սահմաններին ռուսների ներկայությունը, Բրյուսելում չունե՞ն մտավախություն, որ միասնական տվյալները նաև Մոսկվա կհասնեն:
«Մեր խոսակցություններում Եվրոպական միության գործընկերների հետ շեշտադրումները հետևյալն են՝ պետք է ունենալ սահմանների համալիր կառավարման համակարգ, որն իրենից ենթադրում է ինչպես ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավում, տվյալների համակարգերի ամրապնդում, համապատասխան կարողությունների զարգացում աշխատակիցների շրջանում, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցություն: Կարևոր է ունենալ սահմանների համալիր կառավարումը, մենք Եվրամիության գործընկերներից ստացել ենք այդ ազդակը», - նշեց փոխնախարարը:
Այդուհանդերձ, անգամ բոլոր բարեփոխումներն արագ ավարտին հասցնելու դեպքում վիզաների ազատականացումը դեռ երաշխավորված չէ. Եվրոպական միությունը նաև քաղաքական բաղադրիչ է տեսնում այստեղ, օրինակ, հիմա Վրաստանին սպառնում են զրկել ազատ վիզային ռեժիմից՝ ժողովրդավարական հետընթացի պատճառով: Բացի այդ, միության անդամ 27 երկրները պետք է կանաչ լույս վառեն, իսկ Երևանի հետ որևէ խնդրի դեպքում, առնվազն կարող են ձգձգել գործընթացը, ինչպես դա անում էր, օրինակ, Հունգարիան Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո օժանդակություն տրամադրելիս:
«Առնվազն այն տրամադրվածությունը, որը մենք տեսնում ենք Եվրամիության գործընկերների կողմից, այն տեմպը, որ մենք տեսնում ենք Եվրամիության գործընկերներից ու այն աշխատանքը, որ գրեթե ամենօրյա կոմունիկացիայի մեջ մեզ հետ իրականացնում են, լավատեսության ամբողջական հիմքեր են տալիս մեզ: Կարծում եմ, որ առանձնապես մեծ խոչընդոտներ պետք է մենք չունենանք», - ընդգծեց Ղազարյանը:
Արտգործնախարարությունում այս լավատեսությունն ավելի մեծ էր բանակցությունների մեկնարկին, հույսեր էին հնչում գործընթացն ավարտել երկուսից երեք տարում: Եվրամիության հետ վիզաների ազատականացման ճանապարհը, սակայն, Հայաստանի նման երկրների համար երկար է տևել՝ Մոլդովայի դեպքում 3-4 տարի, Վրաստանից 5 տարի է պահանջվել, Ուկրաինայից՝ 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են:
Մինչ այդ չի լուծվում դեսպանատներում հերթերի հարցը, տարեվերջին Գերմանիա այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Բեռլինում ստացած հավաստիացումը, որ առնվազն այս երկրի դեպքում հունվարից այլևս հերթեր չեն լինի:
Արմեն Ղազարյանը հիշեցնում է, որ Երևանն իրավունք չունի միջամտել դեսպանատների գործերին. «Ինչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը, դա հորդորելն է իր եվրոպական գործընկերներին բարելավել այդ համակարգերն ու թողունակություն ավելացնել, ինչն էլ արվել է»:
Անցած տարի նույն Գերմանիայի վիզայի համար հերթերը հասնում էին մինչև ինն ամսվա: